«Հայ-թուրքական սահմանը կարող է բացվել առաջիկա երկու տարում». Ստանիսլավ Տարասով
Մեր զրուցակիցն է ռուսաստանցի վերլուծաբան, Regnum լրատվական գործակալության
Արևելյան խմբագրության ղեկավար Ստանիսլավ Տարասովը
– Պարոն Տարասով, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է, որ ԵՏՄ-ն դարձել է անհրաժեշտ նախագիծ, չնայած առևտրաշրջանառության նվազմանը` միության նկատմամբ կա հետաքրքրություն, այդ թվում` Թուրքիայի կողմից։ Հաշվի առնելով ռուս-թուրքական տնտեսական ծրագրերը, Վլադիմիր Պուտինի մասնակցությունը Ցեղասպանության ոգեկոչման երևանյան արարողություններին և Թուրքիայի` ՌԴ-ին ուղղված կոշտ գնահատականները, որքանո՞վ է իրատեսական խոսել այս հեռանկարի մասին, որով հետաքրքրված է Ղազախստանը և խոսել է մշտապես։
– Նազարբաևը ոչ միայն դա է ասել բազում անգամներ, այլև այն, որ Թուրքիան կարող է Շանհայյան համագործակցության կազմակերպության մաս դառնալ։ Տպավորություն կա, որ նա հանդես է գալիս Թուրքիայի` ԵՏՄ անդամակցության լոբբիի օգտին, ինչը կարծես թե հնարավոր է դառնում։ Իսկապես ԵՏՄ անդամները, բացի Հայաստանից, որը նորմալ հարաբերություններ չունի Թուրքիայի հետ հասկանալի պատճառներով, երկկողմ լավ հարաբերություններ ունեն Թուրքիայի հետ։
Ռուսաստանի և Թուրքիայի միջև հզոր պրոյեկտների շուրջ պայմանավորվածություններ են ձեռք բերվում, առևտրաշրջանառությունն է մեծանում, Թուրքիայի և Ղազախստանի հարաբերությունները ևս ավանդաբար զարգացած են եղել և այսօր ևս զարգանում են, Բելառուս-Թուրքիա հարաբերություններն էլ վատ չեն։ Խոսքն այն մասին է, որ կա միասնական արժույթին անցնելու հարցը, որը հնարավոր է տարեվերջին, բայց Թուրքիան չի համաձայնի նման պայմանների, այսինքն` Թուրքիան չի կարող դառնալ ԵՏՄ լիիրավ անդամ, իսկ այլ տարբերակներ կարող են լինել։
Օրինակ` Թուրքիան կարող է միանալ ԵՏՄ ազատ առևտրի գոտուն, դա հնարավոր է, դա ենթադրում է արտոնյալ մաքսային ռեժիմներ, հատուկ ծրագրերի իրականացում և այլն։ Սա շատ կարևոր է հենց ԵՏՄ-ի ապագայի համար։ ԵՏՄ-ի միջոցով կարելի է լուծել Հայաստանի և Թուրքիայի խնդիրները, քանի որ երկկողմ հարաբերություններում դա չի հաջողվում։ Խոսքը ԵՏՄ-Իրան, ԵՏՄ-ասիական երկրներ հարաբերությունների նախադեպը Թուրքիայի դեպքում կիրառելու մասին է։ Բարենպաստ հեռանկարներ են բացվում։
– Հետաքրքրական է, որ խոսում եք Թուրքիա-ԵՏՄ ազատ առևտրի գոտու պայմանագրի մասին, երբ Հայաստանը ԵՏՄ անդամ է, և Հայաստանի և Թուրքիայի սահմանները փակ են։ Դա խոչընդոտ չէ՞։
– Հայաստանը` որպես ԵՏՄ լիիրավ անդամ, կարող է խանգարել թուրքերին միանալ ԵՏՄ-ին, առավել ևս` ազատ առևտրի գոտի զարգացնելիս։ Հայաստանը ցանկության դեպքում կարող է խոչընդոտել Թուրքիային, բայց ես չեմ կարծում, թե Հայաստանը կցանկանա։ Պատահական չէ, որ շեշտում եմ, որ կդիտարկվի Թուրքիա-ԵՏՄ յուրաքանչյուր անդամ երկրի հետ առանձնահատուկ հարաբերությունների հարցը։
Ես կարծում եմ, որ առաջիկա մեկուկես, ամենաշատը` երկու տարում մենք ունենալու ենք Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորում և հայ-թուրքական սահմանի բացում։ Ամեն ինչ գնում է դրան։ Այն բանից հետո, երբ Թուրքիան միայնակ մնաց Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումների ֆոնին, Թուրքիան չի կարողանա դիմագրավել ճնշումների նման ռեժիմի, ուստի փորձելու է Հայաստանի հետ համագործակցության եզրեր փնտրել։ Կա, իհարկե, ադրբեջանական գործոնը, բայց ես գտնում եմ, որ կողմերը դրական հանգուցալուծման են գալու։
– Պարոն Տարասով, օրերս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանը կարող է հայ-թուրքական հարաբերություններում միջնորդական առաքելություն ստանձնել, քանի որ կարգավորումը հասունացել է։ Հաշվի առնելով ռուս-թուրքական տնտեսական պրոյեկտներն ու այն հանգամանքը, որ ուկրաինական ճգնաժամի հետևանքով աճել է Թուրքիայի դերակատարությունը Ռուսաստանի համար, Հայաստանում մտավախություններ կան, որ Ռուսաստանը` ի հաշիվ Հայաստանի, զիջումների կգնա` վտանգի տակ դնելով իր ռազմավարական դաշնակցի շահերը։ Այդ միջնորդությունն ինչի՞ վրա կարող է հիմնվել։
