«Ժխտելով Հայոց ցեղասպանությունը՝ Թուրքիան ժխտում է նաև ԵԽ-ի բարոյական հեղինակությունը»
Ապրիլի 15-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստի երկրորդ հատվածի ընթացքում ձայների ճնշող մեծամասնությամբ ընդունվեց 1915թ. Հայոց ցեղասպանությունը դատապարտող «Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի Եվրոպական հիշատակման» բանաձևը։ Այս փաստաթղթի հեղինակներից է Եվրախորհրդարանի պատգամավոր, Եվրոպական պահպանողականների և ռեֆորմիստների (ԵՊՌ) կուսակցության անդամ, Եվրախորհրդարանի ԵՊՌ խմբի արտաքին գործերի կոմիտեի համակարգող, ՆԱՏՕ-ի Խորհրդարանական վեհաժողովի հետ հարաբերություններով զբաղվող պատվիրակության փոխնախագահ, Արտաքին գործերի կոմիտեի անդամ, ԵՄ-Հայաստան բարեկամական խմբի անդամ, բրիտանացի քաղաքական գործիչ Չարլզ Թեննոքը։ «168 Ժամը» նրա հետ զրուցեց բանաձևի բովանդակության, նշանակության, հնարավոր ազդեցության և հայ-թուրքական կարգավորման գործընթացին վերաբերող հարցերի շուրջ։
– Պարոն Թեննոք, օրերս ԵԽ-ն ընդունեց Հայոց ցեղասպանությանը նվիրված դատապարտող բանաձևը, ինչը բավականին նշանակալի իրադարձություն կարելի է համարել, քանի որ փաստաթուղթը հավանության արժանացավ ԵՄ առանցքային կառույցներից մեկի` խորհրդարանի կողմից։ Ի՞նչ նշանակություն ունի այս փաստաթուղթը։ Այսինքն` ի՞նչ կարելի է սպասել այս բանաձևի ընդունման արդյունքում։
– Կարծում եմ, որ բանաձևը կարևոր է խորհրդանշական իմաստով։ Այն կրկնում է 1987-ի հունիսի 18-ին ԵԽ-ում ընդունված «Հայկական հարցի քաղաքական լուծման մասին» բանաձևի դրույթները։ Այդ ժամանակ մենք վերջին անգամ պաշտոնապես` որպես խորհրդարան, արտահայտել ենք մեր մտահոգությունը Օսմանյան կայսրության իրականացրած Ցեղասպանության վերաբերյալ։ Տարիներ շարունակ պայքարել ենք խորհրդարանում այսպիսի բանաձևի ընդունման համար, սակայն մշտապես մերժում ենք ստացել թուրքամետ քաղաքական ուժերի, Անկարայի լոբբիի շնորհիվ։ Իսկ օրերս հաջողեցինք, ինչը ցույց տվեց, որ Թուրքիայի դիրքերը թուլացել են խորհրդարանում, շատ երկրներ, ԵԽ պատգամավորներ համոզվեցին, թե ինչպիսի երկիր է Թուրքիան, ինչպես է ժխտում պատմական փաստերը։
Տրամադրությունների փոփոխության շնորհիվ մենք ունեցանք մի միասնական բանաձև, որը Թուրքիային կոչ է անում միանալ ԵՄ 11 այն անդամ երկրներին, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։ ԵԽ-ն Եվրոպայի 500 միլիոն բնակչի կողմից ընտրված, ձևավորված մարմինն է, խորհրդարանը Եվրոպայի ժողովրդի խոսափողն է, ինչը նշանակում է, որ մենք` խորհրդականներս, պետք է արտահայտենք մարդու իրավունքների, ժողովրդավարության, ազատությունների արժեքները։ Գլոբալ առումով խորհրդարանը Եվրոպական միության գլխավոր կառույցն է։ Թեև, ինչպես ասացի, բանաձևն ունի միայն խորհրդանշական իմաստ, իրավական առումով բանաձևը չունի հետևանքներ Ցեղասպանության հարցի կարգավորման գործընթացի վրա։ Բայց սա ԵՄ-ի հզոր ազդակն է այն մասին, որ ԵԽ-ն ընդունել է, ներկայացրել պատմությունը, ներկայացրել ու դատապարտել երիտթուրքերի իրականացրած հրեշավոր արարքները` ժամանակի թուրք իշխանությունների հովանու ներքո, ամրագրել կարգավորման իր առաջարկները։
– Հասկանալի է, որ իրավական առումով բանաձևը չունի նշանակություն, բայց ըստ Ձեզ` նման փաստաթղթերը կարո՞ղ են ազդեցություն ունենալ, որպես ճնշման լծակ ծառայել Թուրքիայի նկատմամբ` պարտադրելով Հայոց ցեղասպանության ճանաչում և հետևանքների վերացում։
– Միակ լծակը, որը մենք ունենք Թուրքիայի նկատմամբ, ֆինանսական լծակն է, այսինքն` այն ամենը, ինչ վերաբերում է գումարին, բայց խորհրդարանում որևէ մեկը պատրաստ չէ դադարեցնել գումարների շրջանառությունն ու հոսքը` չնայած սիրիական ճգնաժամի շարունակական վատթարացմանը։ Մի կողմից` Էրդողանն ու Դավութօղլուն իրենց ցավակցություններն են հայտնում հայ ժողովրդին` 1915 թ. նրա կրած զոհերի և վնասների համար`չօգտագործելով «ցեղասպանություն» եզրույթը, մյուս կողմից` Էրդողանը նշում է, որ բանաձևն իր համար չունի որևէ նշանակություն, և կանցնի-կգնա, ինչպես նախորդները։ Թուրքերը` ժխտելով Ցեղասպանության փաստը, ոչ միայն շարունակում են վնասել հայ ժողովրդին, այլև ժխտում, անարգում են Եվրոպական խորհրդարանի բարոյական հեղինակությունը։
– Հայ-թուրքական արձանագրությունները, ըստ էության, դուրս եկան հայ-թուրքական կարգավորման գործընթացի օրակարգից։ Ըստ Ձեզ` ներկայումս որտե՞ղ է կարգավորման բանալին։ Ի՞նչ առաջարկներ եք ներառել բանաձևում։
– Նախ` մենք կարգավորման կոչ ենք անում բանաձևում։ Առաջին դրույթ-առաջարկը, որը ներառված է փաստաթղթում, այն է, որ Թուրքիան պետք է բացի հայ-թուրքական սահմանները։ 1993թ.` փակելով Հայաստանի հետ սահմանը, Թուրքիան ավելի հյուրընկալ հարաբերություններ է սկսել հաստատել իր ավելի փոքր և խոցելի հարևանների հետ։ Ցեղասպանության հարյուրամյա տարելիցը Թուրքիային հնարավորություն է տալիս ճանաչել Ցեղասպանությունը և երկխոսել Հայաստանի հետ` հայ-թուրքական սահմանի բացման ուղղությամբ, ինչը կլիներ քաղաքական բարի կամքի դրսևորում։ Թուրքիան արտառոց կերպով հայ-թուրքական սահմանը փակ պահելով, իր համերաշխությունն է հայտնում իր ադրբեջանցի եղբորը, որը Հայաստանի հետ սառեցված հակամարտությունում երկար տարիներ փակուղում է հայտնվել։ Բայց պետք է հասկանալ, որ Հայաստանն ամենաառաջինը ոչ թե փոխհատուցում, այլ ճանաչում է փնտրում։
Շատ երկրներ ճանաչել և դատապարտել են այս պատմական փաստը, ինչպես Բելգիան, Կանադան, Կիպրոսը, Ֆրանսիան, Գերմանիան, Հունաստանը, Իտալիան, Լիտվան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Սլովակիան և Շվեդիան և շատ ազգային խորհրդարաններ, այդ թվում` Շոտլանդական խորհրդարանը։
– Կարո՞ղ է ԵՄ-ն ճնշումներ բանեցնել Թուրքիայի նկատմամբ, հաշվի առնելով Թուրքիայի եվրոպական նկրտումները, թեև վերջերս դրանք բավականին բթացել են։
– Ոչ, մենք չունենք որևէ իշխանություն Թուրքիայի նկատմամբ։ Թուրքիան անկախ երկիր է` հզոր բանակով, մեծ տնտեսությամբ, որը վերջին երկու-երեք տարիների ընթացքում ավելի ու ավելի ավտորիտար երկիր է դառնում, ժողովրդավարության ցուցանիշներն անկում են ապրում, լրագրողները բանտարկվում են, Թուրքիան աջակցում է ջիհադիստական ահաբեկչությանը Սիրիայում, Իրաքում։ Թուրքիան սխալ ուղղությամբ է ընթանում, որի հետևանքով նկատելի է, որ Թուրքիայի ամենահավատարիմ ընկերները, որոնք պաշտպանում էին Թուրքիայի դիրքորոշումները բոլոր հարցերում և բոլոր հարթակներում, այսօր այլևս չեն վստահում Թուրքիային։ Մենք տեսել ենք Թուրքիայի ահաբեկումները Կիպրոսի նկատմամբ։
Ես կարող եմ մի ամբողջ շարք թվարկել, որ Թուրքիան սխալ և վատ է վարվում։ Ամենավատը Հայաստանին ահաբեկելն է, հայ-թուրքական սահմանը փակ պահելը և առևտրային սահմանափակումներ դնելը։ Սա անբացատրելի է։ Ցավոք, ԱՄՆ-ը շատ է աջակցում Թուրքիային` ՆԱՏՕ-ի անդամին, ԵՄ անդամակցության թեկնածուին, շատերն են աջակցել Թուրքիային, բայց վերջին մի քանի ամիսների ընթացքում նկատելի է, որ շատ քաղաքական գործիչներ արթնացել են Թուրքիայի դեմ, և դա բավականին մտահոգիչ է նախագահ Էրդողանի համար։ Էրդողանի` Եվրոպայի հետ հարաբերությունների հարցերով նախարարը շարունակում է պնդել, որ Թուրքիայի ԵՄ անդամակցությունն առաջնային կարևորություն է Թուրքիայի համար։ Անկարան պետք է վերջ դնի իր ժխտողական քաղաքականությանը։ Միայն այդ դեպքում մենք կարող ենք իսկապես առաջ շարժվել` թողնել անցյալը ետևում և բոլոր կողմերին հնարավորություն տալ փակել Թուրքիայի պատմության այս մութ էջը։