Բաժիններ՝

«Նշված առարկաներից որևէ մեկը սառը զենք չի համարվում». ՀԽ կալանավորված անդամների փաստաբան

«Հիմնադիր խորհրդարանի» անդամներ Պավել Մանուկյանը, Ժիրայր Սէֆիլյանը, Վարուժան Ավետիսյանը, Գևորգ Սաֆարյանը, Գարեգին Չուգասզյանը կալանավորված են:

Նրանց մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35.225-րդ հոդվածով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հանցագործության նախապատրաստություն:

Երեկ մեզ հետ զրույցում մեղադրյալների պաշտպան Հայկ Գրիգորյանն ասաց, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամները չեն ընդունել մեղադրանքն, այն պատճառաբանությամբ, որ «դա անհեթեթ է և զուտ քաղաքական է, դրա մեջ իրավական, փաստական տառ չկար»: «Այն ամբողջությամբ քաղաքական էր, չհիմնավորված»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ նրանք ցուցմունք տալուց չեն հրաժարվել, սակայն քննիչների հիմնական մասը նրանց ուղղելու հարց չի ունեցել:

«Նաև անհասկանալի է եղել քրեական հանցագործության էությունը, որովհետև իրենք ուղղակի նշել են զանգվածային անկարգություններ կազմակերպելը, նախապատրաստելը, բայց երբ մենք իրենց հարցնում էինք, թե դա ինչո՞վ է դրսևորվել կոնկրետ մեր պաշտպանյալների մասով, օրինակ՝ պարոն Սէֆիլյանի, պարոն Չուգասզյանի կամ պարոն Ավետիսյանի մասով, իրենք չեն կարողացել տարբերակել: Իրենք բոլորին նույն բովանդակությամբ տեքստ են ներկայացրել դատարան: Այսինքն՝ ստացվում է, որ բոլորը նույն բանն են արել, բայց այդ բանն ուղղակի անհասկանալի է, այն ուղղակի նախապատրաստություն է, որը դրսևորվել է ինչ-որ անհեթեթ բաներով, որի հիմնավորումներն ու փաստերը գործի մեջ չկան»,- ասաց Հայկ Գրիգորյանը: Նա նշեց, որ «Հիմնադիր խորհրդարանի» անդամների նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին դատարանի որոշումները պետք է ապօրինի համարվեն, «քանի որ հիմքեր չլինելու դեպքում դատարանը չլսեց մեր հիմնավորումները»:

Կարդացեք նաև

«Մենք մոտ կես ժամ մեր յուրաքանչյուր պաշտպանյալի մասով առարկություններ և մեր դիրքորոշումն ենք ներկայացրել, որոնք պարզապես անտեսվել են»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ դատարանին խնդրել էին գրավ կիրառել, եթե քրեական գործի շրջանակներում մեղադրյալների նկատմամբ խափանման միջոց պետք է ընտրվեր, բայց այդ միջնորդությունն էլ է մերժվել: «Ամեն ինչ նախապես պլանավորված, մշակված ծրագրի նման էր, և խնդիր ունեին այդ օրվա մեջ վերջացնել: Դրա համար էլ նիստերը մինչև առավոտվա ժամը 5-ը տևեցին»,- ասաց նա:

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են նռնակ, մարմնական վնասվածքներ պատճառելու համար գործարանային արտադրության և ինքնաշեն եղանակով հարմարեցված շուրջ չորս տասնյակից ավելի մետաղյա և փայտյա ձողեր, մահակներ, մեկական կռփազենք և նուչագի, հինգ դանակ, երկու սուր, մեկ դաշույն, երկու էլեկտրաշոկ, ինչպես նաև՝ կապի միջոցներ, հակագազ և օդազտիչ դիմակ: Անդրադառնալով սրան՝ Հայկ Գրիգորյանն ասաց, որ թվարկված առարկաներն օրենքով արգելված չեն.

«Այսինքն՝ յուրաքաչյուր անձ կարող է իր տանը, ավտոմեքենայի մեջ ունենալ կամ իր մոտ էլեկտրաշոկ կրել, որն ազատ վաճառքի է, կամ ունենալ փայտե մահակ: Եվ նշված առարկաներից որևէ մեկը սառը զենք չի համարվում, այսինքն՝ այդ ամենը տանն ունենալն օրինական է»:

Փաստաբանի խոսքով՝ նույն տրամաբանությամբ` ազգաբնակչության մի զգալի մասը տանը թույլատրելի, օրինական ինքնապաշտպանության միջոցներ ունի. «Այդ բոլոր մարդիկ տեսականորեն կարող են հանրահավաքի մասնակցել, բայց դա ամենևին չի նշանակում, որ նրանք պլանավորում են հանրահավաքը զանգվածային անկարգության վերածել կամ այդպիսի մտադրություն ունեն: Այսինքն՝ զուտ այդ հոդվածն ինքն իրենով աբսուրդ հոդված է, այն քաղաքական նպատակներով կիրառվող հոդվածներից մեկն է, ու իր բնութագիրը շատ անորոշ է: Այսինքն՝ իրավապահ մարմինները կարող էին զուտ սպասել հանրահավաքին, որը, իմիջիայլոց, քաղաքապետարանի կողմից արտոնված էր, և իրականացվելու էր Էրեբունիում, ոչ թե Ցեղասպանության հետ կապված միջոցառումների տարածքին հարող տարածքներում: Այսինքն՝ քննչական մարմինը հիմնավորում է նրանով, որ մտավախություն կա, թե անկարգություններ կլինեն, քանի որ հոծ զանգվածներ են լինելու, բայց Էրեբունի թանգարանում հոծ զանգվածի մասին խոսք չկա: Ազատության հրապարակում ակցիա չէինք իրականացնելու ապրիլի 24-ին:

Հետևաբար՝ անհեթեթ է, իրենց գրածը հակասում է հենց իրենց ասածին, երբ պետական մարմնի մի ձեռքը մի բան է անում՝ թույլատրում է հանրահավաքը, մյուս ձեռքն ասում է՝ ոչ, դու զանգվածային անկարգություն ես անում: Իմիջիայլոց, «Հավաքների ազատության մասին» օրենքն էլ ասում է, որ հավաքը կարող են արգելել, եթե անկարգության կասկածներ կան, բայց քաղաքապետարանը նման կասկածներ չի արտահայտել: Այսինքն՝ այդ երկու դիրքորոշումներն հակասում են իրար»:

Մեղադրյալների մյուս պաշտպան Գևորգ Դավթյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ պաշտպանական կողմը գտնում է, որ քննիչի միջնորդությունը, ինչպես նաև դատարանի որոշումները անհիմն են, պատճառաբանված չեն, «չունեն այն պատշաճ պատճառաբանումը, որը հիմք կտար եզրակացնելու, որ նրանք նախապատրաստվում էին կատարել այն արարքը, որ նրանց մեղսագրում են»: Բացի այդ ՝ փաստաբանի խոսքով՝ իրենք համարում են, որ առաջադրված մեղադրանքներն անհասկանալի են և ընդհանրական բնույթ ունեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս