Սաակաշվիլին կասկածում է, որ Պուտինը թույլ կտա «նորմանդական քառյակին» Օբամայի միանալը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի արտահաստիքային խորհրդական, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին կարծում է, որ Ռուսաստանը թույլ չի տա, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման միանա Ուկրաինայի վերաբերյալ միջազգային բանակցություններին.
«Որքան շատ ընկերներ ունենանք բանակցային սեղանի շուրջ, այնքան ավելի պաշտպանված կլինենք: Այդ իմաստով կարծում եմ, որ դա լավ է, սակայն չեմ կարծում, որ Ռուսաստանը դա թույլ կտա հասկանալի բազմաթիվ պատճառներով: Նա թույլ չի տա նաև այստեղ խաղաղապահների տեղակայում:
Նա չի ցանկանում թափանցիկություն: Պուտինի քաղաքականությունը կայանում է նրանում, որ տարաձայնություններ սերմանի արևմտյան դաշինքի անդամների շրջանում, միմանցից բաժանի Ամերիկան ու Եվրոպան, ինչպես նաև խաղա ԵՄ-ի ներքին հակասությունների վրա՝ փորձելով Ուկրաինային մեն-մենակ թողնել այսպես կոչված ԴԺՀ-ի ու ԼԺՀ-ի դեմ»:
Ավելի վաղ Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Տեֆտը հայտարարել էր, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պատրաստ է միանալ «նորմանդական քառյակի» աշխատանքներին: