«Կորած հարազատներիս ձայները մինչև հիմա հիշում եմ». Սոնա տատիկի հիշողությունները Եղեռնի մասին
Իմ մեծ տատիկը` Սոնա Կոստանդյանը, մեկն էր այն քչերից, ով Հայոց մեծ եղեռնի տարիներին հարկադրաբար գաղթի ճանապարհն էր բռնել: Հիշում եմ՝ ինչպես էր պատմում իր հիշողությունների և վերապրածի մասին: Նա գրեթե ամեն օր արդեն երևանյան իրենց տանն աղոթում էր Անդրանիկ Զորավարի լուսանկարի առջև:
– Պապս, հորեղբայրներս անթաղ-անգերեզման մնացին: Նրանց գլխատված մարմիններն ապրիլյան վարարած գետը քշեց-տարավ, և այսօր էլ դեռ գնում են իմ հուշերում:
Սոնա տատիկը պատմում էր, որ երբ իմացել է Զորավարի վերաթաղման մասին, իր համար դա մխիթարություն էր՝ կարծես իր պապիկին, մորը և հորեղբայրներին ազգովին թաղեցին Եռաբլուրում:
Սոնա տատիկը ծնվել էր Խարբերդի Չիմիշգյազակ Մամուսյա գյուղում, 1900 թվականին, մեծահարուստ Մաթևոսյանների տանը:
– Պապիս ասել են՝ Կարապետ աղա, տատիս` Վարթեր խաթուն: Այգիներ ունեինք, կովեր, ոչխարներ, խանութներ Հալեպում:
Իր պապի մասին պատմելիս՝ միշտ հպարտ ձայնով ասում էր. «Պապս հինգ տղա ուներ, երեք աղջիկ: Ավագ տղան հայրս էր: Մեր տոհմը մեծ էր, քառասուն ջան էինք»:
– Այն օրը քուրդ չոբանները նոր էին տարել իրենց ոչխարների հոտը դեպի սար, երբ հանկարծ ասկյարները շրջապատեցին մեր գլուղը,- ասում էր մեծ տատիկս:
Նա պատմում էր, որ այդ օրը բոլոր տղամարդկանց հավաքել էին գյուղամեջ, այդ թվում՝ իր պապին՝ Կարապետ աղային ու հորեղբայրներին (իր հայրը նախօրոք հրաշքով կարողացել էր փախչել): Այդ ամենը ղեկավարում էր թուրք յուզբաշին, ով իրենց ընտանիքի ծանոթն էր: Նրան շատ անգամ հյուրասիրել էր իր պապը, և հենց այդ պատճառով նրանք հույս ունեին, որ կերածը չի մոռացել: Բայց հենց յուզբաշու հրամանով առաջինը կտրել էին Կարապետ աղայի և նրա 4 տղաների գլուխները ու նետել գետը:
– Գյուղում այլևս տղամարդ չէր մնացել, բոլորին մորթել և ջուրն էին գցել: Կանանց, աղջիկներին, ծերերին, երեխաներին լցրին գյուղի մեծ եկեղեցին, որ վառեն: Վերջին պահին մայրս տան բանալիները տվեց մեր տան քուրդ ծառա Հասանին: Համոզված էր, որ մի օր հետ ենք վերադառնալու մեր ծննդավայր,- ասում էր մեծ տատիկս:
Սոնա տատիկն այդ ժամանակ ընդամենը 15 տարեկան էր: Նա իր վիրավոր հիշողություններում սրտի ցավով հիշում էր նաև իր մյուս հարազատներին, սիրելի հորաքույրներին՝ Արաքսին, Պեքրուհուն և Մաքրուհուն:
Ասում էր, որ գյուղի եկեղեցում հավաքվածներին չվառեցին: Ամենայն հավանականությամբ, հատուկ հրամանով նրանց խառնեցին շրջակա հայկական գյուղերից տեղահանվածների հետ և քշեցին անհայտ ուղղությամբ: Մեծ տատիկս էլ է այդ ամբոխի մեջ եղել, մոր՝ Մարթայի և իր երկու եղբայրների հետ: Շաբաթներ անց այդ քարավանի նմանվող մարդկանց բազմությունը նոսրացել է՝ սովի, հիվանդությունների և թուրքերի գազանությունների պատճառով: Սոնա տատիկը միշտ զարմացած պատմում էր իր մոր ուժի մասին, ով այդ ոչ մարդկային պայմաններում կարողացել է դիմանալ և իր երեք երեխաների հետ միասին հասնել Երզնկա:
– Մեզ տարան մոտակա երկաթուղային կայարան: Երեք վագոնից բաղկացած ռուսական մի «կուկուշկա» էր կանգնած: Բոլորիս մի կերպ լցրին մեջը, վագոնների կտուրներին էլ մարդիկ տեղավորվեցին: Ոչ ոքի չէին ասում, թե ո՞ւր են տանելու, ո՞ր ուղղությամբ ենք գնալու: Այդ ժամանակ հանկարծ մի ճիչ լսվեց, որ թուրքի նոր զորախումբ է մոտենում: Այդ պահին անսպասելի շոգեքարշն անջատվեց երեխաներով, ծերերով, կանանցով լցված վագոններից ու հեռացավ: Հասկացանք, որ դա մեր վերջն է: Մայրս դողալով գրկել էր մեզ,- վերհիշում էր Սոնա տատիկը:
Հենց այդ ժամանակ այլ ձայներ էլ են լսել, վագոնների պատուհաններից դուրս են նայել, և, կարծես մի աստված՝ հայտնվել է Զորավար Անդրանիկն իր հեծելազորով: Բոլորին իջեցրել են վագոններից: Ձիավորների մի մասն առաջ էր անցել, մյուս մասն էլ քարավանի հետևից էր գնում: Ամենաուժասպառներին, մահվան դուռը հասածներին, այդ թվում և՝ մեծ տատիկիս երկու փոքր եղբայրներին, Զորավարի կարգադրությամբ դրել էին ուղտերի վրա: Այդպես հասել են Գյումրի, բայց թուրքական զորքերի մոտեցման մասին լուրեր էին պտտվում, այնտեղից էլ են փախել դեպի Լոռի, իսկ հետո՝ Շուշի: Սակայն Ղարաբաղում էլ հայի ու թուրքի կռիվ էր: Շուշիում գաղթական խարբերդցիներ կային: Մայրը, ստիպված, Սոնա տատիկին դրել է նրանցից մի խմբի հետ, որպեսզի գոնե նա փրկվի իրենց տոհմից, և ասել է՝ եթե ինքը եղբայրների՝ Մարտիրոսի և Արամի հետ միասին, փրկվի, անպայման կգտնեն իրեն: Մի կերպ Սոնա տատիկը հասել է Լոռի, որտեղ էլ իմացել է դառը ճշմարտությունը:
– Մայրս հայտնվեց Թիֆլիսում և այնտեղ էլ մահացավ տիֆից, անգամ չիմացա, թե որտեղ թաղվեց: Չկարողացա անգամ մի բաժակ ջուր տալ,- այս մասին խոսելիս նա միշտ թաշկինակը ձեռքն էր վերցնում ու մաքրում արցունքները:
Քույրն ու եղբայրներն իրար կորցրեցին: Փոքրը հայտնվեց Գյումրիի ամերիկյան որբանոցում, որտեղից փախավ Երևան, ջուր էր վաճառում փողոցներում: Մեծ եղբայրը Ջալալօղլիում էր (Ստեփանավան): Բայց ճակատագրի բերումով, արտաքնապես շատ փոխված եղբայրները 10 տարի անց պատահաբար հանդիպեցին Երևանի ճաշարաններից մեկում: Փոքրը՝ Արամը, ճանաչեց ավագ եղբորը՝ Մաթևոսին: Պարզվեց, որ Արամը լավ չէր հիշում իր ազգանունը և որբանոցում Մարտիրոսյան էր գրվել՝ Մաթևոսյանի փոխարեն: Հետո այդ սխալն ուղղեցին: Մաթևոսը գիտեր, որ Սոնա տատիկն ամուսնացել է և ապրում է Լոռիում, այդ պատճառով էլ նրանք տեղափոխվեցին Ալավերդի, համերաշխ ընտանիքներ ստեղծեցին և երջանիկ ապրեցին:
Սոնա տատիկի հայրն իր մասին լուր է կարողացել հաղորդել միայն տասնամյակներ անց, հեռավոր Ամերիկայից: Նա բոլշևիկյան սարսափից չկարողացավ Հայաստան գալ: Ընդամենը մի երկու գաղտնի նամակներ ուղարկեց և մի լուսանկար: Նամակներում գրում էր, որ ամուսնացել է և ապրում է Նյու Յորքի արվարձաններից մեկում: Այդպես, քույր ու եղբայրներն իրենց հոր կարոտն առնում էին լուսանկարի միջոցով:
Եկավ 1937 թվականը: Այդ տարի, ինչպես շատ-շատերին, այդպես էլ Մաթևոսին անարդարացիորեն աքսորեցին, ու, երբ տարիներ անց վերադարձավ, անճանաչելի էր դարձել: Արամը Երկրորդ աշխարհամարտի մասնակից էր, հաշմանդամ:
Սոնա տատիկի ամուսինն Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից էր` նույնպես հաշմանդամ: Նա ամբողջ Լոռիում բարի համբավ ունեցող Նիկոլայ Կոստանդյանն էր, ում մասին մեծ տատիկս միշտ երախտագիտությամբ էր խոսում:
– Իրարով բախտավոր էինք, երեխաներով բախտավոր: Ես նրա շնորհիվ նորից երջանկություն գտա:
Նա միշտ ասում էր, որ իր ամենամեծ հարստությունն իր երեխաներն են: Սոնա տատիկի չորս երեխաների, քսան թոռների և ծոռների շարքում կան արվեստագետներ, հիմնարկ-ձեռնարկությունների տնօրեններ, Պետանվտանգության աշխատողներ, բարձրաստիճան զինվորականներ: Սոնա տատիկի սրտում բոլորն իրենց հատուկ տեղն ունեին, բայց ամենաբարձր տեղում Մարիետան էր՝ իր աղջիկը, ումից իր մոր կարոտն էր առնում:
– Բալեքս, ամեն մեկն իմ չափ թող ապրի: Բայց ես կորած հարազատներիս տեղը զգում եմ մինչև հիմա ու բոլորի ձայները հիշում եմ:
Սոնա տատիկի համար շատ թանկ բաներ կային: Արցախն էլ իր սրտում տեղ ուներ:
– Տասնհինգ թվի զուլումն ուրիշ էր: Մեր ժողովուրդն անզեն էր, պետություն չունեինք: Հիմա պետություն, բանակ ունենք: Ղարաբաղցիները քաջ են, որովհետև լեռնցիներ են՝ սասունցիների, զեյթունցիների պես: Մեր ժողովուրդն է քաջ, մենք Տիգրան Մեծի զարմից ենք: Արցախի այս վերջին կռվում թուրքը լավ զգաց դա:
Չնայած ամեն ինչին, նա իրեն բախտավոր էր համարում:
– Հայը քար է, քարից էլ պինդ: Ես էլ քար եմ, որ այդքանին դիմացել եմ: Այս աշխարհում մենք մեր անունը հայ ենք պահել,- Սոնա տատիկը հաճախ էր կրկնում այս խոսքերը: