Բաժիններ՝

Աշխատաշուկայում «բարետես արտաքինն ու աշխատանքային փորձը» զիջում են «նախաձեռնող և կրեատիվ» պահանջներին

Այս տարվա հունվարից հետո Հայաստանի աշխատաշուկայում աշխատավարձերի  մոտ 10 տոկոս բարձրացում է նկատվում, որն ավելի շատ պայմանավորված է ոչ թե փոխարժեքի տատանումներով, այլ նվազագույն աշխատավարձի շեմի բարձրացմամբ: Շուկայում ամենապահանջված մասնագետները, ինչպես վերջին տարիներին, այնպես էլ հիմա շարունակում են մնալ մենեջերներն ու մարքետոլոգները:

«Պերսոնա» կադրային կենտրոնի տնօրեն Մարինա Ավագյանը 168.am-ի հետ զրույցում հայտնելով այս տեղեկությունները՝ նշեց, որ 2015թ. հունվար ամսից առաջարկվող աշխատատեղերը չեն ավելացել, հակառակը՝ մեծացել է ակտիվ աշխատանք փնտրողների թիվը:

«Հիմնականում աշխատանք առաջարկող գործատուները ցանկանում են ունենալ լեզուների իմացությամբ մասնագետներ, ինչն այսօր իսկապես խոչընդոտ է շատ մասնագետների համար։ Մյուս արգելքը, որ հանդիպում են աշխատանք փնտրողները, տարիքն է. 35-38 տարեկանից հետո, եթե անգամ կրթությունը և փորձը ներում է, միևնույն է՝ գործատուները նախընտրում են ավելի երիտասարդ կադրեր»,- հայտնեց կենտրոնի տնօրենը:

Նրա խոսքով, չնայած օրեցօր փակվող խանութներին, աշխատաշուկայում ամենամեծ պահանջարկը հենց հյուրանոցներում, սննդի ցանցերում, սպասարկման կենտրոններում և նման այլ ոլորտներում է:

«Համեմատաբար պակասել է գրասենյակային աշխատողների պահանջարկը, անցյալ տարվա համեմատ տարբերությունը մեծ է։ Հավանաբար պատճառներից մեկն էլ այն է, որ մեզ հետ համագործակցող շատ ընկերություններ պարզապես փակվել են»,- հայտնեց Մ. Ավագյանը:

Ըստ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների՝ տարեսկզբից թափուր աշխատուժի պահանջարկի համար հայտ ներկայացրած գործատուների թիվը կազմում է  9103, աշխատատեղերի թիվը եղել է 1148, իսկ փետրվարի վերջի դրությամբ՝ 667, որից  295 բանվորական աշխատուժի, ընդ որում, առյուծի բաժինը մասնավոր հատվածին է բաժին ընկնում: Ակտիվ է արդյունաբերության ոլորտը, մանրածախ և մեծածախ առևտրի ոլորտը, առողջապահության և բնակչության սոցիալական ապահովման և սպասարկման ոլորտները:

Աշխատանք փնտրողների թիվը կազմում է 76 359 մարդ, որից 53 310-ը կանայք են, փետրվարի վերջի դրությամբ աշխատանք է գտել նրանցից 883-ը, որից 575-ը կանայք են: Այս պահի դրությամբ աշխատանք փնտրող գործազուրկների թիվը 69 672 մարդ է: Նշենք, որ նրանց մեծը մասը միջին մասնագիտական կրթություն ունեցողներն են և բուհն ավարտած, դեռևս աշխատանքային փորձ չունեցող երիտասարդները:

Կադրային կենտրոնի տնօրենն անդրադառնալով վիճակագրությանը՝ նշեց, որ միջին մասնագիտական կրթություն ունեցողների համար այսօր առաջարկը մեծ չէ, ինչ վերաբերում է հատուկ որակավորումներին, օրինակ՝ բետոնահարիչ կամ ծանր տեխնիկայի վարորդ, այս դեպքերում տարիքը դառնում է երկրորդական. «Կան քիչ հանդիպող մասնագիտացումներ, որոնց դեպքում շուկան միշտ բաց է, և աշխատանք գտնելը միայն ժամանակի հարց է, ի դեպ, վարձատրությունն էլ վատ չէ»:

