Քիչ հետո հնչելու է եկեղեցու 100 ղողանջ

Այս պահին ընթացող Սրբադասման արարողության ընթացքում սպասվում է հայրապետական հատուկ հռչակման բանաձև, որով 1915 թվականի ցեղասպանության զոհերը հավաքականորեն հռչակվելու են հայոց եկեղեցու նահատակ սրբեր: Սրբադասմամբ հայ եկեղեցին չի նշում 1,5 միլիոն զոհերի թիվը, ոչ էլ առանձնացնում է նահատկված անհատների անուններ, այլ հռչակում է նրանց հավաքական նահատակությունը, որ կատարվեց հանուն հավատի եւ հանուն հայրենիքի:

Նույն հռչակման բանաձևով այսօր նաև կհայտարարվի, թե եկեղեցական տոնակարգում որ օրն է առանձնացվելու իբրև  հայոց ցեղասպանության սրբացած զոհերի հիշատակի օր:

Սրբադասման առթիվ, ինչպես տեղեկացրեց Սրբադասման հանձնախմբի անդամ Բագրատ եպս. Գալստանյանը, ընտրվել է Մեծի Տանն Կիլիկիո միաբաններից լուսահոգի Զարեհ արքեպիսկոպոս Ազնավուրյանի հեղինակած «Ապրիլյան նահատակներին» նվիրված շարականի կանոնը`իր  բոլոր միավորներով: Շարականը բազմաձայնել է ժամանակակից կոմպոզիտոր Երվանդ Երկանյանը:

Սրբադասման արարողության ժամանակ քիչ հետո հանդիսավորությամբ օծվելու են օրվա խորհուրդը նշող սրբապատկերները: Ցեղասպանության սրբադասված զոհերին նվիրված սրբապատկերները այսօր ի ցույց կդրվեն ժողովրդին. նրանցից մեկի հեղինակը Տիգրան Բարխանաջյանն է, մյուսինը` Լևոն Զաքյանը: Ինչպես տեղեկացրեց Բագրատ սրբազանը, սրբապատկերները աղոթքի տրամադրող և հարության խորհուրդն ունեն եւ արյունալի տեսարաններ չեն պարունակում:

Կաթողիկոսների պատգամներից և սրբադասման արարողության ավարտից հետո   հնչելու է եկեղեցու 100 ղողանջ, որին հաջորդելու է լռության րոպե: 100 ղողանջ է հնչելու ոչ միայն Հայաստանի ու աշխարհի հայկական եկեղեցիներում, այլև` շատ այլ եկեղեցիներ նույնպես ցանկություն են հայտնել միանալու և հնչեցնելու խորհրդանշական ղողանջները:

 

 

Տեսանյութեր

Լրահոս