ԵՄ-ն սկսում է դիտարկել ԱլԳ երկրների և իր անվտանգության ապահովման հարցը. Ստիվեն Բլոքմանս
168.am-ը «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի օգնությամբ մի շարք հարցեր է ուղղել Եվրոպական քաղաքականության կենտրոնի (ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով միություն) ղեկավար Ստիվեն Բլոքմանսին:
– Պարոն Բլոքմանս, Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և Արևելյան հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների հարցով հանձնակատար Յոհանես Հանը ներկայացրին «Արևելյան գործընկերություն» ծրագրի նոր տարբերակը` կարևորելով ԱլԳ յուրաքանչյուր երկրի նկատմամբ տարբերակված քաղաքականությունը։ Հաշվի առնելով նոր մոտեցումները` ի՞նչ հույսեր կարող է ունենալ Հայաստանը ԵՄ-ի հետ հարաբերություններից:
– ՀՀ նախագահ Սարգսյանի զարմանալի շրջադարձից հետո ԵՄ-ն ու ՀՀ-ն սկսել են վերամշակել տապալված Ասոցացման համաձայնագիրը: Ներկայումս դժվար է կանխատեսել, թե որքանով կհաջողվի փրկել այդ համաձայնագիրը՝ արդեն հնացած Գործընկերության և համագործակցության համաձայնագիրը փոխելու փոխարեն: Այս տարի մայիսի 21-22-ին կայանալիք Ռիգայի գագաթաժողովին վիզային ռեժիմի ազատականացումն ու Հայաստանի կողմից «Հորիզոն 2020» քաղաքացիական ավիացիայի համաձայնագրի ստորագրումը միակ սպասելիքներն են:
– Միանալով ԵՏՄ-ին` Հայաստանը ցանկանում է բարձրաստիճան քաղաքական հարաբերություններ պահպանել ԵՄ-ի հետ, ինչպես երկու տարի առաջ, երբ Հայաստանը բարեհաջող կերպով ԵՄ-ի հետ բանակցում էր Ասոցացման համաձայնագիրը: Ըստ Ձեզ` Հայաստանի դեպքում ի՞նչ ձևաչափ է հնարավոր:
– ՀՀ-ԵՄ համագործակցության խորհուրդը շարունակում է իր գործունեությունը, այն հարթակ է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Եվրամիության արտաքին հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինիի, Արևելյան հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների հարցով հանձնակատար Յոհանես Հանի բանակցությունների համար: Հայաստանն ամենաբարձր քաղաքական մակարդակով շարունակում է մասնակցել ԱլԳ բազմակողմ ինստիտուտների աշխատանքին:
– Հայտնի է, որ ԵՄ-ն անվտանգություն ապահովող կառույց չէ, երաշխիքներ չի տրամադրում, այնինչ Արևելյան գործընկերության բոլոր երկրներն ունեն անվտանգության խնդիրներ, այդ թվում՝ Հայաստանը, որն այդ պատճառով միացավ Եվրասիական ինտեգրացիոն պրոյեկտներին: Այս ուղղությամբ լուծումներ գտնելու անհրաժեշտություն չե՞ք տեսնում:
– ԵՄ-ն փափուկ ուժ է: Ներկայումս ԵՄ-ն չունի ռազմավարական ինքնավարություն և ռազմական հնարավորություններ, որպեսզի ամուր անվտանգության երաշխիքներ տրամադրի ԱլԳ երկրներին, որոնք Մոսկվայի հետաքրքրությունների տիրույթում են: Ամեն դեպքում, ռուսաստանյան շոկը ԵՄ անդամ երկրներում և ԵՄ կենտրոնակայանում նոր քննարկումներ է բարձրացրել այն մասին, որ ռազմավարական տարածաշրջանում սեփական հետաքրքրությունների պաշտպանության համար անհրաժեշտ է մեծացնել ԵՄ ռազմական ինքնավարությունը:
Եվրոպական խորհուրդը հունիս ամսին, ինչպես սպասվում է, քննարկելու է ներուժի, բյուջետային և պաշտպանական ոլորտներում միավորվելու և միասնաբար գործելու ծրագրեր: Ինչպես մենք փետրվարին էներգետիկ միության ձևավորման ականատեսը դարձանք, որը վերջին տարիներին «Գազպրոմի» անկանխատեսելի քաղաքականության պատասխանն էր, այնպես էլ մենք այսօր կարող ենք տեսնել Եվրոպական պաշտպանական ապագա միության ստեղծման ճանապարհի առաջին քայլերը (European defence union): Այն կարող է գործել՝ ի հավելում ՆԱՏՕ-ի գործունեության, քանի որ ԵՄ-ն մեծ հետաքրքրություն ունի տարածքային պաշտպանության ինքնավար հզորության և հարևան տարածաշրջանների նկատմամբ: