«Թղթերով» աճող Հայաստան
Պարզվում է` բոլոր հոռետեսական տնտեսական կանխատեսումները և գործարարների աչքի տեսած դժվարությունները պատրանք են. ՀՀ տնտեսությունը շարունակում է աճել և ակտիվանալ։ Մասնավորապես, այդ մասին են վկայում ՀՀ պաշտոնական վիճակագրության ցուցանիշները։
Այսպես, 2015թ. հունվար-մարտին` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է 102.5։ Այսինքն` տնտեսության ակտիվությունը 2.5%-ով աճել է։ Իսկ մարտին` փետրվարի համեմատ, ակտիվությունն աճել է 13.1%-ով։ Այս տվյալները ներկայացված են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված զեկույցում, որն արտացոլում է ՀՀ տնտեսության նախնական ցուցանիշները 2015թ. առաջին եռամսյակի համար։
Շինարարության ծավալը հունվար-մարտին աճել է 0.8%-ով և կազմել 42.5 մլրդ դրամ։ Աճի տեմպը թույլ է, բայց ավելի լավ է` թույլ աճ, քան` անկում (ինչպես նախորդ 5 տարիներին)։ Արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 288.7 միլիարդ դրամ` նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ արձանագրելով 2%-անոց աճ։ Ծառայություններին ոլորտն աճել է 3.9%-ով (ծավալը` 254.4 միլիարդ դրամ), իսկ աճի ամենաբարձր տեմպը գրանցվել է գյուղատնտեսության ոլորտում` 4.5% (ծավալը` 74.9 միլիարդ դրամ)։ Եթե սրան էլ հավելենք այն, որ 12 ամսվա կտրվածքով սպառողական ապրանքների գներն աճել են 5.8%-ով, սակայն միջին ամսական անվանական աշխատավարձն ավելի արագ է աճել` 9.4%-ով, ապա կստացվի, որ կյանքը Հայաստանում դարձել է ավելի մատչելի և ուրախ։ Ճգնաժամի նշույլ անգամ չի նշմարվում։
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ապրիլի 18-ին անդրադառնալով ՀՀ տնտեսության զարգացման հեռանկարներին` կարծիք էր հայտնել, որ չնայած բազմաթիվ բացասական կանխատեսումներին` ՀՀ տնտեսությունը 2015 թվականին արձանագրելու է տնտեսական աճ։ «Առաջիկա օրերին տվյալները կհրապարակվեն, և կարծում եմ, որ մենք կունենանք 2,5-3 տոկոսի տնտեսական աճ, և ես համոզված եմ, որ մեր միասնական ուժերով 2015թ. իրականացվող բոլոր ծրագրերն իրենց դրական արդյունքները կտան մեր տնտեսության զարգացման գործում»,- նշել էր նա։
Իսկ դրանից օրեր առաջ իր զեկույցն էր հրապարակել Արժույթի միջազգային հիմնադրամը` վատթարացնելով տնտեսական աճի կանխատեսումները Հայաստանի համար։ Ըստ ԱՄՀ-ի` Հայաստանի տնտեսությունը 2015-ին անկում կարձանագրի 1 տոկոսի չափով, իսկ հաջորդ տարի` 2016-ին, կունենա զրոյական աճ։ Մյուս կառույցների կանխատեսումները նույնպես բավականին հոռետեսական էին։ Սակայն, արի ու տես, որ ՀՀ կառավարությունը, մշտապես հարգելով ԱՄՀ-ի և մյուս միջազգային կազմակերպությունների կարծիքը` այս անգամ, փաստորեն, սխալ է համարում։ Ի հեճուկս բոլոր հոռետեսների` մերոնք ասում են` աճ կունենանք։ Ու առաջին եռամսյակի տվյալներով` «ապացուցում», որ աճ ունենք (խոսքը վերաբերում է հոդվածի սկզբում նշված ցուցանիշներին)։
Չէ, իհարկե, Հովիկ Աբրահամյանը պայծառատես չէ. նա պարզապես ի պաշտոնե հրապարակումից մի քանի օր առաջ էր ծանոթացել պաշտոնական ցուցանիշներին։ Սակայն ամեն ինչ այդքան էլ միանշանակ չէ։
Նախ` մի փոքրիկ մանրուք, այն, ինչ հրապարակել է ԱՎԾ-ն, տնտեսական աճի ցուցանիշ չէ։ Տնտեսական աճի ցուցանիշ ընդունված է համարել ՀՆԱ-ի աճը, իսկ տնտեսական ակտիվությունն առանձին ցուցանիշ է։ Մասնավորապես, ի տարբերություն ՀՆԱ ցուցանիշի, տնտեսական ակտիվության ցուցանիշը հաշվարկվում է տնտեսական գործունեության իրականացված տեսակների ծավալով, ոչ թե հավելյալ արժեքի ծավալներով, և չի ներառում արտադրության ու ֆինանսական միջնորդության համար մաքուր հարկերը, որոնք անուղղակիորեն են հաշվարկվում։ Իհարկե, դրանք մոտ ցուցանիշներ են, սակայն ունեն տարբերություններ։ Օրինակ` 2014թ. տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 3.9%, իսկ ՀՆԱ-ի աճը` ավելի ցածր` 3.4%։ Բյուջեի հիմքում, հիշեցնենք, դրվում է հենց ՀՆԱ-ի աճի ցուցանիշը, թեպետ մեր պաշտոնական վիճակագրությունը որոշել է այդ ցուցանիշը հրապարակել ոչ թե ամեն ամիս (ինչպես նախկինում), այլ եռամսյակը մեկ։
Սակայն, այս տեխնիկական բնույթի մանրուքից բացի` նույն զեկույցում կան առանձին ցուցանիշներ, որոնք տարակուսանքի տեղիք են տալիս։ Ամենատարօրինակը մանրածախ առևտրաշրջանառության ցուցանիշներն են։ Այս տարվա հունվար-մարտին առևտրի շրջանառությունը Հայաստանում կազմել է 442.8 միլիարդ դրամ։ Դա 6.3%-ով պակաս է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշից։ Թե ինչպես է հնարավոր, որ երկրում տնտեսական ակտիվությունն աճի, իսկ մարդիկ ավելի քիչ առևտուր անեն, հասու է, թերևս, միայն մեր վիճակագիրներին և կառավարությանը։
Բավականին հակասական է դիտվում նաև էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների երկնիշ` 12.6% անկումը` արդյունաբերության 2%-անոց աճի ֆոնին։
Եվ, իհարկե, ամենահակասականը շարունակում է մնալ արտաքին առևտուրը։ Պաշտոնական տվյալների համաձայն` արտաքին առևտրաշրջանառության անկման տեմպերը չեն թուլանում։ Առաջին եռամսյակի ընթացքում ՀՀ արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 945.5 միլիոն դոլար, որը 28.5%-ով ցածր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Այդ թվում, արտահանման ծավալը կրճատվել է 23.1%-ով և կազմել 267.6 միլիոն դոլար, իսկ ներմուծման ծավալների նվազումը կազմել է 31.5% (ծավալը` 677.5 միլիոն դոլար)։ Ինչպե՞ս կարող է տնտեսությունն աճել, իսկ ներմուծման ու արտահանման ծավալները` գահավիժել։
Եթե հավատանք վիճակագրական ծառայությանը, ապա դա ունի տեխնիկական բնույթի պարզ բացատրություն։ Տվյալներին կից ծանոթագրության մեջ հերթական անգամ նշվել է, որ 2015թ. հունվար, փետրվար և մարտ ամիսների արտաքին առևտրի ցուցանիշներն ամբողջական չեն` պայմանավորված ԵՏՄ երկրների միջև փոխադարձ առևտրի ցուցանիշների ոչ ամբողջական հավաքագրմամբ, և դրանք հետագայում ենթակա են ճշգրտման։ «Տեղեկատվության ոչ ամբողջականությունը պայմանավորված է ՀՀ կառավարության 2014թ. ապրիլի 23-ի թիվ 447-Ն որոշման 2-րդ հավելվածով հաստատված «Ապրանքների փոխադրման հաշվառման վիճակագրական ձև»-ի` դեռևս ոչ բոլոր ռեսպոնդենտների կողմից մաքսային մարմիններին ներկայացման հետ, քանզի դրանց ներկայացման էլեկտրոնային համակարգը դեռևս ամբողջապես գործարկված չէ»,- ասում են վիճակագիրները։
Համոզված ենք, որ Էկոնոմիկայի նախարարությունն իր հերթին` կշտապի կրկնել այս հիմնավորումը, ինչպես արել էր հունվար և փետրվար ամիսների տվյալների հրապարակումից հետո։
Լավ, ենթադրենք` արտաքին առևտրաշրջանառության անկումը հիմնականում պայմանավորված է հենց այդ տեխնիկական խնդրով։ Ու ենթադրենք` տվյալների ճշգրտումից հետո անկման ցուցանիշը 28.5%-ից իջնելու է 8.5%։ Արդյո՞ք սա լավատեսության հիմք է տալիս։ Իհա՛րկե ոչ, որովհետև անկում, ամեն դեպքում, լինելու է։
Սակայն ամենատխուր եզրահանգումների պատճառը հենց այդ տեխնիկական խնդրի առկայությունն է։ Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցության պահից անցել է ավելի քան 3 ամիս, սակայն անգամ ճշգրիտ տվյալներ ներկայացնելու ու դրանց վրա դատողություններ անելու հնարավորություն չկա։ Նման տեմպերով «ինտեգրումը» խոսում է այս կառույցի ու դրա շրջանակներում համագործակցության արդյունավետության մասին։
Չնայած, մյուս կողմից, առաջին անգամը չէ, որ մեր աչքի տեսածն ու վիճակագրության ներկայացրած պատկերը խիստ տարբերվում են իրարից` լինի տնտեսական աճի, գնաճի, գործազրկության թե բնակչության թվաքանակի ու աղքատության մակարդակի հարցում։ Իսկ տնտեսական աճի ցուցանիշը 1-2 տոկոսով «ճշգրտելը» մեր պրոֆեսիոնալների համար երբեք խնդիր չի եղել։ Առավելևս, որ հիմա դա նաև պատվի հարց է։ Բա աշխարհին ցույց չտա՞նք, որ ՀՀ կառավարությունում ավելի լուրջ մասնագետներ են հավաքված, քան ԱՄՀ-ում ու աշխարհի մյուս հեղինակավոր միջազգային կազմակերպություններում։