«ԱՄՆ-ը չի գնա այնպիսի քայլերի, որ կորցնի իր ազդեցության լծակները Թուրքիայի վրա». Ռուբեն Մեհրաբյան
«Ես չէի ցանկանա, որ մենք ֆիքսվեինք մեկ բառի արտասանելու կամ չարտասանելու վրա, ի վերջո, սա պրոցես է, բաժակը կիսով չափ լիքն է, բայց ոչ ամբողջությամբ, դա պրոցես է, որը շարունակություն է ունենալու, դրա համար նաև պետք են փոփոխություններ ընկալումներում՝ թուրքական հասարակության և թուրքական քաղաքական վերնախավի մոտ»,- այսօր ասուլիսի ժամանակ խոսելով այն մասին, թե հնարավո՞ր է, ի վերջո, Բարաք Օբաման մի օր արտասանի «ցեղասպանություն» բառը՝ 1915 թվականի դեպքերի համար, նման կարծիք հայտնեց «Քաղաքական և միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի» փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը:
Ռ. Մեհրաբյանի խոսքով՝ այսօր ԱՄՆ-ը, «ի տարբերություն մեր, այսպես կոչված՝ ռազմավարական դաշնակցի», իր ռազմավարական դաշնակցին «հիմար» իրավիճակի մեջ չի գցում. «Սակայն նրանք փորձում են ազդել, որպեսզի իրենց դաշնակիցներն իրենց հետ գտնվեն նույն արժեքային համակարգի վրա, և այդ լծակները չկորցնեն: Փաստորեն, այսօր ԱՄՆ-ը ունի ռազմական ներկայություն Թուրքիայի տարածքում: Այսօր բազմաթիվ խնդիրներ կան Թուրքիային հարակից տարածաշրջաններում, և այս առումով՝ Թուրքիայի դերը Միացյալ Նահանգների համար անփոխարինելի է: ԱՄՆ-ը չի գնա այնպիսի քայլերի, որ կորցնի իր ազդեցության լծակները Թուրքիայի վրա: Ես չեմ կարծում, որ Հայաստանի շահերից էլ է բխում, որպեսզի Միացյալ Նահանգները կորցնի իր ազդեցության լծակները Թուրքիայի վրա: Մենք պետք է սթափ նայենք այս ամեն ինչին»: