Հռոմի պապի մատուցած պատարագը մեծ նշանակություն ունի քրիստոնյա աշխարհի, բայց ոչ այնքան՝ Թուրքիայի համար. Արիս Նալջի

«Վատիկանը Թուրքիայի նկատմամբ ազդեցության լծակներ չունի: Վատիկանում տեղի ունեցածի համաշխարհային արձագանքն է ջղաձգում Թուրքիային»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայում հրատարակվող «Ակօս» թերթի նախկին պատասխանատու խմբագիր, ներկայումս՝ Ստամբուլի IMC հեռուստաընկերության լուրերի բաժնի ղեկավար, նույն հեռուստաընկերության եթերում հեռարձակվող «Կամուրջ» հաղորդման հեղինակ Արիս Նալջին`անդրադառնալով Վատիկանում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին Սուրբ Պետրոսի տաճարում  մատուցված պատարագի նշանակությանն ու Թուրքիայի արձագանքներին:

Նա նշեց, որ Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի միջոցառումների շարքում տեղի ունեցածն ամենանշանակալին է Ցեղասպանության ժխտողականության դեմ պայքարի հարցում, համաշխարհային մասշտաբով ևս Հռոմի պապի կողմից մատուցված Սուրբ Պատարագը կարևոր իրադարձություն է, բայց ոչ այնքան հզոր ճնշող միջոցառում Թուրքիայի համար, քանի որ Վատիկանն ու Թուրքիան չունեն ամուր քաղաքական և տնտեսական կապեր: Մյուս կողմից, ըստ Արիս Նալջիի, Վատիկանի միջոցառումը սպասելի էր, քանի որ 1965 թվականից մինչ այսօր  Վատիկանը հետաքրքրվել է Հայոց ցեղասպանության հարցով, և 1965 թվականին ևս Վատիկանում պատարագ էր մատուցվել:

«Ուստի ես սպասում էի հարյուրամյա տարելիցին նման պատարագ և սպասում էի, որ Ցեղասպանության  ուղղությամբ մի քայլ առաջ կկատարվի, ինչը և տեղի ունեցավ: Պարզապես Հռոմի պապի ելույթը, պատարագը նշանակալի է քրիստոնեական աշխարհի համար: Թուրքիան ինչպես ետ կանչեց իր դեսպանին, այնպես էլ մի քանի շաբաթ անց ետ կվերադարձնի դեսպանին: Թեև Էրդողանը սպառնում է, որ  տեղի ունեցածը հետևանքներ է ունենալու, ըստ իս, այն մեծ հետևանքների չի  բերելու, ավելին՝ դեսպանը ետ է գնալու առաջիկայում»,- ասաց Արիս Նալջին: Անդրադառնալով Էրդողանի խոստացած ուղերձի շեշտադրումներին` ասաց, որ նոր ուղերձն էապես չի տարբերվելու «հին» ուղերձից:

«Չեմ կարծում, որ Էրդողանի ուղերձն ազդված լինի այս իրադարձություններից: Էրդողանն իր ցանկացածը կանի, իսկ Վատիկանի ճնշումը մեծ ճնշում չէ, Վատիկանը փոքր երկիր է, կարող է սա ազդեցություն ունենալ քրիստոնյա երկրների վրա, Թուրքիայի նկատմամբ ճնշումները տեղ հասցնելու համար պետք է լինեն տնտեսական սերտ կապեր Թուրքիայի հետ, այսինքն` ազդեցության լծակներ, ինչը չկա:  Էրդողանից, ներողությունից բացի, այլ բան սպասել պետք չէ ապրիլի 23-24-ին»,- ասաց Արիս Նալջին` հավելելով, որ այս հարցում այն հանգամանքները, որոնք կարող են ճնշող գործոններ դառնալ Թուրքիայի ներկայիս իշխանությունների համար, նրանց համար այլևս առաջնահերթություն չեն: Նրա հավաստիացմամբ` նման դեպքերում Թուրքիայի ջղաձգության դրսևորումներն այլևս բնական են, և դրանցից լուրջ փոփոխություններ պետք չէ սպասել:

Կարդացեք նաև

Հիշեցնենք, որ երեկ  Հռոմի պապ Ֆրանցիսկոսը Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում պատարագ մատուցեց՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, որի ընթացքում գործածեց «ցեղասպանություն» եզրն ու հանդես եկավ ժխտողականության դեմ, ինչին կտրուկ արձագանքեցին Թուրքիայի իշխանությունները` Վատիկանից ետ կանչելով Թուրքիայի դեսպանին,  Հռոմի պապին մեղադրելով «անպատասխանատու, ատելություն տարածող» հայտարարություններ անելու մեջ: Թուրքիայի ԱԳՆ-ն Վատիկանի դեսպանին նույնիսկ հաղորդել էր, որ «Անկարան ցավում է և հիասթափված է» Հռոմի պապի հայտարարությունից:

«Ցավերը միակողմանի դիտելը սազական չէ Հռոմի պապին և նրա գլխավորած կառույցին: Մանավանդ, պատերազմական ժամանակ ապրած ցավերին պետք է արդարացի մոտեցում ցուցաբերել, պետք է տեր կանգնել մարդկության բոլոր ցավերին»,- հայտարարել էր Թուրքիայի վարչապետը:

 

Տեսանյութեր

Լրահոս