Բաժիններ՝

«Վատիկան գործողությունը» և ցեղասպանությունների համեմատությունը

Ապրիլի 12-ին Վատիկանում արձանագրվածը Հայոց ցեղասպանության 100-ամյակի ընդհանուր շրջագծում կարող է բնորոշվել իրադարձային հանգամանքով:

Հայկական գործոնը` իր պետական, հոգեւորական եւ դիվանագիտական բարձրագույն մակարդակներով ծրագրավորված եւ համակարգավորված արդյունավետ աշխատանքի արգասիքը ապահովեց անցյալ կիրակի քրիստոնյա աշխարհի կենտրոնատեղում:

Հետադարձ հայացքը կարող է բացատրողական լինել մեկնաբանելու համար մեր երկրի նախագահի դեպի Վատիկան ու Հռոմ կատարած այցելությունները, Վատիկանում դիվանագիտական ներկայացուցչություն հաստատելու, արտակարգ ու լիազոր դեսպան հավատարմագրելու, հայկական արվեստի, մշակույթի բարձրորակ ցուցադրություններ կազմակերպելու. տակավին` հայ կաթողիկե համայնքի կամրջման դերակատարությունը, վեհափառ հայրապետների մասնակցությունն ու բարձրացրած հարցերի եւ պահանջատիրական ու իրավատիրական համազգային առաջադրանքները համայն աշխարհին լսելի դարձնելու իրողությունները:

Այս բոլորն անառարկելի իրականություններ են, որոնց արգասիքը համապարփակ եւ փոխլրացուցիչ աշխատանքների պարունակում պետք է տեսնել` նկատելով նաեւ Վատիկանում արձանագրված Համահայկական հռչակագրի ճշտած առաջադրանքների միջազգային լուսարձակման փաստը:

Կարդացեք նաև

Իրավամբ, Վատիկանը ազդանշեց Հայոց ցեղասպանության 100-ամյակին առիթով նախաձեռնված նշումների ամենից տարողունակ եւ միջազգային մակարդակի վրա ամենից արձագանքող հանգրվանը: Մինչ այժմ: Սա նշանակում է, որ առնվազն միեւնույն բարձրակետի վրա մնացող այլ կարեւոր իրադարձություններ եւս կիրականանան մինչեւ ապրիլի 24-ը:

Վատիկանի գործողության մեկնաբանման մեջ գուցե օգտակար պիտի լինի նաեւ դիտարկել քաղաքական այժմեական հնչեղություն ունեցող այլ երեւույթներ եւ հանգամանքներ եւս: Թուրքական կարծր հակազդեցության շարունակականությունը նախ եւ առաջ կարող է մեկնաբանվել հերթական հակազդեցություն` ցեղասպանության հերթական ճանաչման առիթով: Նման ընթացքների, արդեն սովոր ենք ակնկալելու, որ հռետորության շեշտերը կնվազեն եւ տուն կանչված դեսպանը անաղմուկ կվերադառնա իր աշխատանքին:

Թերեւս նախապես իմանալով նման քայլի անարդյունավետության մասին, թուրքական իշխանությունը կատարում է այն, ավելի շուտ հետագա նմանօրինակ նախաձեռնությունները կանխելու ցանկությամբ:

Անկարայի ցուցադրած զգուշացումն ու կոպիտ արձագանքումը թվում է, որ միայն ցեղասպանության եզրի օգտագործմանը չի վերաբերում: Ֆրանցիսկոս պապի խոսքի հետեւյալ բաժինը ներկայացնում է որոշակի դիտարժանություն:

Այսպես. «Մեր քրիստոնյա եղբայրներից շատերը նաեւ իրենց ազգային պատկանելիության համար դաժանորեն սպանվում են, գլխատվում, խաչվում, ողջ-ողջ հրկիզվում, կամ բռնի կերպով տեղահանվում: Այսօր եւս, ցավոք սրտի, ապրում ենք մի տեսակ ցեղասպանություն, որի պատճառը համընդհանուր լռությունն է»:

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով այս զուգահեռը գծելը ամենից հզոր հարվածն է հասցված Անկարային: 20-րդ դարի առաջին եւ 21-րդ դարի մերօրյա ցեղասպանությունների համեմատություններով, Ֆրանցիսկոս պապը խորքի մեջ զուգահեռ գծում անցյալի ցեղասպանի եւ այսօրվա ցեղասպանների միջեւ եւ իրականացված ջարդերով, տեղահանություններով եւ սպանդներով նույնացնում է դրանց։

Թվում է, որ միջինարեւելյան տարածաշրջանում իրականացված էթնիկ զտումների հետևում այս ձեւով երեւում է Օսմանյան կայսրության ներկա ժառանգորդը, որը զինում է, աջակցում եւ ֆինանսաւորում ցեղային զտումներ գործադրողները:

Ցեղասպանության մասին Վատիկանում գտնվող արխիվների բացահայտման մասին լուրերը, եզրի օգտագործման եւ չօգտագործման թեականության շրջանառությունը եւ դեռեվս Ծիծեռնակաբերդ պապի առաջիկա այցելության շուրջ ստեղծված անորոշությունը այս ձեւով շրջվել են։ Իրերը կոչվել են իրենց անուններով եւ հարցի միջազգայնացման համար կատարվել է ժամանակակից ցեղային զտումների հետ համեմատություններ:

Վատիկանի կողմից Ցեղասպանության հարցի բարձրաձայնման նման առաստաղի բարձրացումը մտածել է տալիս, որ պատմական ճշմարտության ճանաչման եւ դատապարտման իրականությանն առընթեր, կա նաեւ ամբողջ տարածաշրջանում ապաքրիստոնեացման գործընթացի հետեւում կանգնած ուժի մատնացույց անելը, դատապարտելը: Միեւնույն պատասխանատուն տեսնելը:

«Այսօր եւս ապրում ենք մի տեսակ ցեղասպանություն, որի պատճառը լռությունն է»:

Պապի այս հայտարարությունը համահունչ է հայկական կողմի որդեգրած մոտեցմանը: Ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը, որպեսզի չկրկնվեն նոր ցեղասպանություններ:

Սկզբունքային այս մոտեցումները հայկականից միջազգային անցման քայլ են կատարում: Վատիկանը դա՜ է հաստատում։

Ընդհանրապես, համաշխարհային այն մեծ արձագանքը, որը ներկայումս դրսեւորվում է միջազգային քաղաքական, կրոնական, մշակութային, քարոզչական բեմերի վրա, մտածել է տալիս, որ գուցե այս ամենը նաեւ անուղղակի դրսեւորված վերաբերում է թուրքական վարքագծին ի պատասխան: Ինչ որ այս դեպքում կարող է ունենալ հետագա ավելի հեռուն տանող զարգացումներ:

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս