Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Հայոց ցեղասպանության մասին Եվրոպական խորհրդարանի ընդունած բանաձևին
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ն արձագանքել է Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևին, որում Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Օսմանյան կայսրությունում 1.5 միլիոն հայերի զանգվածային սպանությունները որակվել են որպես ցեղասպանություն:
Բանաձևը Թուրքիային կոչ է անում օգտագործել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ հիշատակի միջոցառումները՝ հաշտվելու համար սեփական անցյալի հետ, ճանաչելու համար Հայոց ցեղասպանությունը և այդպիսով շարունակել ուղի հարթել հայ և թուրք ժողովուրդների միջև անկեղծ հաշտեցման համար:
Թուրքիայի ԱԳՆ-ը Եվրոպական խորհրդարանին մեղադրել է «պատմությունը վերաշարադրելու» փորձի մեջ՝ նշելով, որ նախկինում էլ են գրանցվել նման քայլեր (նկատի է առնվում այն, որ Եվրոպական խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող բանաձևեր ընդունել է նաև 1987, 2000 և 2002 թվականներին – 168.am):
Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ այդ բանաձևը «խոչընդոտում» է ԵՄ-ի ու Թուրքիայի փոխհարաբերությունների զարգացմանը՝ նշելով, որ այն կրկնում է «հայկական քարոզչությամբ զբաղվողների» դրույթները: Թուրքիայի ԱԳՆ-ը հիշեցրել է, որ 2014 թվականին Եվրոպական խորհրդարանի ընտրություններին մասնակցել է ԵՄ-ի քաղաքացիների միայն 42 տոկոսը՝ դրանով իսկ ակնարկելով նրա «ոչ լիարժեք» լինելը:
Թուրքիայի ԱԳՆ-ը հայտարարել է, որ «կանխակալ այդ բանաձևը ոչ միայն ունակ է վնասել Թուրքիայի ու ԵՄ-ի հարաբերությունները, այլև կհեռացնի Թուրքիայի ու Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորումը»: Թուրքիայի ԱԳՆ-ի կարծիքով՝ բանաձևը «հակասում» է ԵՄ-ի հաշտեցման ու խաղաղության մշակույթի հիմքերին:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը երեկ Ղազախստան մեկնելուց առաջ հայտարարել է. «Չգիտեմ, թե 1915 թվականի իրադարձությունների վերաբերյալ այսօր ինչ որոշում կկայացնի Եվրոպական խորհրդարանը: Ինչ որոշում էլ որ կայացնի, այն կմտնի մեր մի ականջից և դուրս կգա մյուս ականջից, որովհետև Թուրքիան այնքան կատարյալ է, որ հնարավոր չէ նման մեղք ընդունելը, անհնար է մեզ վրա բիծ թողնելը, ստվեր նետելը»: