
Թուրք պատվիրակներից մեկը ոտքի է կանգնել և հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը

ԵԽԽՎ լիագումար նիստը զուգադիպել է ապրիլի 24-ի հետ և այդ պատճառով է, որ ԵԽԽՎ նախագահը չէր կարողացել այցելել Հայաստան՝ Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին մասնակցելու համար: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանը՝ ամփոփելով հայկական պատվիրակության աշխատանքները ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի ժամանակ:
Նաղդալյանը շեշտեց, որ ԵԽԽՎ նախագահը ՀՀ-ում էր մեկ շաբաթ առաջ: Ըստ նրա՝ հայ խորհրդարանականներն ակտիվ և միասնական մասնակցել են նստաշրջանի աշխատանքներին և քաղաքական խմբերում կարողացել են ավարտուն կերպով ներկայացնել Ցեղասպանության 100-րդ տարելիցը, տարածել հայտարարություն, կազմակերպել ցուցահանդես և այլն. «ԵԽԽՎ-ի համար բացառիկ է այն, որ 141 երկրներից 170 պատվիրակներ են ստորագրել հայտարարության տեքստի տակ»:
Հ.Նաղդալյանի խոսքով՝ Լ.Զուրաբյանի առաջարկով պատվիրակները ոտքի են կանգնել ու հարգել Ցեղասպանության զոհերի հիշատակը՝ բացի թուրքական պատվիրակությունից: Սակայն, ըստ նրա, թուրքերից մի հոգի այնուամենայնիվ ոտքի է կանգնել: