«Եթե Բարաք Օբաման այս տարի «ցեղասպանություն» բառը չօգտագործի՝ շատ վնաս կլինի Ամերիկայի ապահովության համար». Նինա Հովնանյան

Ապրիլի 12-ին Վատիկանում` Սուրբ Պետրոսի տաճարում, Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից պատարագ մատուցվեց` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Առաջին անգամ Հռոմի պապը պատարագ մատուցեց` հիշատակելով Հայոց ցեղասպանությունը։ Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ժողովուրդների դեմ կատարված ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել։ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն այդ օրն ի լուր աշխարհի 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածն անվանեց Ցեղասպանություն։ «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը պատուհասել է ձեր իսկ` հայ ժողովրդին»,- ասաց նա։ 168.am-ը սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանի դստեր՝ հագուստի դիզայներ Նինա Հովնանյանի կարծիքը հարցրեց տեղի ունեցածի մասին, որը բոլորը գնահատում են` որպես պատմական և աննախադեպ երևույթ:

«Ես ամեն դեպքում սպասում էի նման բան, որովհետև Հռոմի պապ Ֆրանցիսկոսն ուրիշ է, նա իրական քրիստոնեական մտածելակերպ ունի, ճշմարտությունը նրա համար շատ կարևոր է, և նրա համար կապ չունեն դիվանագիտական և քաղաքական հարցերը, նա քրիստոնյա է և ամեն ինչ ներկայացնում է մարդկային սկզբունքներից ելնելով»,- ասաց Նինա Հովնանյանը:

Ըստ նրա՝ Հռոմի պապի այդ հայտարարությունը ցույց է տալիս, որ կապ չունեն քաղաքական հարցերը. «Ճշմարտությունը ճշմարտություն պետք է լինի: Եթե նկատեցիք, դրանից հետո ամբողջ աշխարհի մամուլը, պատմաբանները տարբեր երկրներից ընդունեցին, որ անշուշտ այդպես է և այդպես է արխիվների մեջ, այդ հին պատմությունները, որոնց մասին մարդիկ վախենում էին խոսել, ամեն ինչ դուրս եկավ: Ինձ թվում է, որ եթե Բարաք Օբաման այս տարի «ցեղասպանություն» բառը չօգտագործի՝ շատ վնաս կլինի Ամերիկայի ապահովության համար, որովհետև դա կնշանակի, որ վախենում են: Եթե ձեր լիդերը վախ ունի, ուրեմն՝ երկիրն ապահով չէ»:

Հարցին՝ ինչի՞ց կամ ումի՞ց կարող է վախենալ Բ. Օբաման, Ն. Հովնանյանն այսպես պատասխանեց. «Թուրքերից, թուրքերն անընդհատ ասում են՝ եթե այդ բառն օգտագործեք, ուրեմն՝ մենք չենք թողնի, որ Ձեր ռազմաբազան օգտագործեք: Բայց, վերջիվերջո, Ամերիկան Ամերիկան է, ինչի՞ պետք է վախենա»:

Կարդացեք նաև

Ն. Հովնանյանը կարծում է՝ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն արդեն փակված է, քանի որ աշխարհը ճանաչում է: Ըստ նրա՝ հիմա ամենակարևորն այն է, թե ինչ է հետո լինելու. «Այսինքն՝ ի՞նչ է պետք, ծրագիր չունենք, մեր պահանջների ծրագիրը չունենք, ամբողջ ժամանակը մենք մեր բոլոր ջանքերը թափել ենք, որ աշխարհը ճանաչի Ցեղասպանությունը, բայց իմ հայրը, իմ հորեղբայրները տարիներ շարունակ ասում են՝ լավ, ճանաչում են, հետո՞: Այդ «հետո»-ի օրը հասել է: Չենք կարող միայն ասել՝ մեր հողերն ենք ուզում, ո՞վ պետք է գնա այդ հողերի վրա ապրի: Դրա համար իրական ծրագիր է պետք, որ հասկանանք՝ ի՞նչ է մեզ պետք: Ինձ համար պետք է, որ Արարատը մերը լինի, ճանապարհը մինչև Սև Ծով և Կիլիկիան»:

Հարցին էլ՝ ըստ Ձեզ՝ հայ-թուրքական հարաբերություններն ի՞նչ փուլ կմտնեն, ինչպիսի՞ն կլինի Թուրքիայի պահվածքը՝ հաշվի առնելով նաև այն փաստը, որ Վատիկանում իրենց դեսպանին անմիջապես հետ կանչեցին, Ն. Հովնանյանն այսպես պատասխանեց.

«Դրանք ձևեր են: Նրանք այդ նույնն արեցին, երբ Ֆրանսիան ճանաչեց, բայց հիմա շատ նորմալ հարաբերություններ ունեն Ֆրանսիայի հետ: Ինձ թվում է, որ իրենք պետք է ընդունեն, ժողովուրդը պատրաստ է, որ ընդունեն, և որքան շուտ՝ այնքան լավ, և իրենք վերջապես 21-րդ դարում կարող են շունչ քաշել և առաջ գնալ: Ինձ թվում է՝ ամեն ինչ խաղաղ պետք է լինի»:

Տեսանյութը՝ Սիլվա Խնկանոսյանի

 

Տեսանյութեր

Լրահոս