– Ինչո՞ւ Լավրովը չպետք է հետաքրքրված լինի կարգավորմամբ, չէ՞ որ Հայաստանը ԵՏՄ անդամ է։ Երբ Հայաստանը դեռ ԵՏՄ անդամ չէր, կարելի էր խոսել հայ-թուրքական լոկալ հարաբերությունների մասին, բայց, փաստորեն, Արաքսի վրա լինելու է ԵՏՄ-Թուրքիա սահմանը, դա երկու կարգավիճակ ունեցող սահման է դառնալու, բայց ԵՏՄ-ի նման պրոյեկտների պայմաններում Հայաստանի և Թուրքիայի լոկալ հարաբերությունների մասին կարելի է խոսել միայն երկրորդ հերթին։
Բայց սա չպետք է ընկալել` որպես Հայաստանի ինքնիշխանության նվաստացում, Ռուսաստանն էլ իր հերթին` չի կարող Թուրքիայի հետ հարաբերություններ զարգացնել` ի վնաս Հայաստանի։ Սա է միությունը։ Ինչո՞ւ հավաքվել միությունում, եթե այդ միությունը կազմող երկրները միասնական խնդիրներ չեն դնում։ Եթե Ռուսաստանը ցանկանար ի վնաս Հայաստանի ինչ-որ բան անել, կաներ շատ ավելի վաղ։ Հիմա, ինչպես ասում են, գնացքն արդեն գնացել է։
– Պարոն Տարասով, լարված է իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում։ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումներից հետո Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն փորձել է ակնարկներով հանդես գալ` ՌԴ-ի և Ֆրանսիայի նախագահներին հիշեցնելով իրենց դերը ԼՂ հակամարտության գոտում, ասելով, որ նրանց այցը Հայաստան կասկածի տակ է դնում նրանց չեզոքությունը` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներ։ Սա չի՞ նշանակում արդյոք, որ կարող է լարվածությունն աճել ԼՂ հակամարտության գոտում, միգուցե Ադրբեջանը` Թուրքիայի հրահրմամբ, էլ ավելի մեծացնի լարվածությունը ԼՂ հակամարտության գոտում։
– Ի՞նչ ուղիղ կապ ունի Թուրքիան ԼՂ հակամարտության հետ։
– Բայց չէ՞ որ այս երկրները համագործակցում են միմյանց հետ, Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունները պայմանավորում է ԼՂ հակամարտությամբ, որին ի պատասխան` հայկական կողմն ամեն առիթով պնդում է, որ հայ-թուրքական հարաբերությունները պետք է կարգավորվեն առանց նախապայմանների։
– Այո, դա այլ հարց է։ 2009թ. Հայաստանն ու Թուրքիան ստորագրեցին արձանագրություններ, որոնցում խոսք չկար Ղարաբաղի մասին, հետո Թուրքիան ադրբեջանական ճնշումների ներքո հրաժարվեց այդ արձանագրությունների վավերացումից։ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի կոնֆերանսի անդամ պետություն է, բայց համանախագահ չէ, Ադրբեջանը ցանկանում է թուրքական կողմին ներգրավել բանակցային գործընթացում` որպես համանախագահ երկիր։
Ադրբեջանական կողմին թվում է, թե բոլոր համանախագահ երկրները հայամետ քաղաքականություն են վարում։ Սա սպեկուլյատիվ մի քաղաքականություն է։ Թուրքիան ԼՂ հակամարտության հետ կապ չունի։ ԼՂ հակամարտությունը կարող է կարգավորվել երկու մակարդակում` Երևան-Բաքու բանակցային ձևաչափով կամ Երևան-Ստեփանակերտ-Բաքու, հավելյալ ձևաչափը Մինսկի խումբն է, որը գագաթաժողովներ, այսինքն` նախագահական հանդիպումներ է գումարում։ Պետք է հստակեցնել, թե կողմերն ընդունո՞ւմ են Մադրիդյան սկզբունքները` որպես բանակցությունների հիմք, թե՞ ոչ, կամ վերջին հանդիպումների ժամանակ ի՞նչ սկզբունքների մասին են բանակցում։
Եթե դա հստակ չէ, ապա կարելի է պատկերացնել, որ նախագահներն իրար հանդիպելիս նարդի են խաղում կամ հայկական կոնյակ վայելում։ Թեև մենք գիտենք, որ այդպես չէ, կան կոնկրետ քննարկումներ, որոնց մասին կողմերը դեռ լռում են, մենք այդ մասին ապագայում կիմանանք։ Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա հիմա մի այնպիսի տպավորություն է, որ ոչ թե հայերին, այլ թուրքերին է պետք բացել սահմանը Հայաստանի հետ։ Իսկ թուրքերը պրագմատիկ են, եթե նրանք զգան, որ զգալի կորուստներ են ունենալու սահմանների փակ լինելուց, նրանք առաջինը կսկսեն քայլեր իրականացնել հայ-թուրքական սահմանների բացման ուղղությամբ։