
Թուրքիայի խորհրդարանի 3 հիմնական ուժերը դատապարտել են Եվրոպական խորհրդարանի բանաձևը

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի նախագահ Ջեմիլ Չիչեքը և խորհրդարանում ներկայացված երեք հիմնական ուժերը՝ իշխող «Արդարություն ու զարգացում» կուսակցությունը (ԱԶԿ), ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) և «Ազգայնական շարժում» կուսակցությունը (ԱՇԿ) երեկ համատեղ հայտարարություն են տարածել, որում դատապարտել են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը.
«Մենք ցավով ընդունեցինք Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևը, որը չունի իրավական ուժ: Վճռականորեն դատապարտում ենք նրա կանխակալ մոտեցումը, որը հակասում է խաղաղության, հանդուրժողականության ու պատերազմների ու հակամարտությունների փոխարեն ընդհանուր ապագա ձևավորելու գաղափարներին:
Եվրոպական խորհրդարանն իրեն օժտել է պատմաբանների ու միջազգային դատարանի գործառույթներով և Թուրքիային մեղադրում է այնպիսի լուրջ հանցանքի մեջ, ինչպիսին որ ցեղասպանությունն է:
Առաջին համաշխարհային պատերազմն աղետալի ժամանակաշրջան է եղել ողջ Օսմանյան կայսրության համար, մինչդեռ Եվրոպական խորհրդարանի բանաձևն ընդգծում է միայն հայերի աղետները»: