Մենք դատապարտում ենք 1915թ. դեպքերի վերաբերյալ ԱՄՆ նախագահի միակողմանի հայտարարությունը. Թուրքիայի ԱԳՆ

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ` Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հայտարարությունը, որում նա, սակայն, հերթական անգամ խուսափել էր «ցեղասպանություն» եզրույթը կիրառելուց.

«Ցավով ենք նշում, որ 2015 թվականի ապրիլի 23-ին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի արած հայտարարությունը շատ հեռու է հայերի ու թուրքերի համատեղ պատմության ցավոտ հատվածի վերաբերյալ արդար հիշողության հիման վրա գնահատականից:

Նսախագահ Ռեջեփ Էրդողանը վարչապետ հանդիսացած ժամանակ 2014 թվականի ապրիլի 23-ին, իսկ վարչապետ Ահմեթ Դավութօղլուն 2015 թվականի հունվարի 20-ին և 2015 թվականի ապրիլի 20-ին հղել են ցավակցական ուղերձներ, ինչն ի ցույց է դնում այդ թեմայի շուրջ Թուրքիայի դիրքորոշումը:

Այդ ուղերձներում հարգանք է ցուցաբերվում օսմանյան հայերի կրած կորուստների նկատմամբ և սրտանց կոչ է արվում կառուցել համատեղ ապագա:

Մենք դատապարտում ենք 1915 թվականի դեպքերի վերաբերյալ ԱՄՆ նախագահի միակողմանի հայտարարությունը և մերժում ենք դրանց իրավական գնահատականի հանդեպ յուրաքանչյուր խտրական ու կանխակալ մոտեցում»:

Տեսանյութեր

Լրահոս