Առաջարկվող ամենաբարձր աշխատավարձը, ըստ մեր զրուցակցի, չի գերազանցում 180-200 հազարը։ Մենեջերի համար գործատուն առաջարկում է միջինը 150 հազար դրամ, կախված աշխատողի հմտություններից՝ կարճ ժամանակ անց այն կարող է վերանայվել, սակայն հիմնական առաջարկը 80-100 հազար դրամի սահմաններում է:

Մեկ այլ աշխատանքի տեղավորման գործակալության՝ «Գեթ Ջոբի» տնօրեն Լուսինե Պետրոսյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ նախորդ տարիների համեմատությամբ՝ իրենց  կենտրոն աշխատանքի դիմողների թիվը կտրուկ նվազել է. «Շատ մտածել պետք չէ՝ հասկանալու համար, որ պատճառն այն է, որ գործազուրկները տարբերակներ են փնտրում աշխատանք գտնելու Հայաստանի սահմաններից դուրս, որովհետև մեր աշխատաշուկան բավականին կոշտ է ընտրության համար. պետք է բավարար աշխատանքային փորձ լինի, լեզուների իմացություն, տարիքը լինի համապատասխան: Այս պահանջներին շատ քիչ աշխատանք փնտրողներ են բավարարում»:

Լ. Պետրոսյանի խոսքով, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ՝ գործատուների կողմից ներկայացված հայտերը թվով գրեթե նույնն են, եղել է որակային փոփոխություն։ Գրասենյակներում աշխատելու համար ավելի շատ աղջիկներ են հրավիրվում, իսկ տղաների համար ամենաշատն առաջարկվում է շուկայի զարգացման պատասխանատուի և վարորդ-առաքիչի հաստիքը:

Ինչ վերաբերում է շինարարության ոլորտին, ըստ կենտրոնի տնօրենի՝ չնայած այս ոլորտում աճի տեմպերը նախկինը չեն, այնուամենայնիվ, պահանջվող հաստիքներ կան, պարզապես շատ դեպքերում վարձատրության պատճառով մարդիկ խուսափում են ծանր աշխատանքից:

«Ինչպես միշտ, թափուր հայտեր է ներկայացնում խոշոր բիզնեսը, սակայն, քանի որ գործ փնտրողները քչացել են, պահանջարկը չենք կարողանում եղած դիմումներով լրացնել»,- հավելեց նա:

Նշենք, որ միջին անվանական վարձատրությունը, այս տարվա փետրվարի տվյալներով, ըստ ԱՎԾ-ի՝ կազմում է 168 հազար դրամ, բարձր են աշխատավարձերը Սյունիքի մարզում (միջ. անվ.՝ 205 հազար), Կոտայքի մարզում (միջ. անվ.՝ 151 հազար) և Լոռիում (միջ. անվ.՝ 148 հազար):

HR մենեջեր Տաթևիկ Սողոմոնյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ հաճախ ընտրվում են կադրեր, որոնք ունեն լավ գիտելիքներ և աշխատանքային փորձ, սակայն չեն կարողանում թիմում աշխատել:

«Բարձր պաշտոնների համար լինում է, որ մեկ տարուց ավելի կադր են փնտրում, հավատացեք, անգամ դրսում կրթություն ստացած մասնագետի դեպքում, օրինակ, փորձը թերի է լինում, իհարկե, հնարավորություններ տալիս ենք՝ ինքնադրսևորվելու փորձաշրջանի միջոցով, սակայն մեր ընկերության դեպքում միայն 30 տոկոսն է հետագայում շարունակում աշխատել»,- հայտնեց մասնագետը:

Տ. Սողոմոնյանի խոսքով՝ աշխատաշուկան կարիք ունի ավելի համարձակ, նախաձեռնող, շփվող, նորարար գաղափարներով լի կադրերի, որովհետև «բարետես արտաքին ու աշխատանքային փորձ» պահանջները սկսել են զիջել իրենց դիրքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս