ԲՀԿ-ն պաշտոնական նամակով դիմել է Հովիկ Աբրահամյանին
ՀՀ Ազգային Ժողովի Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրության արդյունքում առաջացած մի շարք խնդիրների վերաբերյալ ԲՀԿ խմբակցությունը այսօր պաշտոնական նամակով դիմել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին: Նամակում մասնավորապես ասված է.
«ՀՀ Ազգային Ժողովի Գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի ուսումնասիրությունները, դրա հիման վրա մշակված եզրակացությունը մի շարք լրջագույն հարցադրումներ, խնդիրներ և մտահոգություններ են առաջացնում, որոնք, մեր կարծիքով, պահանջում են համակողմանի և մանրակրկիտ քննարկում եւ կոնկրետ քայլերի ձեռնարկում:
Մասնավորապես՝
1. Գազի սակագնի ձևավորման գործող մեթոդաբանությունը կատարելագործման և ներկա իրավիճակին համապատասխանեցման անհրաժեշտություն ունի:
2. Բացահայտված լուրջ խնդիր է գազի մատակարարման և բաշխման համակարգում «այսպես կոչված» կորուստների նորմատիվային և գերնորմատիվային չափաքանակների հիմնավորումը և ճշգրտումը: Հայտնի է, որ սակագնային մեթոդաբանությամբ սահմանված է կորուստների 5.37% չափաքանակ, մինչդեռ՝ փաստացի ծավալները գերազանցում են այդ ցուցանիշը և կազմում մինչև 8.64 %:
Միայն գերնորմատիվային 3.3%-ը կազմում է տարեկան շուրջ 60 մլն մ3 գազ, որը միջին սակագնով 20 մլն ԱՄՆ դոլար է:
Լրացուցիչ պարզաբանման և հիմնավորման կարիք ունի կորուստների վերոնշյալ փաստացի ծավալը:
3. Հայաստանի Հանրապետության Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից գազամատակարարման համակարգում կորուստների նվազեցման, այլ ծախսերի արդյունավետությունը և նպատակայնությունը, ինչպես նաև՝ ամորտիզացիայի հաշվարկի խնդիրները անհրաժեշտ է դարձնել լրջագույն քննարկման առարկա:
4. Անհրաժեշտ ենք համարում նաև քննարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից մշտադիտարկումների, ներդրումային ծրագրերի ուսումնասիրման եւ հաստատման, լիցենզիաների պայմանների կատարման խնդիրները։
5. Անհրաշետություն կա նաեւ քննարկել ՀՀ ԱԺ-ում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հաշվետվողականության պարբերականության եւ արդյունավետության խնդիրը:
6. Կարեւորագույն խնդիր ենք համարում նաեւ անդրադառնալ «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ի 20% պետական բաժնեմասի վաճառքի և 300 մլն ԱՄՆ դոլար պարտքի ձևավորման օրինականության հարցում հանրապետության գործադիր իշխանության նախկին մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների իրավական պատասխանատվության խնդրին:
Պարո՛ն վարչապետ,
Կարծում ենք, որ թե՜ վերոնշյալ, թե՜ գազամատակարարման ոլորտին առնչվող բազմաթիվ այլ խնդիրներ անհրաժեշտ է հրատապ քննարկել կառավարությունում եւ տալ ինչպես օպերատիվ, այնպես էլ ռազմավարական բնույթի լուծումներ»:
ՀՀ ԱԺ ԲՀԿ ԽՄԲԱԿՑՈՒԹՅՈՒՆ
ԲՀԿ մամուլ ծառայություն