
ՌԴ Պետդուման կարող է հայտարարություն ընդունել Հայոց ցեղասպանության վերաբերյալ

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ Պետդուման կարող է ապրիլի 24-ին հայտարարություն ընդունել՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՌԴ Պետդումայի՝ ԱՊՀ-ի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին:
Նրա խոսքերով՝ հանձնաժողովը պատրաստում է փաստաթղթի տեքստը և մտադիր է այն ներկայացնել պալատի դիտարկմանը. «Հինգշաբթի մենք կհավաքվենք հանձնաժողովի նիստին և նախագիծը կներկայացնենք Դումայի խորհրդի հաստատմանը: Առաջարկելու ենք հայտարարություն ընդունել ապրիլի 24-ին Պետդումայի նիստի ժամանակ»:
Հայտարարության նախագծում մասնավորապես Պետդումային առաջարկվելու է խորը վշտակցություն հայտնել եղբայրական Հայաստանին՝ կապված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հետ, ինչպես նաև մյուս ժողովուրդներին, որոնք տուժել են Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի աղետալի դեպքերի ժամանակ.
«Մենք կարծում ենք, որ պատմության բարդ հարցերն անհրաժեշտ է լուծել խաղաղ միջոցներով, այդ թվում նաև դիվանագիտական ջանքերով՝ հանուն մոլորակի վրա ամուր խաղաղություն ու անվտանգություն հաստատելու»: