Արտոնագրային գործունեությունը կարգավորող օրենսդրությունը պարզեցվում է

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: «Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն» պետական հիմնարկության առաջարկով ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Արտոնագրային վճարների մասին» և ևս մոտ մեկուկես տասնյակ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով, մասնավորապես, առաջարկվում է արտոնագրային հարկը սահմանել տեղական հարկ, ինչը կհանգեցնի գործունեության այդ տեսակներով զբաղվողների ստվերի կրճատմանը, հանել շրջանառության 9 մլն դրամի շեմը, որի շնորհիվ արտոնագրային հարկով հարկվող ֆիզիկական անձը վերոնշյալ գործունեության համար հաշվառում վարելու անհրաժեշտություն չի ունենա, պարզեցնել օրենքի շարադրանքը, հստակեցնել օգտագործվող հասկացությունները և այլն: Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

Գործարար միջավայրի բարելավմանն է միտված նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնի մեկ այլ առաջարկ, որի համաձայն գործադիրը փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում է մաքսային և հարկային ոլորտներին: Միջազգային մի շարք պայմանագրերով նախատեսված հարկային, մաքսային և այլ պարտադիր վճարների արտոնությունից օգտվելու համար անձը ստիպված է լինում շփվել երեք պետական մարմնի հետ և ժամանակ ծախսել: Որոշման փոփոխությամբ ներդրվում է մեկ պատուհանի սկզբունքը, ինչի շնորհիվ կկրճատվեն փաստաթղթերի կրկնակի ներկայացումը, ժամկետը, ավելորդ վարչարարությունը, կստեղծվի տեղեկանքների ձեռք բերման առցանց հնարավորություն: Ավելի քան 14 մլն դրամ գնահատվող գործընթացի արժեքը կնվազի մինչև 307 հազար դրամ: Որոշման շնորհիվ ակնկալվող դրական փոփոխությունները կարևորել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ հատկապես շեշտելով ավելորդ վարչարարության կրճատումը:

Տեսանյութեր

Լրահոս