«ԵՄ-ն սահմանափակ գործիքներ ունի ՀՀ անվտանգությունը երաշխավորելու հարցում»

Մեր զրուցակիցն է ամերիկյան Մարշալ հիմնադրամի Արևելյան և Կենտրոնական Եվրոպայի` Բրատիսլավայի մասնաճյուղի ղեկավար, 1991-92 թվականներին Սլովակիայի արտգործնախարար, հեղինակավոր վերլուծաբան Պավոլ Դեմեշը

– Պարոն Դեմեշ, նախորդ ամիս Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Արևելյան հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների հարցով հանձնակատար Յոհանես Հանը ներկայացրին «Արևելյան գործընկերություն» ծրագրի նոր տարբերակը` կարևորելով ԱլԳ յուրաքանչյուր երկրի նկատմամբ տարբերակված քաղաքականությունը։ Հաշվի առնելով դա` կարելի՞ է հուսալ, որ Հայաստանը չի հայտնվի Ադրբեջանի և Բելառուսի հետ նույն մակարդակում և կունենա առանձնահատուկ դիրք այդ ծրագրում։ Թեև ՀՀ-ն արդեն ԵՏՄ անդամ է, շարունակում է հավատարիմ մնալ իր մասնակցությանը ԵՄ ԱլԳ ծրագրին, որում ՀՀ ապագան դեռ անորոշ է։ Դուք ի՞նչ ապագա եք տեսնում Հայաստանի համար։

– ԵՄ-ն բարդ և անկանխատեսելի հարևանություն ունի։ Խոսքը և՛ հարավային, և՛ արևելյան հարևանության մասին է։ ԵՄ նոր ղեկավարության համար, որն իր դիրքորոշումները հստակեցրեց նախորդ տարվա վերջին, հատկապես Արևելյան Եվրոպան դարձել է գլխավոր առաջնահերթություն նաև ռուս-ուկրաինական հակամարտության պատճառով, որը ողջ մայրցամաքի կայունության և խաղաղության համար հեռու գնացող հետևանքներ կարող է ունենալ։ «Արևելյան գործընկերություն» ծրագրի վեց երկրներն աշխարհաքաղաքական բախման առարկա են դարձել, միևնույն ժամանակ` այս երկրներից մի քանիսն ավելի մոտ են ԵՄ-ին, իսկ մյուսները` Ռուսաստանի կողմից կառավարվող Եվրասիական տնտեսական միությանը։

Եթե Հայաստանը միանար ԵՏՄ-ին նույնիսկ անցյալ աշնանը, ապա ԵՄ-ն, միևնույն է, չի պատրաստվում հրաժարվել այդ երկրից։ Հայաստանի դեպքում տարբեր հնարավորություններ կան ԵՄ երկրների հետ համագործակցության տեսանկյունից` և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՛ մարդկային շփումների ոլորտում։

– ՀՀ ԵՏՄ անդամակցությունից հետո ՀՀ իշխանությունների ներկայացուցիչներն առիթ ունեցել են պնդելու, թե ցանկանում են շարունակել ԵՄ-ի հետ բարձր մակարդակի հարաբերություններն Ասոցացման համաձայնագրին համարժեք համաձայնագիր ստորագրելու հեռանկարով։ Ներկայումս, ըստ ԵՄ պաշտոնյաների, Ասոցացման համաձայնագիրն այլևս օրակարգում չէ։ Ի՞նչը պետք է գա փոխարինելու Ասոցացման համաձայնագրին։

– Ես վստահ եմ, որ Հայաստանի շահերից է բխում ԵՄ-ի հետ հարաբերությունների անխափանությունը։ Հայաստանի արժեքային համակարգը եվրոպական է։ Հայաստանի առանձնահատկությունն այն է, որ հայերի մեծամասնությունն ապրում է Արևմուտքում և պահպանում է կապերը հայրենիքի հետ` նաև իր նախնիների երկրի համար լոբբի իրականացնելով։ ԵՄ «Արևելյան գործընկերության» ծրագրի մաս կազմող յուրաքանչյուր երկիր, այդ թվում՝ Հայաստանը, իր սեփական արժանիքների համաձայն կգնահատվի, խթանման վրա հիմնված մոտեցման համաձայն։

– Վերջերս ԵՄ-ն հայտարարություն էր տարածել ԼՂ հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այսինքն` ԵՄ երկրները սկսում են հասկանալ անվտանգության կարևորությունը երկրների արտաքին քաղաքականության ընտրության հարցում։ Հայաստանը որոշեց միանալ ԵՏՄ-ին՝ ունենալով անվտանգության խնդիրներ։ Հնարավո՞ր է` այս ուղղությամբ ԵՄ-ն վերանայի իր մոտեցումները։

– Սա շատ համակարգային հարց է։ Այն ժամանակից ի վեր, երբ Հայաստանը միացավ ԵՏՄ-ին, կարծում եմ, որ ԵՄ-ն սահմանափակ գործիքներ ունի երաշխավորելու ՀՀ անվտանգությունը։

– Առջևում Ռիգայում կայանալիք ԱլԳ գագաթաժողովն է, որը, ըստ մի շարք արևմտյան փորձագետների, պետք է բեկումնային լինի, եթե հաստատվի, որ ԵՄ-ն դասեր է քաղել ուկրաինական ճգնաժամից։ Ըստ Ձեզ` քաղե՞լ է արդյոք ԵՄ-ն դասեր։

– Ռիգայում կայանալիք գագաթաժողովի հիմնական քաղաքական թիրախը պետք է լինի պաշարներ հավաքելը, կոնսոլիդացիան և ԱլԳ ապագան։ Դա հեշտ հանդիպում չի լինելու, քանի որ Ռուսաստանը զգում է, որ ԱլԳ երկրներն իր ռազմավարական հետաքրքրությունների մասն են կազմում։ Եվ ոչ միայն դա։ Ռուսաստանն առճակատման քաղաքականություն է սկսել Արևմուտքի դեմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Եվրոպայում ամենալուրջ անվտանգության խնդիրներն են առաջացել։

Ինչ վերաբերում է Հայաստանի անհանգստություններին, Ռիգայի գագաթաժողովը, սպասվում է, որ կհստակեցնի ԵՄ-ի մտադրությունը Հայաստանի հետ հարաբերությունները շարունակելու հարցի վերաբերյալ։ Ակնհայտ է, որ ժողովրդավարությունն ու մարդու իրավունքները լինելու են երկխոսության գլխավոր բաղադրիչը։

Տեսանյութեր

Լրահոս