Իտալիա-Հայաստան. պատմական իրադարձություն
Ապրիլի 11-ին Իտալիայի Նեապոլ քաղաքի հովանավոր սրբերից մեկի` Գրիգոր Լուսավորչի, կամ, ինչպես իտալացիներն են նրան կոչում, Սուրբ Գրիգոր Հայի, մասունքների վերազետեղման ու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին ձոնված խաչքարի օրհնության առիթով եկեղեցական արարողություն կատարվեց։ Արարողությանը ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, Սուրբ Աթոռում ՀՀ արտակագ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը, Իտալիայում ՀՀ Արտակարգ և լիազոր դեսպան Սարգիս Ղազարյանը, Նեապոլի քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը, բարձրաստիճան այլ հյուրեր, Մայր Աթոռի հոգևոր հայրեր, Հայաստանից ժամանած հասարակական-քաղաքական գործիչների մեծ պատվիրակությունը։
Հայաստանում Գրիգոր Լուսավորչից մնացած միակ սրբությունը Լուսավորչի Աջն է (աջ ձեռքի սուրբ մասունքները, որոնք V-րդ դարում ամփոփվել են բազկի և մատների ձև ունեցող արծաթե պատյանում), որը նաև հայրապետական իշխանության գլխավոր պաշտոնական նշանակն է, և նրա առկայությունը կաթողիկոսարանում պարտադիր է։
Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների մեծ մասը Թորդանից տեղափոխվել և ամփոփվել է Զվարթնոցում։ Այնուհետև նշխարները տարվել են Կոստանդնուպոլիս։ Նրանց հիմնական մասը հայ կույսերը VIII դարի վերջին փոխադրել են Իտալիայի Նեապոլ քաղաք։
Այդտեղ, ի պատիվ Գրիգոր Լուսավորչի, կառուցվել է Սբ. Գրիգոր Հայի եկեղեցին` կուսանոցով։ Եկեղեցում պահպանվել են Գրիգոր Լուսավորչի գանգը` ամփոփված պղնձե և համակ ոսկեզօծ կիսարձանի մեջ, շղթայի մասեր և այլ նշխարներ։ Նեապոլի առաջին պաշտպան Սբ. Գենարիոս եպիսկոպոսից հետո Գրիգոր Լուսավորիչը ճանաչվել է քաղաքի երկրորդ երկնային պաշտպանը և ունի հատուկ տոն (սեպտեմբերի 30-ին)։ 2000թ. նոյեմբերի 11-ին Հռոմի Հովհաննես Պողոս II պապը Վատիկանում Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանին է հանձնել Գրիգոր Լուսավորչի մասունքների մի մասը, որը պահպանվում է Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու գավթում։
Հայոց առաջին կաթողիկոս Սուրբ Գրիգոր Լուսավորչի` Նեապոլի «Սան Գրեգորիո Արմենո» եկեղեցու մասունքարանում 1600-ական թվականներից պահվող գանգը 2015թ. ապրիլի 11-ին վերադարձվեց եկեղեցի և ներկայացվեց հանրությանը։ Հայոց առաջին կաթողիկոսի գանգը հազարամյակներ ի վեր պահվել է հատուկ տարածքում` մասունքարանում, գողության հնարավոր դեպքերից խուսափելու նպատակով։
Նույն օրը նաև տեղի ունեցավ Հայոց ցեղասպանությանը նվիրված հուշակոթողի` Ջուղայի խաչքարերից մեկի կրկնօրինակ խաչքարի բացման և օծման արարողությունը։ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը խաչքարի բացման և Սբ. Գրիգոր Լուսավորչի մասունքների վերադարձի կապակցությամբ հանդես եկավ ելույթով։ Ս. Սարգսյանին շնորհվեց Նեապոլ քաղաքի շքանշան, որը նրան հանձնեց քաղաքապետ Լուիջի դե Մաջիստրիսը։
Հռոմի պապի հայտարարությունները ցնցեցին աշխարհը
Ապրիլի 12-ին Վատիկանում` Սուրբ Պետրոսի տաճարում, Նորին Սրբություն Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից պատարագ մատուցվեց` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Պատարագը պատմական էր, քանի որ առաջին անգամ Հռոմի պապը պատարագ մատուցեց` հիշատակելով Հայոց ցեղասպանությունը։
Մինչ այժմ եղել են միայն աղոթքներ տարբեր ցեղասպանությունների զոհերի հոգիների հանգստության համար, բայց պատարագ դեռևս չէր մատուցվել։ Այդ օրը Հռոմի պապ Ֆրանցիսկոսը 1915 թվականին հայերի հետ տեղի ունեցածն անվանեց Ցեղասպանություն։ «20-րդ դարի առաջին ցեղասպանությունը պատուհասել է ձեր իսկ` հայ ժողովրդին»,- ասաց Հռոմի պապը։ Պատարագին, որը ուղիղ հեռարձակվում էր աշխարհով մեկ, մասնակցում էին Սերժ Սարգսյանը, Ամենայն Հայոց Գարեգին Բ կաթողիկոսը, Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, հայ կաթոլիկների պատրիարք Ներսես Պետրոս XIX-ը, աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրեր։ Սուրբ պատարագին շարականներով հանդես եկավ նաև Հայ Կաթողիկե եկեղեցու Գյումրու «Տիրամայր Հայաստան» կենտրոնի երգչախումբը` մաեստրո Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ։
Հռոմի պապը ողջունելով` նշեց, որ վերջին հարյուրամյակում մարդկությունը վերապրել է «երեք զանգվածային և աննախադեպ ողբերգություն»: Նա անդրադարձավ հույների և ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությանը, նացիզմի ու ստալինիզմի կողմից գործադրված ոճիրներին։ «Չարիքը թաքցնելը կամ ուրանալը նման է թույլ տալուն, որ վերքը արյունահոսի` առանց վիրակապելու այն»,- ասաց Պապը։ Պատարագի ընթացքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայ միջնադարյան հոգևորական, աստվածաբան, բանաստեղծ, երաժիշտ և փիլիսոփա Սուրբ Գրիգոր Նարեկացուն, ով համարվում է հայ գրականության վերածննդի հիմնադիրը, հռչակեց «Հռոմի տիեզերական եկեղեցու վարդապետ»` ունկնդրելով Սրբերի դատի ժողովի կարդինալական դասի և եպիսկոպոսների լիանիստ ժողովի դրական վճիռները։
Ավելի մեծ երկրաշարժ Թուրքիայում երբեք չէր եղել։ Սա էր թուրքական բոլոր լրատվամիջոցների հիմնական գլխագիրը։ Թուրքական բոլոր առաջատար մեդիա-հրապարակումներում (Hurriyet, Haberler, Sabah, Zaman, Beyazgazette, և այլն) պարբերաբար նշվում էր թուրքերեն ermeni soikirim (Հայոց ցեղասպանություն) արգելված բառը։ Հռոմի պապի հայտարարության պատճառով պատարագից նույնիսկ ժամեր չանցած` Թուրքիայի ԱԳՆ-ն Վատիկանում իր դեսպանին հետ կանչեց Թուրքիա` խորհրդակցությունների։
Beyazgazette. «Խոսելով Հայոց ցեղասպանության մասին` Հռոմի պապը խիստ կատաղեցրեց Անկարային, և համապատասխան արձագանք կստանա»։
Haberler. «Հռոմի պապի ելույթը Թուրքիայի համար շոկային էր։ Թուրքիան չէր պատկերացնում, որ այդպիսի համաշխարհային գրոհ կսկսվի իր դեմ»։
Haber azim. «Բազմաթիվ երկրների ղեկավարների կողքին Հռոմի պապը ևս տեր կանգնեց Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին»։
Ներկայացնենք նաև միջազգային մամուլի անդրադարձը.
BBC-ն` նշելով, որ Հռոմի պապ Ֆրանցիսկոսն Օսմանյան կայսրությունում կատարված հայերի զանգվածային սպանությունները որակել է` որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանություն, գրել է. իր ելույթում Ֆրանցիսկոսը մեկ շարքում է դասել Հայոց ցեղասպանությունը, Հոլոքոստը, խորհրդային տոտալիտար ռեժիմի գործողությունները։
Լրատվամիջոցը գրել է, որ Պապը, ով անցած տարի այցելել էր Թուրքիա, հրաշալի գիտակցում էր` «Ցեղասպանություն» բառի օգտագործումը կզայրացնի թուրքական կողմին, սակայն իր ազդեցիկ ուղերձը, ուր նշվում է, որ «թաքցնել կամ հերքել չարիքը, համարժեք է վերքն առանց վիրակապի` արնահոսության թողնելուն» տարածվել է նաև այլ, ավելի նոր շրջանի մասսայական ոճրագործությունների առիթով։
The Jerusalem Post թերթն անդրադառնալով պատարագին և Հռոմի պապի խոսքին, գրել է.
«Ապրիլի 4-ին լրացող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ` Իսրայելը պետք է հետևի Հռոմի պապի օրինակին և կանխամտածված սպանդը ճանաչի` որպես ցեղասպանություն։ Ինչպես նշել է Հռոմի պապը, ցեղասպանության ժխտումը թույլ է տալիս, որ չարիքը բորբոքվի, ինչպես որ չմշակված վերքի դեպքում է։ Հիտլերն ու նացիստական ռեժիմը նայել են Թուրքիայի թարախակալած բարոյական վերքին` ոգեշնչվելով իրենց ցեղասպանության համար։ Հռոմի պապը հրապարակավ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, այժմ Իսրայելի հերթն է»։
CNN-ը, անդրադառնալով պատարագին, նշել է, որ Թուրքիան բարկացել է և կարող է պատժել Հռոմի պապին` բացահայտ հայամետ հայտարարության համար։
FoxNews. «Անկարայի հետ հարաբերությունները սրելու Ֆրանցիսկոս պապի պատրաստակամությունն ապացուցեց, որ սկզբունքային, իրեն սրտամոտ հարցերում նա չի հապաղում, չի մտածում դիվանագիտական ռիսկերի մասին։ Ի՞նչ պետք է անի Թուրքիան Վատիկանի դեմ»։ Fox News-ն իր հրապարակման մեջ նաև նշել է, որ Սբ. Պետրոս տաճարում կիրակնօրյա պատարագի ընթացքում հնչել է հայկական ավանդական երաժշտություն, իսկ պատարագին մասնակից երեխաների հագին եղել է հայկական տարազ։
Wall street Journal. «Մինչև Պապ ընտրվելը Ֆրանցիսկոսը 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն էր անվանում։ Կիրակնօրյա պատարագին նրա հայտարարությունն ավելի ցայտուն էր, քան 2001թ. Հովհաննես-Պողոս 2-րդ պապինը։ Իսկ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մինչև նախագահ ընտրվելը ճանաչում էր ցեղասպանությունը, բայց հետո դրժեց խոստումը»։
Los Angeles Times-ը, անդրադառնալով Հռոմի պապի հայտարարությանը, գրել է, որ, թեև նա առաջինը չէ, որ Վատիկանի անունից ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, սակայն կիրակնօրյա հայտարարությունն առանձնահատուկ է, քանի որ արվել է Ցեղասպանության տարելիցի նախօրեին և Հայաստանի նախագահի ու հայ հոգևոր առաջնորդների ներկայությամբ։
Sky News-ի հաղորդմամբ` Թուրքիան շարունակում է ժխտել Ցեղասպանությունը, չնայած նրան, որ բազմաթիվ պատմաբաններ 1915-1917-ի իրադարձությունները որակում են որպես ցեղասպանություն։ Sky News-ը նշեց նաև, որ Անկարան բացատրություններ է պահանջել Վատիկանի ներկայացուցիչ Անտոնիո արքեպիսկոպոս Լուչիբելլոյից` Պապի` «ցեղասպանություն» որակման կապակցությամբ։
The Independent-ը գրել է, որ Ֆրանցիսկոս պապի հայտարարությունը հնչել է այն բանից հետո, երբ թուրքական մամուլը հաղորդել է` Թուրքիան բեմի հետևում մեծ ջանքեր է գործադրում` փորձելով հետ պահել հոգևոր առաջնորդին այդ քայլից։ Որոշ աղբյուրների համաձայն, ինչպես գրում է պարբերականը, թուրքական կողմը նաև փորձել է կանխել Մեծ եղեռնի առիթով Սուրբ պատարագը Վատիկանում։
Գերմանական Deutsche Welle-ը նշել է, որ Հռոմի պապի հայտարարությունը երախտագիտությամբ է ընդունվել հայկական կողմից։ Թերթը գրել է, որ չնայած հայերի նկատմամբ իրականացրած ոճրագործությունը չուներ բացեիբաց կրոնական բնույթ, Ֆրանցիսկոս պապը զուգահեռներ է անցկացրել հայ նահատակների և վերջին շրջանի քրիստոնյա փախստականների միջև, ովքեր փախել են իսլամական պետության հետապնդումներից։
USAtoday. «Հայերի սպանությունները որպես ցեղասպանություն են ճանաչվել բազմաթիվ երկրներում, բայց Թուրքիայի դաշնակիցներ Իտալիան և ԱՄՆ-ը խուսափել են օգտագործել այդ հակասական բառը։ Չնայած Իտալիան 2000թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, բայց այս օրերին նրա քաղաքական քայլերը սառը ցնցուղ էին թուրքերի համար»։ Անդրադառնալով Սբ. Պետրոս տաճարում մատուցված պատարագին, USAtoday-ը գրել է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հետ մեկտեղ, Վատիկանը 11-րդ դարի հայ հոգևորական Սուրբ Գրիգոր Նարեկացուն շնորհել է եկեղեցու դոկտորի տիտղոս, որը մինչ այդ ստացել է միայն 35 այլ անձ։ Մեջբերելով Հռոմի պապի խոսքերը` թերթը գրել է, որ չկա հայ ընտանիք, որին անդրադարձած չլինի Մեծ եղեռնը կամ Մեծ չարիքը։ Նա նաև նշել է, որ անցած դարի երեք ոճրագործություններից առաջինը բաժին է հասել հայ ժողովրդին` առաջին քրիստոնյա ազգին, ինչպես նաև կաթոլիկ և օրթոդոքս սիրիացիներին, ասորիներին, խալդերին և հույներին։
Իտալական La Repubblica թերթը 20-րդ դարի արյունալի դեպքերի մասին պատմող հոդվածում պատմել է Հայոց ցեղասպանության մասին` ներկայացնելով պատմական տվյալներ։ Թերթը շեշտել է, որ պատարագի ժամանակ Պապը հայ կաթոլիկ եկեղեցու եպիսկոպոսների հետ միասին տիեզերական եպիսկոպոսների շարքին է դասել Գրիգոր Նարեկացուն։
Times of Israel. «Ֆրանցիսկոս I-ի հայտարարությունը, որ Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները XX-րդ դարի առաջին Ցեղասպանությունն են, պայթյունավտանգ է և անպայման կբարկացնի Թուրքիային, բայց դրանից բացի` ուրիշ ոչինչ Թուրքիան անել չի կարողանա»։
Truth Revolt. «Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագի ժամանակ Հռոմի Ֆրանցիսկոս պապը հասկացրեց. միջազգային առաջնորդները, որոնք խուսափում են «ցեղասպանություն» բառից, վախկոտներ են։ Հռոմի պապը, որը չի վախենում ճշմարտությունն ասել, կիրակի դիվանագիտական սկանդալ հրահրեց»։
Wall Street Journal-ը գրել է, որ վերջին շրջանում թուրքական կողմը կոշտացրել է իր դիրքորոշումը և շարունակաբար մեղադրում է հայկական Սփյուռքին և արևմտյան առաջնորդներին` ցեղասպանության մեղադրանքի համար։
Թերթը նշել է, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցի մոտեցման հետ թեժանում է աշխարհաքաղաքական պայքարն այս հարցի շուրջ Վաշինգտոնում` հիշեցնելով, որ 2008 թվականին նախագահի թեկնածու Բարաք Օբաման խոստացել էր ճանաչել Հայոց ցեղասպանությունը, սակայն մինչև հիմա դա դեռ չի արել։
Ի դեպ, նախօրեին, ըստ Radiovaticana լրատվական կայքի, Հռոմի Ֆրանցիսկոս պապը Սուրբ Մարթա եկեղեցում անցկացվող պատարագի ժամանակ պատասխանել է Թուրքիայից հնչող դժգոհություններին, կոշտ հայտարարություններին. «Եկեղեցու ուղին անկեղծությունն է: Այն պետք է ազատ խոսի: Դա ապացուցում է Քրիստոսի Հարությունից հետո Սուրբ առաքյալների վարած կյանքը: Չկա այլ ճանապարհ, քան ասել ճշմարտությունը, նույնիսկ՝ դառը: Սուրբ հոգին ի վիճակի է փոխել մեր կյանքը և համարձակություն ու քաջություն տալ»,- ասել է Հռոմի պապը՝ իր բոլոր հետևորդներին կոչ անելով չվախենալ և ասել ճշմարտությունը:
Լուս.՝ ԶԱՎԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻ,
president.am-ի, «168 Ժամի»