![](/banners/BeFunky-design.jpg)
Ցեղասպանության վերաբերյալ Էրդողանի կոշտ հայտարարությունները կապված են Թուրքիայի խորհրդարանական ընտրությունների հետ. Մահչուփյան
![](https://168.am/wp-content/uploads/2015/04/IMG_0041.jpg)
Ստամբուլի հայկական «Ակօս» թերթին տված հարցազրույցի ժամանակ Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի գլխավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, որ Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Ռեջեփ Էրդողանի կոշտ հայտարարությունները կապված են հունիսի 7-ին Թուրքիայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ.
«Ընտրություններից առաջ Կենտրոնական Անատոլիայում (Թուրքիայում) գոյություն ունի 4 տոկոսանոց չկողմնորոշված ընտրազանգված, որոնք տատանվում են (իշխող) «Արդարություն ու զարգացում» կուսակցության (ԱԶԿ) ու «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) միջև: Հունիսի 7-ի ընտրությունների արդյունքները վճռելու են ապագա 10 տարիները:
Էրդողանի խոսքերով՝ որևէ բան ավելի կարևոր չէ, քան՝ առաջիկա 10 տարիները: ԱԶԿ-ի ընտրազանգվածը կազմում է 22 միլիոն մարդ: Դրա առնվազն 10 միլիոնն ազգայնականներն են: Եթե ԱԶԿ-ը լիներ քվեների 20 տոկոսը ստացող կուսակցություն, ապա այդ ժամանակ շատ հարցերի շուրջ կարտահայտվեր ավելի հստակ:
Սակայն նա քվեների մոտ 50 տոկոսը ստացող զանգվածային կուսակցություն է, և կանգնած է իր ընտրազանգվածի բոլոր հատվածների զգայական կողմը հաշվի առնելու անհրաժեշտության առջև»:
Հայերին թուրքական կողմի ուղերձների հետ կապված՝ Մահչուփյանը հիշեցրել է, որ նախ ԱԶԿ-ը (Էրդողան) հղեց «ցավակցական ուղերձ», ապա Դավութօղլուն ուղերձ հղեց՝ կապված Հրանտ Դինքի մահվան տարելիցի հետ.
«Այս տարվա ապրիլի 24-ի համար կան նման ակնկալիքներ: Դա տեղի կունենա, թե ոչ, չգիտեմ, հետին պլանում կարող են պատրաստվել ինչ-որ բաներ, սակայն ես տեղյակ չեմ դրանից: Եթե անգամ դա տեղի ունենա, ապա տոնը չի լինի շատ տարբեր»:
Անդրադառնալով նրան, որ թուրքական կուսակցությունները հունիսի 7-ի ընտրությունների համար առաջադրել են երեք հայի թեկնածություն՝ Մահչուփյանը ողջունել է այդ քայլը և հույս է հայտնել, որ նրանք երեքն էլ կհասնեն հաջողության:
Ապրիլի 12-ին Վատիկանում Հռոմի պապի մատուցած պատարագի և Հայոց ցեղասպանության վերաբերյալ նրա արած հայտարարության հետ կապված՝ Մահչուփյանը հայտարարել է, որ Հռոմի պապն այս տարի պետք է ինչ-որ բան ասեր 1915 թվականի ցեղասպանության մասին, ինչն էլ նա արել է դիվանագիտական տեսքով: Մահչուփյանը նշել է, որ իր կարծիքով Հռոմի պապն այդ կերպ ձերբազատվել է հոգևոր բեռից և արդարացրել է հասարակական սպասումները:
Հիշեցնենք, որ Էրդողանը նախկինում էլ է աչքի ընկել հայկական գործոնի կիրառմամբ ընտրություններից առաջ ազգայնական ընտրազանգվածի քվեները ստանալու փորձով: Քանի որ Թուրքիայի հայ համայնքը մեծաթիվ չէ, իսկ ազգայնականների թիվը հաշվվում է միլիոններով, ուստիև Էրդողանը նախապատվությունը տալիս է ազգայնականների քվեները խլելուն, նրանց սիրաշահելուն:
2011 թվականի հունիսի 12-ի խորհրդարանական վաղաժամ ընտրություններին ընդառաջ՝ հունվարին, տվյալ ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Սարիղամիշի ճակատամարտի (1914-1915թթ.) հերթական տարելիցի կապակցությամբ այցելեց Կարսի նահանգ և հայ-թուրքական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանն անվանեց «այլանդակ»՝ կարգադրելով ապամոնտաժել այն: Ապամոնտաժման գործընթացը մեկնարկել էր նույն թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 96-րդ տարելիցին: