ԱՄՆ-ից ճանաչում պահանջելը Հայաստանի քաղաքական ոչ հասուն մտքի հետևանք է. Սասունյան
«ԱՄՆ-ում ճանաչման պայքարը պետք է դադարեցնել»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանը` անդրադառնալով Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կողմից «ցեղասպանություն» եզրույթի օգտագործման-չօգտագործման վերաբերյալ քննարկումներին և գնահատականներին: Հարութ Սասունյանը զարմանում է, որ մինչ այսօր ԱՄՆ-ի դեպքում քննարկվում է «ԱՄՆ-ը ճանաչե՞լ է Հայոց ցեղասպանությունը, թե՞ ոչ» հարցը:
Նրա համոզմամբ` այն ամենը, ինչ արվել է Հայաստանի կողմից ԱՄՆ-ում Ցեղասպանության ճանաչման ուղղությամբ, բավարար է, այլևս պետք չէ շարունակել: Բանախոսն ասաց, որ ԱՄՆ-ը արդեն ճանաչել է, ուստի երկրորդ, երրորդ անգամ մեզ ԱՄՆ-ի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչում պետք չէ: «60-65 տարի վատնել ենք ԱՄՆ-ում՝ հետապնդելով ճանաչում: 1951 թվականից ակտիվ պայքար ենք մղել, հասել ենք 1975 թվականին, երբ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը մի բանաձև ընդունեց միաձայն՝ 435 կոնգրեսմենների կողմից: Բանաձևում ամրագրված էր, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: 1975 թվականին ԱՄՆ-ի կողմից ստանում ենք երկրորդ ճանաչում: Այդտեղ էլ չենք կանգնում, շարունակում ենք մեր պայքարը, հասնում ենք 1981 թվականին, երբ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը նախագահական հռչակագիր ստորագրեց Հայոց ցեղասպանության մասին` կիրառելով հենց «ցեղասպանություն» եզրույթը: Ի դեպ, դա ելույթ չէր, ճառ կամ հարցազրույց: Այսինքն` ԱՄՆ-ում մի քանի մակարդակներով մենք ճանաչում ունենք և ունեցել ենք 34 տարի առաջ: Ուրեմն այս ամենից հետո ևս մենք շարունակում ենք ճանաչման պայքարը: 1984 թվականին ևս նոր բանաձև է ընդունվում Կոնգրեսում, որ ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: Չեմ հաշվում այն բոլոր բանաձևերը, որոնցում օգտագործվում են այլ տերմիններ, ինչպիսին ջարդն է կամ արտաքսումը: Միայն «ցեղասպանություն» բառն է, որն իրավական հետևանք ունի, մյուս բառերը կապ չունեն իրավական ձևակերպումների հետ: Ամփոփեմ, որ ԱՄՆ մակարդակով ունենք ճանաչումներ:
Վերջին տարիներին դաշնային մակարդակով դատարանների մեջ երեք անգամ որոշում են ունեցել՝ ի օգուտ հայկական կողմերի: ԱՄՆ 43 նահանգ բանաձև է ընդունել՝ ճանաչելու Ցեղասպանությունը, ունենք նահանգապետեր, քաղաքապետեր հարյուրներով, որոնք ճանաչել են մեր Ցեղասպանությունը: Այդքան ճանաչումն ի՞նչ պետք է անենք: Մենք շարունակում ենք ասել, որ ԱՄՆ-ը չի ճանաչել»,- մանրամասն ներկայացրեց Հարութ Սասունյանը: Նա փորձեց Կիպրոսի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը համեմատել նույն գործընթացի հետ ԱՄՆ-ում: Սասունյանը հիշեցրեց, որ Կիպրոսը ճանաչել է իր խորհրդարանների պալատներից մեկի միջոցով: Ուստի, նրա համոզմամբ, եթե դա է չափանիշը, նույնը պետք է կիրառել ԱՄՆ-ի դեպքում ևս: «Շատ ավելի ընդարձակ ճանաչում ունենք ԱՄՆ-ի կողմից, քան այլ երկրների, ինչո՞ւ ենք շարունակում պահանջել ճանաչում»,- զարմանք հայտնեց Հարութ Սասունյանը:
Հարցին, թե, ըստ նրա, ի՞նչ պատճառներ են ընկած շարունակական ճանաչման պահանջի հիմքում, նա պատասխանեց, որ պատճառները մի քանիսն են: Առաջինը, նրա խոսքով, այն է, որ շատերն անտեղյակ են, որ ԱՄՆ-ը մի քանի մակարդակով ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, անտեղյակ են նույնիսկ Սփյուռքի և Հայաստանի ղեկավար դեմքերը: Բայց, Սասունյանի կարծիքով, ծածուկ, գաղտնի գործընթացներ չէ, որ եղել են, պարզապես ՀՀ ղեկավարները հիշում են, թե ինչ է եղել այսօր կամ երեկ: Երկրորդ պատճառը, Սասունյանի համոզմամբ, այն է, որ սկսել են ճանաչման ընթացք, և ինչ էլ պատահի՝ շարունակում են իրենց իմացածը, քանի որ, եթե ճանաչման աշխատանք չտանեն, ի՞նչ պետք է անեն:
«Արդեն մասնագետների աշխատանք պետք է իրականացնենք, ոչ թե քաղաքական դեմքերի և կուսակցությունների, իրավական դաշտում կմնա խնդրի կարգավորումը, այնինչ մարդիկ իներցիայով շարունակում են նախորդ գործընթացները»,- նկատեց Սասունյանը: Երրորդը, բանախոսի կարծիքով, այն է, որ ՀՀ ամբողջ պատմության ընթացքում չեն եղել փայլուն քաղաքական միտք ունեցող ղեկավարներ: Այսինքն, ըստ նրա, ունեցել ենք փայլուն ամեն ինչ, բայց ոչ՝ քաղաքական հասունություն և միտք: «Միշտ եղել ենք ուրիշների հետ թշնամության մեջ, քանի որ քաղաքական հասունություն չենք ունեցել: Այսօր էլ չունենք քաղաքական փայլուն միտք և շարունակում ենք այն, ինչ չպետք է անենք, չանելով այն, ինչ պետք է անենք»,- ցավով նշեց Հարութ Սասունյանը:
Մեկ այլ լրագրողի հարցին, թե ինչո՞ւ է ճանաչման պայքարը շարունակվում հենց ԱՄՆ-ի դեպքում, երբ արդեն կա ճանաչում, Սասունյանը պատասխանեց, որ ոչ մի պատճառ չկա, քանի որ ԱՄՆ-ը շատ ավելի առաջ է գնացել, քան Կիպրոսն ու այլ երկրներ: «Նույնիսկ ԱՄՆ-ը եթե վաղը բանաձև ընդունի, կամ Օբաման ասեր՝ «Ցեղասպանություն», հետո ի՞նչ` նորից պետք է շարունակե՞նք պնդել, որ հաջորդ նախագահը նորից ասի՝ «Ցեղասպանություն», ինչո՞ւ ենք անում այն, ինչ արվել է ավելի վաղ: Քաղաքական ոչ հասունության արդյունք է այս բոլորը»,- ասաց Սասունյանը: