Իրանական թնջուկի հանգուցալուծո՞ւմ. նոր իրավիճակ և նոր հեռանկարներ տարածաշրջանի համար
Ապրիլի 2-ին Շվեյցարիայի Լոզան քաղաքում Իրանը և նրա միջուկային ծրագրի հարցերով միջազգային դիտորդների «Վեցյակը» (ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ 5 երկրները և Գերմանիան) հասան նախնական համաձայնության, որով, կարծես թե, վերջնական լուծում կստանա բազմամյա միջուկային թնջուկը։ Առայժմ վերջնական փաստաթուղթ չի ստորագրվել, սակայն նախատեսվում է, որ մինչև 2015թ․հունիսի 30-ը կստորագրվի համապարփակ, վերջնական համաձայնագիր, որով Իրանը կսահմանափակի իր միջուկային ծրագիրը, իսկ փոխարենը նրա վրայից կհանվեն պատժամիջոցները։
Իրանի և Արևմուտքի միջև սկիզբ առած «ձնհալը» աշխարհի մայրաքաղաքներում հույսեր է առաջացնում, որ վերջապես կլուծվի Թեհրանի միջուկային ծրագրի խնդիրը, և այդ երկիրը կարող է մոտ ապագայում դառնալ ԱՄՆ-ի և Եվրամիության հուսալի գործընկերը մերձավորարևելյան տարածաշրջանում:
Իրանն ունի նավթի և գազի ահռելի պաշարներ. տարբեր հաշվարկներով այդ երկրին է բաժին ընկնում գազի համաշխարհային պաշարների 16-18%-ը։ Իրանը գազի պաշարներով աշխարհում զբաղեցնում է երկրորդ, իսկ նավթի պաշարներով՝ երրորդ տեղը։
Որոշ վերլուծաբանների կարծիքով մոտ ապագայում ԱՄՆ-ը և Եվրամիությունը կարող են Իրանը լրջորեն դիտարկել որպես Ռուսաստանին փոխարինող երկիր Եվրոպային գազ մատակարարելու հարցում, որով Կրեմլը կզրկվի իր քաղաքական զինանոցի վերջին հզոր զենքից՝ գազից։ Վերջինիս միջոցով նա ճնշումներ է գործադրում այլ պետությունների վրա:
Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ Իրանը կարող է երկարաժամկետ կտրվածքով գազ արտահանել Եվրոպա, և իրենք հուսալի գործընկեր կարող են լինել եվրոպացիների համար:
Եթե, այնուամենայնիվ, Իրանի միջուկային խնդիրը լուծվի, առաջ է գալու այդ երկրի գազը Եվրոպա հասցնելու հարցը, և մի շարք մայրաքաղաքներ արդեն իսկ պայքար են մղում իրանական գազի փոխադրման տրանզիտ երկիր դառնալու համար։
Հավանական տարբերակներից առաջինը «Փարս» գազամուղի նախագծով իրանական գազը «Հարավային Փարս» հանքավայրից Թուրքիայի տարածքով Եվրոպա արտահանելն է։ Չնայած Իրանի և Թուրքիայի միջև Սիրիայի և Եմենի հարցում գոյություն ունեցող հակասություններին՝ իրանական գազը Թուրքիայի տարածքով դեպի Եվրոպա տեղափոխելը ներկայումս ամենահուսալի տարբերակն է:
Իհարկե, Իրանը չի ցանկանում տեսնել տարածաշրջանում իսլամական աշխարհի առաջնորդ դառնալու ձգտումներ ունեցող Թուրքիայի դիրքերի այդպիսի ուժեղացում, սակայն վերջինիս տարածքով իրանական գազը դեպի Եվրոպա փոխադրելու տարբերակը ամենաշահավետն ու ամենաանվտանգն է։ Պետք է նշել, որ դրանով Թուրքիան ավելի մեծ կշիռ ձեռք կբերի տարածաշրջանում, ինչը ցանկալի չէ Եվրամիության, Իրանի և Հայաստանի համար։
Իրանական գազի Եվրոպա տեղափոխման երկրորդ տարբերակը «Հարավային գազային միջանցք»-ին Իրանի միանալն է: Այն մի նախագիծ է, որով նախատեսվում է մեծացնել Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազամուղի տարողությունը, ինչպես նաև կառուցել Անդրանատոլիական «ՏԱՆԱՊ» (TANAP) գազամուղը, որը ձգվում է Ադրբեջանից Թուրքիա, այնուհետև Եվրոպա՝ միանալով Անդրադրիատիկ գազամուղի «ՏԱՊ» (TAP) նախագծին, որով գազը Թուրքիայից պետք է հասնի եվրոպական մի շարք երկրներ։
«ՏԱՆԱՊ» գազամուղի հիմնարկեքի արարողությունը տեղի ունեցավ 2015թ․մարտի 17-ին Կարսում, որին մասնակցեցին Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահները։ Այս նախագծի հիմնական նպատակը Եվրոպայում ռուսական գազից կախվածությունը վերացնելն է և էներգետիկ աղբյուրների դիվերսիֆիկացիան։ Այդ մասին բազմիցս հայտարարել են եվրոպացի պաշտոնյաները։ Նրանք չեն թաքցնում, որ ցանկանում են թուլացնել Եվրոպայի կախվածությունը ռուսական գազի մատակարարումներից:
«Հարավային գազային միջանցք»-ին հիմնական գազ մատակարարող երկիրը պետք է լինի Ադրբեջանը, սակայն հնարավոր է՝ այդ նախագծին միանան նաև Թուրքմենստանը և Իրանը։ Առաջին մատակարարումները Եվրոպա նախատեսված են իրականացվել 2019-2020թթ.։ Սպասվում է, որ 2020թ. «Հարավային գազային միջանցք»-ի միջոցով կապահովվի ԵՄ գազի պահանջարկի 10-20 %-ը։
Ապրիլի 2-ին Լոզանում Իրանի և «Վեցյակ»-ի միջև կայացած նախնական համաձայնությունից հետո արդեն իսկ «ՏԱՆԱՊ» գազամուղին միանալու համար Իրանին որոշ առաջարկներ են արվել:
Մասնավորապես, 2015թ ապրիլի 5-ին Ադրբեջանի պետական նավթային ընկերության՝ «SOCAR»-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը հայտարարեց, որ Իրանը շահագրգռված է Անդրանատոլիական «ՏԱՆԱՊ» գազամուղի մասնաբաժնի գնմամբ։ Նա նաև նշեց, որ Թեհրանի վրայից պատժամիջոցները հանելուց հետո Իրանը կավելացնի արդյունահանման ծավալները, և «ՏԱՆԱՊ»-ից բացի իրանական գազի արտահանման այլ ճանապարհ գոյություն չունի։ Դրանից մի քանի օր անց նույնանման հայտարարությամբ հանդես եկավ նաև Թուրքիայի Էներգիայի և բնական պաշարների նախարար Թաներ Յըլդըզը:
Տեսականորեն հնարավոր է նաև, որ իրանական գազը Եվրոպա փոխադրվի երրորդ երթուղով՝ «Նաբուկկո» (NABUCCO) գազամուղի միջոցով, որը, սակայն, դեռևս անավարտ նախագիծ է։ Այն ներկայումս սառեցված է, սակայն կարող է գործարկվել, և իրանական գազը Ադրբեջանի, Վրաստանի ու Թուրքիայի տարածքով կհասնի Եվրոպա։
«Նաբուկկո» գազամուղի նախագիծը մշակվել է դեռևս 2002թ.։ Սկզբնական շրջանում նախատեսված էր, որ գազը իրանական հանքավայրերից կտեղափոխվի Ադրբեջան, որտեղից էլ Վրաստանի և Թուրքիայի միջոցով՝ Եվրոպա:
Իրանի միջուկային խնդրի հետ կապված 2006թ. որոշում ընդունվեց Իրանին հեռացնել «Նաբուկկո» գազամուղի նախագծից և այդ երկրի փոխարեն նախագծի մեջ ընդգրկել Թուրքմենստանին և Ուզբեկստանին։ Հետագայում Արևմուտքի հետ Ուզբեկստանի հարաբերությունների վատթարացումից հետո որոշվեց վերջինիս ևս դուրս դնել նախագծից:
Սկզբնական շրջանում նախատեսված էր սույն գազամուղի շինարարությունը սկսել 2011թ․ և ավարտել 2014թ., սակայն գազի հնարավոր մատակարարների հետ կապված խնդիրների պատճառով դրա շահագործումը մի քանի անգամ հետաձգվեց։ Պարզվեց, որ ադրբեջանական «Շահ-Դենիզ» հանքավայրի գազի ծավալները բավարար չեն նախագիծը շահութաբեր դարձնելու համար։
2013թ. հայտարարվեց, որ «Նաբուկկո» նախագիծը դադարեցվում է, սակայն հնարավոր է այն գործարկվի ձևափոխված տեսքով՝ նախագծի մեջ ընդգրկելով Իրանին։ Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ իրենց երկիրը պատրաստ է միանալ «Նաբուկկո» գազամուղին։ Նախագծին Իրանի մասնակցության օգտին բազմիցս արտահայտվել է նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա մի քանի անգամ հայտարարել է, որ առանց Իրանի «Նաբուկկո» նախագիծը ոչ մի նշանակություն չի ունենա։
Իրանական գազը Եվրոպա փոխադրելու չորրորդ տարբերակն է Իրան-Հայաստան-Վրաստան գազամուղի կառուցումը, որը Սև Ծովի հատակով իրանական գազը կարող է հասցնել Եվրոպա: Դա Իրանի համար ամենացանկալի տարբերակն է, քանի որ նրա շահերից չի բխում Թուրքիայի և Ադրբեջանի դիրքերի ուժեղացումը տարածաշրջանում։
Իրանի համար Հայաստանը հուսալի գործընկեր է։ Իրանցի պաշտոնյաները բազմիցս հայտարարել են, որ ցանկանում են Հայաստանի հետ հարաբերությունները խորացնել բոլոր, այդ թվում նաև էներգետիկ ոլորտում: Սակայն, հաշվի առնելով Հայաստանի՝ Ռուսաստանից ունեցած կախվածությունը՝ այս տարբերակը Իրանի համար առայժմ հուսալի չէ, քանի որ Կրեմլը չի ցանկանում զրկվել դեպի Եվրոպա գազի մատակարարման իր մենաշնորհից։
Դեռևս 2005թ, երբ նոր էր կառուցվում Իրան-Հայաստան գազամուղը, մի շարք ռուս պաշտոնյաներ մտահոգություն հայտնեցին, որ այն ռազմավարական շահերի տեսանկյունից կարող է լուրջ սպառնալիք դառնալ Ռուսաստանի համար։ Հայաստանի վրա Ռուսաստանի գործադրած ճնշումների արդյունքում հայ-իրանական սահմանի Մեղրիի հատվածից սկսած գազամուղի տրամագիծը կրճատվեց՝ հասնելով 711մմ, այն դեպքում, երբ գազամուղի իրանական հատվածում այն 1,5 մ է։
Ի շարունակություն՝ անցած տարիների ընթացքում Ռուսական «Գազպրոմ»-ը ձեռք բերեց նաև հայ-իրանական գազամուղը, որով, փաստորեն, այլևս որևէ հնարավորություն չկա իրանական գազը Հայաստանի տարածքով Եվրոպա արտահանելու համար։ Հետևաբար, իր գազը Եվրոպա փոխադրելու համար Իրանին լուրջ երաշխիքներ տրամադրելու դեպքում միայն, այդ երկիրը կարող է մասնակցել Հայաստանի տարածքով նոր գազամուղի կառուցմանը, քանզի Թեհրանը պետք է վստահ լինի, որ գազամուղը կգործի անխափան։
Հայաստանի տարածքով Եվրոպա գազ արտահանելու հնարավորության մասին օրերս հայտարարեց նաև ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամադ Ռեիսին, ով հայկական հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում նշեց, որ Հայաստանն իրանական գազը Եվրոպա արտահանելու ապահով և տնտեսապես ձեռնտու ճանապարհ է։ Նա մասնավորապես ասաց. «Իրանական գազը Եվրոպա արտահանելու վերաբերյալ դեռևս խոսակցություն չի եղել, սակայն, եթե նման քննարկումներ լինեն, ապա որպես կարճ, ապահով և տնտեսապես ձեռնտու ուղղություն կարող է լինել նաև Հայաստանի տարբերակը»։
Թե ինչպես մոտ ապագայում կզարգանան Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունները, վերջնականապես պարզ չէ, բայց Հայաստանը պետք է պատրաստ լինի բոլոր դիպաշարերին (սցենարներին)։ Մի բան առնվազն ակնհայտ է․Հայաստանը, շրջափակված լինելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, շահագրգռված է կայուն և հզոր Իրան տեսնելու հարցում։
Իրանը Հայաստանի համար բնական դաշնակից է։ Չնայած մեծ ներուժին՝ Հայաստանի և Իրանի տնտեսական հարաբերություններն այդքան էլ զարգացած չեն, քանի որ Իրանի նկատմամբ սահմանված միջազգային պատժամիջոցները խոչընդոտում են Երևանի և Թեհրանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը:
Հայաստանի և Իրանի առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը հատկապես կխթանի Իրան-Հայաստան երկաթուղու կառուցումը։ Դա Հայաստանին կտա իր ապրանքները Իրան և Իրանի տարածքով՝ Պարսից Ծոցի երկրներ արտահանելու, իսկ Իրանին՝ Հայաստանի տարածքով դեպի Վրաստան, այնտեղից էլ՝ Եվրոպա և Ռուսաստան ելքի հնարավորություն։
Ուստի մեծապես Հայաստանի շահերից է բխում Իրանի և Արևմուտքի միջև հարաբերությունների բարելավումը։ Իրան-Հայաստան երկաթգծի նախագիծը գնահատվում է 3-4 մլրդ դոլլար։ Իրանի վրայից պատժամիջոցները հանելուց հետո Իրանը նավթի և գազի վաճառքից կստանա բավականին մեծ եկամուտներ, որի շնորհիվ կարող է նաև ներդրումներ կատարել և կառուցել այդ երկաթգիծը։
Պետք է նշել, որ «Հարավային գազային միջանցք»-ի ստեղծումից հետո Ադրբեջանը լուրջ գործոն է դարձել տարածաշրջանում, և ի հակակշիռ դրան՝ Հայաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի իրանական գազի՝ Եվրոպա արտահանման տրանզիտ երկիր դառնալու համար։ Հայաստանը տարածաշրջանում կմեծացնի իր կշիռը և կարող է լրջորեն բարձրացնել նաև իր անվտանգության մակարդակը։ Եթե հերթական էներգետիկ ծրագիրը շրջանցի Հայաստանը, ապա նա էլ ավելի կմեկուսացվի աշխարհից։
Այդպիսով, Իրանի միջուկային խնդրի լուծման դեպքում Հայաստանի համար կստեղծվեն լավ հնարավորություններ՝ նրա հետ տնտեսական կապերն ամրապնդելու և անվտանգության մակարդակը բարձրացնելու առումներով:
Արմեն Վարդանյան
Միջազգային և Անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ
Իրանի ծրագրի ղեկավար