«Հովիկ Աբրահամյանն ավելի պրագմատիկ անձնավորություն է». Գագիկ Մակարյան
Ապրիլի 13-ին լրանում է ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի գործունեության 1 տարին: Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը կառավարության իրականացրած աշխատանքների վերաբերյալ ընդհանուր առմամբ դրական կարծիք ունի: 168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ այս ընթացքում նոր գործառույթներ սկսվեցին, որը եղած ուղղություններին որոշակի արագացում հաղորդեց, թափ տվեց դրական իմաստով:
«Հովիկ Աբրահամյանն ավելի պրագմատիկ անձնավորություն է և կառավարությունն ավելի օպերատիվ է արձագանքում իրավիճակներին»,- ասաց Գ.Մակարյանը:
Խոսելով վարչապետի պաշտոնում նշանակվելուց հետո որոշ ժամանակ անց Հ.Աբրահամյանի և գործարարների հանդիպման ու ստվերի ծավալների կրճատման քննարկումների մասին՝ Գ.Մակարյանը նշեց, որ այդ հանդիպման արդյունքները դանդաղ են ի հայտ գալիս: Ըստ նրա՝ հավաքվել է 40 մլն դոլարի հարկ, որը հաջողություն է, բայց շատ փոքր գումար է այն ամբողջի մեջ, որ կարելի էր հավաքել: Այնուամենայնիվ, խիզախությունը, որ սկսվեց գործընթացը, Մակարյանի կարծիքով, դրական է:
«Իմ հաշվարկով՝ ստվերում մոտ 1 մլրդ դոլար է, որի 4%-ն է հաջողվել հավաքել: Օրենքների մասով կառավարության գործունեությունը շատ ավելի դրական է՝ ընտանեկան բիզնեսի, շրջհարկի փոփոխությունը, ՓՄՁ շեմը մինչև 113 մլն բարձրացնելու գաղափարը, վերջին նոր մոտեցումները սուբիսադվորման սխեմաները ուժեղացնելու շուրջ:
Պետք է կառավարությունն ավելի արդյունավետ դարձնի համագործակցությունը Կենտրոնական բանկի հետ, որը ճկուն չի արձագանքում ներքին ու արտաքին փոփոխություններին: Կառավարությունը պետք է ԿԲ-ին հորդորի տնտեսագիտական ավելի ճիշտ մոդելներով առաջ գնալ, ոչ թե իներցիոն: ՌԴ տնտեսության վերաբերյալ վերլուծություններ իրականացնում է մասնավոր հասարակական հատվածը, պետական մարմինները բացասական հետևանքների կանխատեսում չեն հրապարակում, բայց դա անհրաժեշտ է, ու չպետք է մտածեն, ՌԴ-ն կնեղանա և այլն,- ասաց Մակարյանն ու հավելեց,- Կառավարությունը շատ-շատ հոգսեր ունի, որոնց մի մասը ժառանգութուն է ստացել նախորդ կառավարությունից: Ես հասկանում եմ, որ շատ գերզբաղված իրավիճակ է, բայց պետք է նախարարությունները հստակ իրենց հանձնարարակաները ունենան իմ նշած ուղղություններով ճիշտ աշխատելու և նաև լսելու մասնավոր հատվածի ձայնը: Ցավոք, մեր պետական ինստիտուտների 80-90%-ը վատ է աշխատում մասնավոր հատվածի հետ, գրեթե չեն շփվում, կարծես հեռու են ուզում մնալ հոգսերից, չլսել, չիմանալ թե ինչ խնդիրներ կան: Իրենց թվում է ամենի ինչ գիտեն, բայց դա խաբուսիկ է»: