Ինչ կկորցներ Հայաստանը, եթե միանար ԵՄ ասոցացման համաձայնագրին

Այսօր ԱԺ-ում «Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին ընդառաջ» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի անունից պատգամավոր Թևան Պողոսյանը նշեց, որ Ռիգայի գագաթնաժողովում բանակցության համար մանդատ կստանան, բանակցությունները կընթանան և ապագայում փաստաթուղթ կունենանք:

Սակայն Թ.Պողոսյանը հարցադրում արեց, թե ինչո՞ւ 2013 թ. սեպտեմբերի 3-ից հետո մեկ տարուց ավելի ոչինչ չարվեց, ոչ մի գործընթաց տեղի չունեցավ. «Պետք է ազնիվ լինենք, որ ՀՀ-ն իր պատրաստակամությունը մի քանի անգամ հայտնել է առնվազն քաղաքական բաղադրիչը ստորագրելու համար»: Պատգամավորը մեջբերեց 168.am-ում Սլովակիայի նախկին ԱԳ նախարարի հարցազրույցից, որ ԵՄ-ն չի պատրաստվում հրաժարվել Հայաստանից, ու նշեց, որ երկու կողմն էլ սպասում էին իրադարձությունների, որ փորձեին սայլը տեղից շարժել:

Պողոսյանի կարծիքով՝ ունեցել ենք անվտանգության հարց: Նա նշեց, որ եվրոպական նոր հարևանության ծրագրերը ստացած երկրներին նայելիս որևէ ձևով դժվար է ասել, որ իրավիճակը բարելավվել է: Ըստ նրա՝ մի քիչ պետք է ազնիվ գտնվել և ասել, որ ԱԼԳ երկրներից նրանք են հանգիստ միացել ԵՄ ասոցացման համաձայնագրին, որոնք արդեն կորցրել էին տարածքներ, օրինակ՝ Վրաստանը, իսկ Ուկրաինայի մասին գիտենք, իսկ թե Հայաստանն էլ ինչ կարող էր կորցնել, դժվար չէ կռահել:

«Ռիգան կհանդիսանա հարթակ քաղաքական իմաստով պաշարներ հավաքելու և կոնսոլիդացիայի ու ԱԼԳ մասին ավելի կոնկրետ պատկերացում կազմելու համար: Ինչո՞ւ ձգձգվեց մտքերի փոխանակման գործընթացը, երբ իր հերթին ԵՄ-ն էլ ասում էր, որ ճկուն քաղաքականություն կվարի: Ուկրաինայի պարագայում կարողացան ճկուն լինել՝ քաղաքականն առանձին ստորագրեցին, տնտեսականը՝ առանձին, բայց ՀՀ պարագայում՝ ոչ»,- ասաց Թ. Պողոսյանը՝ հույս հայտնելով, որ Ռիգայից կվերադառնան գործնական ծրագերով:

Կարդացեք նաև

Նա նաև նշեց, որ թեև ՀՀ-ն հայտարարում է «և-և»-ի պատրաստակամության մասին, սակայն ներքին մղում չի երևում, եվրոպական ինտեգրման տեսլականը չի քննարկվում: Ըստ Թ.Պողոսյանի՝ իշխանությունը մեկ ելք ունի՝ իրագործել արդեն երկու տասնամյակ օրակարգում առկա կոռուպցիայի դեմ պայքարը, լուծել ներքին խնդիրները, ինչը լավագույն ապացույցը կլինի, որ պատրաստ ենք «և-և»-ին. «Այս խնդիրները պահանջում են ներքին քաղաքական, վարչական փոփոխություններ, իսկ կա՞ արդյոք քաղաքական կամք, այս հարցի պատասխանը, որին վստահ եմ նաև ԵՄ-ն է սպասում, և մեր ժողովուրդը, չի երևում»:

Տեսանյութեր

Լրահոս