Լուկաշենկոն ԵՄ-ին կոչ է արել հստակեցնել ԵՏՄ-ի հետ համագործակցության առանցքային ուղղությունները
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ ԵՄ-ն պետք է հստակեցնի ԵՏՄ-ի հետ համագործակցության առաջնահերթ ուղղվածությունները. «Եթե Եվրոպայում որևէ մեկը կարծում է, որ այս միավորումը (ԵՏՄ) կարելի է չնկատել, ապա դա ճիշտ չէ:
Կարծում եմ, որ ԵՄ-ն պետք է հստակեցնի ԵՏՄ-ի հետ համագործակցության մի շարք ուղղություններ»: Ընդգծվում է, որ Լուկաշենկոն այս հայտարարությունն արել է այսօր Մինսկում, ուր ընդունել է ԵՄ-ի ընդլայնման ու հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհաննես Հանին: Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել նրա վրա, որ այսօր ԵՏՄ-ի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում աշխարհի մի շարք երկրներ, ինչը, մասնավորապես, վերաբերում է ասիական երկրներին:
Լուկաշենկոյի կարծիքով՝ ԵՄ-ն պետք է իմանա ԵՏՄ-ի զարգացման հիմնական միտումների մասին, և հնարավոր է՝ ապագայում նրա հետ համագործակցի և իրագործի Լիսաբոնից մինչև Վլադիվոստոկ մեր արած համագործակցության նախաձեռնությունը: