Երեխաների մասնագիտական կողմնորոշման հարցում ծնողների խոսքը որոշիչ է
Ամբողջ աշխարհում այսօր 2 մլն ՏՏ ոլորտի աշխատողների պահանջարկ կա, որի դիմաց առաջարկվում է 800 հազար մասնագետ: Այս ոլորտում թափուր աշխատատեղեր կան նաև Հայաստանում, այն լրացնելու համար ծրագրեր են սկսել իրականացնել դեռևս դպրոցներից, քանի որ ոլորտի մասին տեղեկատվությունը լավագույնս փոխանցվում է դպրոցից տուն մոդելով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԻՏՁՄ փոխնախագահ Հայկ Չոբանյանը:
Չնայած այս ոլորտում թափուր աշխատատեղերին և բարձր վարձատրությանը, այնումենայնիվ, դեռևս երիտասարդների շրջանում արդիական են իրավաբանություն, տնտեսագիտություն և այլ առարկաները: Երևույթն, ըստ Հ. Չոբանյանի, տարածված է ամբողջ աշխարհով, պատճառն այն է, որ ՏՏ-ն գովազդված ոլորտ չէ, այդպես է նաև Հայաստանում:
«Քանի որ այս ոլորտն արտահանման համար է, այն չի գովազդվում, ընտրել են այն մասսայական դարձնելու ուղին դպրոցներից: Սա մշակութային խնդիր է, երեխաներից շատերի մոտ կոմպլեքսներ կան, ինժեներական լաբորատորիաներում նրանք կարողանում են մոտիկից շփվել սարքավորումներին, նախագծել, հասկանում են, որ դրանց մեծ մասը մեր երկրում է ստեղծում, հետևաբար՝ մեծանում է ոլորտի հանդեպ հետաքրքրվածությունը»,- նշեց բանախոսը:
Նրա խոսքով, շատ կարևոր է, որ դպրոցականների ծնողները ևս տեղյակ լինեն ոլորտից, քանի որ մասնագիտական կողմնորոշման հարցում նրանց խոսքը որոշիչ է. «Ես անձամբ դրան նորմալ եմ վերաբերում, ծնողները պետք է իրենց երեխաների հետ միասին հասկանան աշխարհի տրենդները, մենք նրանց հնարավորություն ենք տալիս նաև կապ ունենալ ընկերությունների հետ»:
Ինչ վերաբերում է գյուղերի դպրոցներին, ապա Հայկ Չոբանյանն ասաց, որ 60 լաբորատորիաներից 10-ը Երևանում են, մնացած 50-ը՝ մարզերում: