«Անձերի փոփոխությամբ ոչինչ չի փոխվի». Վահագն Խաչատրյան
«Վերջին 1-2 տարիներին հանրապետությունում ստեղծված իրավիճակի պայմաններում անձերի փոփոխությունը ոչ մի փոփոխություն չէր կարող բերել կառավարության կողմից վարվող քաղաքականության մեջ: Այսինքն՝ ՀՀ-ում խնդիրը չի կայանում անձերի փոփոխությամբ հարց փոխելու մեջ: Խնդիրը համակարգային փոփոխությունների մեջ է, արդյոք ի վիճակի՞ է իշխանությունն այդ համակարգային փոփոխություններին գնալ ու դրանից կախված կլինեն այն հաջողությունները, որ կունենան կառավարությունները: Քանի որ այդ խնդիրը չի փոխվում, անձերի փոփոխությամբ ոչինչ չի փոխվի»,- հայտարարեց ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ 168.am-ի հետ զրույցում գնահատելով ՀՀ վարչապետի պաշտոնում Հովիկ Աբրահամյանի նշանակումն ու անցած տարում կատարված աշխատանքները:
Ըստ նրա՝ դեռ 2008-ից ոչ մի էական փոխոխություն տեղի չի ունեցել, որովհետև ամենակարևոր խնդիրը չի լուծվել՝ որևէ մեկին այդպես էլ հստակ բացատրություն կամ հիմնավորում չի ներկայացվել, թե ինչու ՀՀ զարգացման մոդելը սա պետք է լինի:
Վ.Խաչատրյանը նշեց, որ երբ իշխանությունը մենաշնորհների գոյությունը փորձում է բացատրել նրանով, որ Հայաստանի տնտեսությունը փոքր է, ապա այդպիսի հակագիտական թեզերով առաջնորդվելու հետևանքով ստացվում է այն, ինչ կա.
«Այսինքն՝ ունենք չաշխատող տնտեսություն, չունենք մրցակցություն, ունենք մեծ կոռուպցիա, մենաշնորհներ, որի արդյունքում տնտեսական զարգացումը զրո է: Սրանից հետո եթե հարցերը փորձում ենք լուծել անձերի փոփոխությամբ, ոչ մի հաջողության չենք կարղ հասնել: Անցած մեկ տարին պետք է համարել կորուստների շրջան և, չեմ կարծում, որ հենց ինքը կառավարությունը կարող է արձանագրել մի բնագավառ, որտեղ հաջողություն է ունեցել»:
Դիտարկմանը, որ վերջերս Հ.Աբրահամյանը հայտարարել է, որ թեև մտահոգություններ կան, սակայն քայլեր ու ծրագրեր են իրականցվում, որոնց արդյունքը այս 1 տարում կերևա, Վ.Խաչատրյանը պատասխանեց, որ հաջողության ոչ մի նախադրյալ չկա, ուղղակի խոսակցություն է այնքանով, որքանով լրատվությանը կամ մամուլի միջոցով հանրությանը ներկայացնելու, թե կառաավրությունն աշխատում է. «Ոչ մի մեծ հրապարակված ծրագիր չկա, կա կառավարության գործունեության ծրագիր, որ հաստատվեց դեկտեմբերին և այդ շրաջանակներում ինչ-որ արտառոց փոփոխություն ակնկալել, հատկապես տարվա երկրորդ կեսին, դա խոսքեր են, որ ասվել են ուշադրությունը ստեղծված իրավիճակից շեղելու համար»: