«Վերջին մեկ շաբաթում եղավ այն, ինչը չէր եղել վերջին 25 տարում». Քաղտեխնոլոգ
«Մինչև մեկ շաբաթ առաջ կարելի էր ասել, որ քիչ բանով էր երևում, որ մենք՝ հայ ազգը, պատրաստվում է նշել Ցեղասպանության 100-ամյա տարելիցը, բայց վերջին մեկ շաբաթում, կարծում եմ, եղավ այն, ինչը չէր եղել վերջին 25 տարում, եթե ոչ ավելի շատ՝ Հայաստանի ճանաչման, Ցեղասպանության ճանաչման, հայ ազգի՝ որպես աշխարհի վրա գոյություն ունեցող ազգի ճանաչման առումով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը՝ նշելով, որ թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական մակարդակով վերջին 7-8 օրվա արվածը դեռևս մեծ արձագանք կունենա:
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն էլ համաձայնելով Կ. Քոչարյանի կարծիքի հետ՝ ասաց, որ այս միջոցառումների շարքը, որն իրականացվում է, ունի երկու թիրախային խումբ՝ Հայաստանի ներսում և դրսում:
«Ես ավելի հաջողված եմ համարում երևի թե այն, ինչ ուղղված է դեպի դուրս: Վերջին շաբաթվա ընթացքում մենք դա տեսանք, դա, բնականաբար, նախ և առաջ՝ Հռոմի պապի մատուցած պատարագն էր, որն ունի ոչ միայն զուտ եկեղեցական կամ բարոյական, այլև քաղաքական նշանակություն, և կարծում եմ՝ հետագայում մենք դրա արձագանքներն ավելի ուժեղ կլսենք: Հայաստանի՝ որպես բուն բրենդի ճանաչելիության բարձրացման և, մասնավորապես, Հայոց ցեղասպանության հարցի է՛լ ավելի ճանաչելիության առումով, իհարկե, Քիմ Քարդաշյանի և իր ամուսնու այցն էր կարևոր, որը բավականին հաջողված PR ակցիա էր»,- ասաց Վ. Հակոբյանը:
Հայաստանի ներսի թիրախի առումով՝ Վ. Հակոբյանը կարծում է, որ ինչ-որ կրեատիվ մոտեցումներ չեն եղել, և ինչ-որ լուրջ արդյունքներ չունենք այդ առումով. «Ես կարծում եմ՝ ամեն ինչ մի քիչ ֆորմալ բնույթ է կրում: Ինչ-որ բաներ կան, որոնք սովետական շրջանից ֆորմալ առումով շարունակվում են»: