«Պետք է հողերի խնդիր դրվի». ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ
ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ Վազգեն Սիսլյանը հույս ունի, որ Ցեղասպանության 100-ամյակը ժամանակավոր «պոռթկումի» խնդիր չի լինի: Նա ցանկանում է, որպեսզի այս պայքարն ամեն օր շարունակվի ու կապ չունենա՝ 100-ամյակն է, 101-ամյակը, թե 55-ամյակը:
«Սա պայքար է, ու ես չեմ ուզում ամբողջ խնդիրը կենտրոնացնենք Ցեղապսանության ճանաչման վրա: Մենք միշտ ասում ենք՝ Արևմտյան Հայաստանի վերադարձ, բայց 50-ամյակին երևի ավելի ճիշտ ուղղություն էր գնում նույնիսկ Հայաստանում: Այն ժամանակ միակ լոզունգը և՛ Հայաստանում, և՛ Սփյուռքում մեր հողերն էր, իսկ այսօր ուզում են հիշեն ու պահանջեն: Պահանջեն ի՞նչ՝ Ցեղասպանության ճանաչո՞ւմ, հողերի վերադա՞րձ: Այս բոլորի մեջ մեր նպատակը պետք է լինի հայրենիքի վերադարձը»,- ասաց ազատամարտիկը:
Հարցին՝ միջազգային ճանաչումները ՀՀ-ին ի՞նչ են տալիս, ազատամարտիկն այսպես պատասխանեց. «Կարծես ինչ-որ մեղադրյալի բռնում են, մի բան ասում են, հետո վճիռ չեն անում՝ մեղավո՞ր է, թե՞ ոչ, թե ինչքան պատիժ պետք է ստանա այդ մեղավորը: Ճանաչեցին, 20-30 տարի առաջ էլ պետություններ կային, որ ճանաչել էին, դրանից հետո ի՞նչ է եղել, չէ՞ որ դա պետք է բերի հաջորդ քայլերին: Ճանաչել նշանակում է իրենք էլ իրենց կողմից դիմեն կոնկրետ Թուրքիայի իշխանություններին, որ պետք է հատուցվի, պետք է հողերի խնդիր դրվի, պետք է բանակցություններ սկսվեն ինչ-որ տեղ: Բայց նման բան չկա, ճանաչում են, որ մենակ մեզ մի քիչ քնացնեն, ու ստացվում է, որ միայն դա է ճանաչումը»:
Վ. Սիսիլյանի խոսքով՝ այսօր երիտասարադության մեծ մասը նույնիսկ չգիտի Ցեղասպանության մասին, ըստ նրա՝ նրա մի մասը նույնիսկ չգիտի՝ Ծիծեռնակաբերդը որտեղ է, ինչի համար է:
«Իսկ ընդհնարապես հայ ժողովրդի իրավունքները վերականգնելու կամ Արևմտյան Հայաստանը վերադարձնելու մասով՝ մեծ մասը չի հավատում դրան, ու ամեն օր այդ հավատը կամաց-կամաց կորչում է: Չգիտեմ՝ ինչի համար, ուժերի վստահության խնդիր կա՞ կամ չիգիտեմ՝ ինչ կա: Ես չեմ ուզում՝ այդպես լինի: Թուրքի հույսը նա է, որ Ցեղասպանության 150-ամյակին այս «հիշում եմ և պահանջում եմ» լոզունգից կմնա միայն «հիշում եմ», իսկ 200-ամյակին այդ «հիշում եմ»-ն էլ չի մնա»,- նկատեց Վ. Սիսիլյանը:
Ազատամարտիկը նաև ինչ-որ առումով դժգոհ է Ցեղասպանության ճանաչման մերաբերյալ պետության քաղաքականությունից. «Աշխատում են, ինչ-որ մի բան անում են, բայց իմ կարծիքով՝ բավարար չէ: Ես կարծում էի, որ հենց հունվարի 1-ից պետք է տարբեր ձևով միջոցառումներ լինեին: Բայց ընդամենը 2 շաբաթ առաջ հեռուստացույցով կամ ուրիշ տեղեր սկսեցին Ցեղասպանության մասին խոսել, հիմա էլ մեծ շուքով պատրաստվում են ընդամենը ապրիլի 24-ին: Բա դրանից հետո՞: Կապրենք՝ կտեսնենք, թե ինչ կլինի»: