«Սա Քիմ Քարդաշյանի լրացուցիչ PR-ն է՝ ուղղակի Հայաստանում, և դա արդյունք չի ունենալու». PR փորձագետ

Քիմ Քարդաշյանի հայաստանյան այցը ծայրահեղ տարբեր գնահատականներ է ստացել Հայաստանում: Շատերի համար սա շատ լավ PR է Հայաստանի և Հայոց ցեղասպանության ճանաչման համար: Ոմանք էլ կարծում են, որ սա ավելի շատ Քիմ Քարդաշյանի հերթական PR-ն է և ոչ մի դրական ազդեցություն էլ չի ունենա Հայաստանի և Ցեղասպանության ճանաչման համար:

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանը կարծում է, որ զուտ PR-ի տեսակետից նրա այցը բավականին լավ է, որովհետև «Քիմ Քարդաշյանը բավական հայտնի անձնավորություն է, և նրա լուսանկարներն իր սոցցանցերում 100 հազարավոր դիտումներ են ունենում, և դրանով, փաստորեն, Հայաստանը՝ որպես տուրիստական երկիր, հայտնի է դառնում աշխարհի շատ մարդկանց, ովքեր մինչև այդ Հայաստանի մասին չգիտեին»:

168.am-ի հետ զրույցում նա կարծիք հայտնեց, որ Ք. Քարդաշյանի այցն ավելի շատ ծառայում է՝ որպես Հայաստանի տուրիստական երկիր ներկայացնելուն, քան Ցեղասպանության 100-րդ տարելիցի լուսաբանմանն ու տարածմանը. «Իհարկե, առիթը Ցեղասպանության 100-րդ տարելիցն է, բայց իրականում կարելի է ասել, որ սա ոչ թե Ցեղասպանության 100-րդ տարելիցի տարածումն է ամբողջ աշխարհով մեկ, այլ ուղղակի Քիմ Քարդաշյանի լրացուցիչ PR-ն է՝ ուղղակի Հայաստանում, և դա արդյունք չի ունենալու»:

Armen BadalyanԱ. Բադալյանի խոսքով՝ Քիմ Քարդաշյանը եկավ այստեղ, և նրանք, ովքեր չգիտեին Հայաստանի մասին, նրա միջոցով իմացան, ու հնարավոր է՝ գան Հայաստան, սակայն իրականում այստեղ կտեսնեն, որ տուրիստական ոլորտը բավականին «բարձիթողի» վիճակում է. «Կտեսնեն գների բավականին բարձր իրավիճակը, թանկությունները և այլն, և շատ կարճ ժամանակ անց այդ՝ որպես տուրիստական ներկայացված երկիրը նորից կվերադառնա այն հին իրավիճակին, ինչը կար մինչև Քիմ Քարդաշյանը»:

Կարդացեք նաև

Մեր զրուցակիցը նաև կարծիք հայտնեց, որ Ցեղասպանության 100-րդ տարելիցը և ընդհանրապես Ցեղասպանությունն այն հարցը չէ, որ պետք է Քիմ Քարդաշյանի միջոցով PR կատարվեր. «Այո, Քիմ Քարդաշյանը կարևոր գործ է անում, նա բավականին ներկայացնում է Հայաստանը, բայց այստեղ կարևորը ոչ թե Հայաստանը ներկայացնելն է, այլ Ցեղասպանությունը՝ որպես պետական քաղաքականություն ներկայացնելն է, այս կոնտեքստում հաջողություն չկա»:

Մեր ճշտող հարցին՝ այսինքն՝ Ցեղասպանության ճանաչման և ընդունման տեսակետից այս այցը որևէ ազդեցություն չի՞ ունենա, Ա. Բադալյանը պատասխանեց՝ բացարձակապես որևէ ազդեցություն չի ունենա:

«Քիմ Քարդաշյանը բավական մեծ համակիրներ ունի, նրանց համար Հայաստանը բացահայտվեց՝ որպես երկիր, ուր կարելի է գալ, նայել, բայց կգան, կնայեն ու կտեսնեն, որ Հայաստանի տուրիստական ոլորտն այն մակարդակի վրա չէ, ինչը, թեկուզ, հարևան Վրաստանում է կամ այլ երկրներում է, և այդ PR-ը կզրոյացվի: Իսկ Ցեղասպանության միջազգային ճանաչման, պահանջատիրության և այլ տեսակետներից որևէ այլ արդյունք չի սպասվում»:

Հարցին՝ խոսակցություններ կան, որ Ք. Քարդաշյանը պատրաստվում է Հայաստանում Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել, դա ի՞նչ կտա Ցեղասպանության ճանաչման առումով, Ա. Բադալյանն այսպես պատասխանեց.

«Ոչ մի ազդեցություն, որովհետև Հայաստանն արտաքին քաղաքականություն չունի, Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները մշակվում են Մոսկվայում և անկախ նրանից՝ Հայաստանում մի քանի օրվա ընթացքում ֆիլմ նկարահանվի (մի կողմ դնենք նաև այն հարցը, թե մի քանի օրում նկարված ֆիլմը որակական ինչ նշանակություն է ունենալու) և ցուցադրվի ամբողջ աշխարհի բոլոր կինոթատրոններում, դա զրո նշանակություն է ունենալու Ցեղասպանության ճանաչման առումով»:

 

Տեսանյութեր

Լրահոս