«Թուրքիայի ճանաչումը կարող է մեծ դեր ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման համար». Իրավապաշտպան
Երեկ Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան (FIDH), Քաղաքացիական հասարակության ինստիտուտը (Հայաստան), Մարդու իրավունքների ասոցիացիան (Թուրքիա) և Մարդու իրավունքների հիմնադրամը (Թուրքիա) հրապարակել են Համատեղ հռչակագիր՝ «Հայոց ցեղասպանությունից 100 տարի անց. Հիշատակի և արդարադատության մանիֆեստ» վերտառությամբ:
Քաղաքացիական հասարակության ինստիտուտի նախագահ, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի գլխավոր քարտուղարի տեղակալ Արտակ Կիրակոսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով համատեղ հռչակագրին՝ ասաց, որ փորձել են դրանում անդրադառնալ բոլոր առկա հարցերին, մասնավորապես՝ Ցեղասպանության ճանաչման, սահմանների բացման խնդիրներին և ժխտողական քաղաքականությանը:
«Ինձ համար կարևոր է, որ մեր կազմակերպություններն իրավապաշտպան կազմակերպություններ են, և Ցեղասպանությունն ինձ համար առաջինը մարդու իրավունքների խնդիր է, մնացած քաղաքական շահարկումներն իրենց դերն ունեն, բայց այդ շեշտը, որ մարդու իրավունքների կազմակերպություններն են անում, շատ կարևոր է»,- ասաց իրավապաշտպանը՝ ընդգծելով, որ պետք է ոչ միայն դատապարտել եղածը, այլև քայլեր կատարել, որպեսզի նման երևույթներ չլինեն նաև ապագայում:
Ա. Կիրակոսյանը նշեց, որ իրենց հռչակագրում նաև կոչ կա Հայաստանի և Թուրքիայի իշխանություններին՝ միանալ Միջազգային քրեական դատարանին, միանալ այն բոլոր քայլերին, որոնք ուղղված են ցեղասպանությունները դատապարտելուն. «Այսօր, ցավոք, էլի հանցագործություններ են կատարվում»:
Իրավապաշտպանը համոզված է, որ Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչումը նաև էական դեր կունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների վրա: «Շատ ստերեոտիպեր, տարբեր տեսակի նախապաշարումներ, որ ունեն Ադրբեջանում Հայաստանի և հայերի նկատմամբ, նաև հիմնված է այդ ժխտողական քաղաքականության վրա: Ես կարծում եմ՝ առաջին հերթին՝ Թուրքիայի ճանաչումը կարող է մեծ դեր ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավման վրա»: