Արթուր Ջավադյանն ընդունել է Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությանը
ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն այսօր ընդունել է Եվրասիական զարգացման բանկի պատվիրակությանը՝ նախագահ Դմիտրի Պանկինի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ Արթուր Ջավադյանը բարձր է գնահատել ԵԶԲ գործունեությունը Հայաստանում եւ համոզմունք հայտնել, որ պարոն Պանկինի այցը Հայաստան նոր թափ կհաղորդի Հայաստանում այդ կառույցի գործունեությանը: Հայաստանի կենտրոնական բանկի նախագահն առանձնակիորեն կարեւորել է Եվրասիական զարգացման բանկի դերակատարությունը երկրում փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման եւ ենթակառուցվածքների ֆինանսավորման ծրագրերում, որոնք էապես նպաստում են տնտեսական ակտիվությանը: Մասնավորապես ընդգծվել է «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու ծրագրում Եվրասիական զարգացման բանկի մասնակցությունը: Նշվել է, որ ծրագրի իրագործումը կնպաստի ոչ միայն տնտեսական զարգացման աճին, այլեւ տարածաշրջանային ավելի խոր ինտեգրմանը:
Միաժամանկ, կենտրոնական բանկի ղեկավարը իր խոսքում ակնկալիք է հայտնել, որ Եվրասիական զարգացման բանկն առաջիկայում ավելի մեծ հետաքրքրություն կցուցաբերի Հայաստանի ֆինանսական համակարգի այլ հատվածների՝ մասնավորապես կապիտալի շուկայի նկատմամբ՝ իր մասնակցությամբ նպաստելով ոլորտի զարգացմանն ու առաջընթացին:
Պարոն Պանկինն իր հերթին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և գոհունակությամբ նշել, որ ԵԶԲ-ն երկար տարիներ արդյունավետորեն գործակցում է ՀՀ բանկային համակարգի հետ, և պատրաստակամություն հայտնել ապագայում նույնպես նպաստել ինչպես արդեն գործող ծրագրերի ընդլայնմանը, այնպես էլ զարգացման նոր ծրագրերին՝ մասնավորապես ենթակառուցվածքային, էներգետիկ և այլ բնագավառներում:
Հյուրերի խնդրանքով պարոն Ջավադյանը ներկայացրել է ՀՀ ֆինանսական համակարգի հիմնական ցուցանիշները, ինչպես նաև Կենտրոնական բանկի կողմից վարվող քաղաքականության հիմնական ուղղությունները: Կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային զարգացումները և դրանց ներքո փոխգործակցության հնարավոր ուղղությունները: