Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների թվում տեղ են գտել 6 հայեր. Forbes

Forbes պարբերականը 12-րդ անգամ հրապարակել է Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների վարկանիշային աղյուսակը: Այն գլխավորում է «Նորնիկելի» ղեկավար Վլադիմիր Պոտանինը, որի կարողությունը գնահատվել է 15.4 միլիարդ դոլար: Նախորդ տարի նրա կարողությունն աճել է 2.8 միլիարդ դոլարով:

Երկրորդ հորիզոնականը զբաղեցրել է «Ալֆա-գրուպ» կնսորցիումի ղեկավար Միխայիլ Ֆրիդմանը՝ 14.6 միլիարդ դոլար, որի կարողությունը նախորդ տարի նվազել է 3 միլիարդ դոլարով: Երրորդ տեղում նախորդ տարվա վարկանիշային աղյուսակի առաջատար Ալիշեր Ուսմանովն է՝ 14.2 միլիարդ դոլար: Նախորդ տարվա արդյունքներով նրա կարողությունը նվազել է 4.2 միլիարդ դոլարով:

Ռոման Աբրամովիչի կարողությունը գնահատվել է 9.1 միլիարդ դոլար, այդ ցուցանիշով նա հանգրվանել է 12-րդ հորիզոնականում: Առաջատարների ցուցակում ԵՄ-ի ու ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցների հետևանքով ամենաազդեցիկ տնտեսական կորուստներ կրած գործարարը Գենադի Տիմչենկոն է, իսկ ընդհանուր ցուցակում՝ ամբաստանյալի կարգավիճակ ստացած «Սիստեմա» ընկերության ղեկավար Վլադիմիր Եվտուշենկովը:

Նրա կարողությունը 6.2 միլիարդ դոլարից կրճատվել է մինչև 2.8 միլիարդ դոլարի, ինչն էլ հանգեցրել է նրան, որ Եվտուշենկովը 20-րդ հորիզոնականից նահանջել է 35-րդ հորիզոնական:

Նախորդ տարի Ռուսաստանում դոլարային միլիարդատերերի թիվը նվազել է 23-ով՝ 111-ից նահանջելով մինչև 88-ի: Նրանց կարողությունը նվազել է 73 միլիարդ դոլարով: Չնայած ճգնաժամին՝ 19 միլիարդատիրոջ հաջողվել է ավելացնել սեփական կարողությունը:

Ընդհանուր առմամբ Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների կարողությունը 2014 թվականին 481 միլիարդ դոլարից նվազել է մինչև 408 միլիարդ դոլարի: Forbes-ի ներկայացրած վարկանիշային աղյուսակում ընդգկվել են առնվազն 400 միլիոն դոլարի կարողություն ունեցող գործարարները:

Ռուսաստանի 200 մեծահարուստ գործարարների թվում ընդգրկվել են նաև մի շարք հայեր: Առաջատարը «Տաշիր» հոլդինգի ղեկավար, 49-ամյա Սամվել Կարապետյանն է՝ 4 միլիարդ դոլար: 2014 թվականի արդյունքներով նրա կարողությունը նվազել է 0.3 միլիարդ դոլարով: Եվ այնուամենայնիվ նախորդ վարկանիշային աղյուսակի հետ համեմատ նրա զբաղեցրած տեղը փոփոխության չի ենթարկվել:

«Ռոսգոսստրախի» համասեփականատեր, 43-ամյա Դանիլ Խաչատուրովը 54-րդ տեղում է՝ 1.6 միլիարդ դոլարով: Նախորդ տարվա արդյունքներով Խաչատուրովի ունեցվածքը նվազել է 1 միլիարդ դոլարով, ինչն էլ հանգեցրել է նրան, որ նա ամենահարուստ միլիարդատերերի թվում նահանջ է ապրել միանգամից 14 հորիզոնականով:

Գործարար, ներդրող և բարեգործ, 46-ամյա Ռուբեն Վարդանյանի կարողությունը գնահատվել է 0.95 միլիարդ դոլար: Նրա կարողությունն աճել է 0.1 միլիարդ դոլարով, իսկ զբաղեցրած տեղն առաջադիմել է միանգամից 32 հորիզոնականով:

«ՌԵՍՕ Գարանտիա» ընկերության ղեկավարներ Սարկիսով եղբայրները զբաղեցրել են 105-րդ ու 106-րդ տեղերը: 46-ամյա Նիկոլայ Սարկիսովի կարողությունը գնահատվել է 0.9 միլիարդ դոլարով: 2014 թվականին նրա կարողությունը նվազել է 0.2 միլիարդ դոլարով: Նրա դիրքը նվազել է 7 հորիզոնականով:

55-ամյա Սերգեյ Սարկիսովի կարողությունը նույնպես գնահատվել է 0.9 միլիարդ դոլարով: 2014 թվականին նրա կարողությունը նույնպես նվազել է 0.2 միլիարդ դոլարով: Նրա զբաղեցրած դիրքը նախորդ տավա համեմատ նույնպես նվազել է 7 հորիզոնականով:

44-ամյա ներդրող Ալբերտ Ավդոլյանը զբաղեցրել է 120-րդ տեղը՝ 0.75 միլիարդ դոլար: Նախորդ տարվա արդյունքներով նրա ունեցվածքը փոփոխություններ չի կրել, ինչը չի խանգարել, որ Ավդոլյանը Ռուսաստանի 200 ամենահարուստ գործարարների թվում իր դիրքերը բարելավի միանգամից 13 հորիզոնականով:

Տեսանյութեր

Լրահոս