«Համերգի ժամանակ իրենց անվտանգությանը, առողջությանը լուրջ վտանգ էր սպառնում». նոր մանրամասներ Քարդաշյանների և Քանյե Ուեսթի այցից. news.am
Հայաստանում 5 օր անցկացրած ամերիկյան հեռուստաստղ Քիմ Քարդաշյանը եւ նրա ընտանիքը Հայաստանից հեռացել է շատ գոհ եւ հրապուրված։ Այս մասինNEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում ասաց վերջին օրերին Քարդաշյանների անվտանգությունն ապահոված «Պանտերա սեքյուրիթիի» հիմնադիր Վահե Դարբինյանը՝ նշելով, որ իր կարծիքով՝ Քիմ Քարդաշյանը մոտ ապագայում կրկին կայցելի Հայաստան։
– Ինչպիսի՞ն էր Քիմը, ինչո՞վ էր տարբերվում մյուս հայտնի աստղերից, որոնց անվտանգությունը Դուք ապահովել եք:
– Նորմալ մարդ է իրականում, շատ հանգիստ, շատ կշռադատված, ամենակարեւորը՝ ինքը միշտ հաշվի էր նստում անվտանգության աշխատակցիների հետ, եթե պետք էր մեքենայից դուրս չգալ, ինքը ժամերով մնում էր մեքենայում եւ դուրս չէր գալիս, այսինքն՝ աստղային հիվանդություններ, կապրիզներ չունի:
– Ի՞նչ դժվարություն կային Քարդաշյան ընտանիքի անվտանգությունն ապահովելիս: Հայ երկրապագուների դեպքում ի՞նչ առանձնահատկություններ կային:
– Դժվար էր այն առումով, որ Քիմը կին էր: Օրինակ՝ համերգին, երբ Քանյեն ցատկեց Կարապի լիճը, ծառայությունն ընտանիքի շուրջն էր, մի քանի հոգի մերոնցից թռան ջրի մեջ, Քիմը գրեթե մենակ մնաց, վերեւի մարդիկ վազեցին ներքեւ, որ տեսնեն՝ ինչ է կատարվում, սկսեցին ճզմել, իրենց անվտանգությանը, առողջությանը լուրջ վտանգ էր սպառնում, մենք երեքով ոնց որ իրենց վերցրինք օղակի մեջ եւ այդ ալիքին հակառակ՝ իրենց ուղղակի վազելով տարանք մեքենան: Ես չեմ ուզում բողոքել մեր հայ ազգից, նույն ֆաներն են, ինչպես աշխարհի մյուս երկրներում:
– Իսկ որտե՞ղ էր ավելի դժվար անվտանգությունն ապահովել:
– Ամենադժվարը փողոցներում էր, օրինակ՝ հուշանվերների խանութ գնալիս, երբ լրիվ բաց էր տարածքը, էվակուացիայի տեղ չկար, մեկ էլ ամենաբարդը համերգի ժամանակ էր:
– Կա՞ր ինչ-որ տեղ, որ ուզում էին գնային, բայց չգնացին՝ ելնելով անվտանգության խնդիրներից:
– Նման բան չկա: Ուր ուզում էին գնալ, սկզբից գնում էր անվտանգությունը, կատարում իր գործողությունը, նախապատրաստում այցը, հետո նոր Քիմը գնում էր, որտեղ ցանկացել է, բոլոր տեղերը տարել ենք: Հակառակը ասեմ, որ բավականին տեղեր չեն գնացել, որ պետք է գնային, պլանավորված էին, պատճառը՝ չգիտեմ:
– Իսկ ինչպե՞ս ստացվեց երեկվա անսպասելի համերգը:
– Շատ հետաքրքիր էր, ժամը 7-ին մենք իրենց հասցրինք հյուրանոց, Պասկալը եկավ, ասաց՝ հաջողություն, գնացեք հանգստացեք, առավոտյան 7-ին գնում ենք օդանավակայան: Տղաները գնացին, ոնց որ ներքին ձայնս մի բան հուշեր, ասացի՝ վերջին երեկոն է Երեւանում, հաստատ մի տեղ կգնան, մի ժամ ավել կսպասեմ: Մեկ էլ եկավ Պասկալը, ասաց՝ ուզում են գնան «Պրովանս», գնացինք, մեկ էլ կանչեցին ինձ վերեւ, բա ուզում են Երեւանում համերգ կազմակերպել, ասացի՝ աչքիս վրա, ժամը 21.30-նն է: Մտածեցի, թե ինչ կարելի էր անել, քլաբ ուզեց. բայց հասկացա, որ ամենամեծ քլաբում 50-100 մարդուց ավել չես կարող հավաքել, մտածեցինք բացօթյա անել, հրապարակը հարմար չէր անվտանգության տեսանկյունից, առաջարկեցի Կարապի լիճ, գնացինք նկարահանեցինք, որ ներկայացնի Քանյեին: Մինչեւ ինքը նկարում էր, ես զանգեցի «Ռիչի» տերերին, պարզապես շնորհակալ եմ իրենց՝ Արտակին եւ Ռուբիկին, այն, ինչ իրենք արեցին, ամեն մեկը չէր անի, մինչեւ իրենք ֆոտոներ էին անում, ընդամենը 2 ժամում նրանք ապարատուրան դրել էին, դեռ չէր տարածվել, որ համերգ է լինելու, շշուկներ կային ընդամենը, բոլորին խառնեցինք իրար՝ ոստիկանապետ, Դավիթ Հարությունյան, Տարոն Մարգարյան, Զարգացման հայկական գործակալության ղեկավար Արման Խաչատուրյան, բոլոր մարմիններին խառնեցինք իրար, ամեն մեկը իր մասով իր գործը արեց, համերգը կայացավ, ինձ թվում է՝ մեծ տոն պարգեւեցինք մեր քաղաքին:
– Ամենաշատը ո՞վ էր տպավորված եւ ո՞ր վայրից:
– Բոլորը, երեւի Քանյեն ավելի սառն էր իրեն պահում, բայց վերջին ժեստը, որ նման բոց տվեց քաղաքին, լրիվ սիրտս բացեց իր նկատմամբ: Տեսա, որ ինքը այն սառնասիրտ մարդը չէ, որ ներկայանում է։ Օրինակ՝ Մեգերյան կարպետում Րաֆֆի Մեգերյանը որդու հետ եկել էր Ամերիկայից հատուկ այդ օրվա համար, տեսնեիք՝ ինչ ընդունելություն էին կազմակերպել, պարային խումբ էր հրավիրել, տեսնեիք՝ ինչ սիրուն պարեցին, պարելով քույրերին սեղանից տարան սենյակ, տարազները հագցրեցին, էլ զարդեր գցեցին, մինչեւ վերջ չհանեցին էդ շորերը, այդպես էլ գնացին հյուրանոց, այնքան գեղեցիկ ներկայացվեց հայկական արվեստը: Ամենաշատը տպավորվել էին Գեղարդից: Ընդհուպ նույն Պասկալը, այնքան էր տպավորվել Գեղարդով, Քիմի երկու թիկնապահներին էլ երկու փոքրիկ նվեր տվեցի՝ կաշվե թեւնոց, վրան Գեղարդի կատվի նկարը, միագամից հագավ, թե՝ այլեւս չեմ հանի այս թեւնոցը: Արարատը չտեսան բաց, եղանակը թույլ չտվեց, բայց շատ գոհ էին մարդկանցից, ջերմությունից, էն տատիկի հետ նկարվեց Քիմը, քանի օր է՝ այդ տատիկը երազում էր:
– Ի՞նչ տպավորություններով հեռացան Քարդաշյանները:
– Շատ հրապուրված, գոհ, ես կարծում եմ, որ շատ մոտ ապագայում ինքը էլի կգա Հայաստան: Վստահ եմ՝ հենց առիթ ունենա, անպայման կգա Հայաստան:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: