«Զարմանում եմ ռուս փորձագետների և ընդհանրապես ռուս պաշտոնյաների տկարամտության վրա». քաղաքագետ
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծում է՝ Իրանի և «Վեցնյակի» միջև ձեռք բերված՝ միջուկային զենքի հետ կապված պայմանավորվածությունը շատ մեծ առաջընթաց էր տարածաշրջանի համար: 168.am-ի հետ զրույցում քաղաքագետը նշեց, որ «Վեցնյակը» հայտարարել է, թե Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները կհանվեն մեկ տարվա ընթացքում, բայց դա նշանակում է, որ Իրանն իրեն է վերադարձնում այն հարթակները, որ կորցրել է Մահմուդ Ահմադինեջհմադինեժադի կառավարման տարիներին.
«Դրա հետևանքները մենք շատ լավ տեսանք՝ ինչ էր: Հիմա Իրանի վերադարձը շատ մեծ նշանակություն ունի նաև մեզ համար և մեր ստրատեգիական գործընկեր Ռուսաստանի Դաշնության համար, թեկուզ և շատ բացասական առումով, որովհետև Իրանը՝ վերադառնալով նավթային և գազային շուկաներ, շեշտակի վնասներ կհասցնի Ռուսաստանին, որի տնտեսությունն 90%-ով կախված է նավթի և գազի գներից: Ես պետք է նշեմ, որ նաև Իրանը շատ ակտիվանում է այս տարածաշրջանում»:
Ըստ քաղաքագետի՝ Իրանի վերադարձը նավթի և գազի շուկա նաև շեշտակի վնասում է մեր արևելյան հարևանին՝ Ադրբեջանին, որի նախագահն արդեն մեկնել է Սաուդյան Արաբիա, որովհետև Պարսից Ծոցի երկրների ղեկավարներն էլ, ովքեր կախված են նավթի և գազի վաճառքից, շատ անհանգստացած են այս հանգամանքից. «Շատ-շատ բաներ են սպասվում, Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը շատ դրական դեր կունենա ՀՀ տնտեսության համար, որովհետև դուք հիշում եք՝ Իրանի նկատմամբ պատժամիջոցներ մտցնելու հետևանքն ինչ ծանր նստեց Հայաստանի տնտեսության վրա»:
Հիշեցնենք, որ 168.am-ի հետ զրույցում Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն անդրադառնալով Իրանի էներգետիկ դերի բարձրացմանն աշխարհում՝ ասել էր. «Վախենամ, որ պետք է հիասթափեցնեմ նրանց, ովքեր մտածում են իրանական գազ Արևմուտք արտահանելու մասին, առավել ևս՝ Հայաստանի միջոցով: Եթե դուք Հայաստանով, Վրաստանով գազամուղ կառուցեք, այն դեպի ո՞ւր պետք է գնա, Սև ծովով պետք է գնա Բուլղարիա՞, կամ ինչպե՞ս: Ես նման պրոյեկտների իրագործելիության մասին դեռ չեմ լսել»:
Անդրադառնալով ռուս փորձագետի այս դիտարկումներին՝ Գ. Համբարյանն ասաց. «Ես ընդհանրապես զարմանում եմ ռուս փորձագետների և ընդհանրապես ռուս պաշտոնյաների տկարամտության վրա, որոնք ամեն ինչ արեցին, որպեսզի Հայաստանի տարածքում այդ գազամուղը չկառուցվի: Դուք շատ լավ հիշում եք, Հայաստանի և Իրանի միջև պայմանագիր էր ստորագրվել 1000 միլիմետր տրամաչափով գազամուղի կառուցման վերաբերյալ, որը պետք է Հայաստանով անցներ՝ դեպի Վրաստան, այնտեղից էլ Սև Ծովով անցներ՝ դեպի Բուլղարիա: Ռուսաստնի ոչ ադեկվատ պահվածքի պատճառով այդ գազամուղի տրամաչափն իջեցրեցին 700 միլիմետրի՝ միայն այն պատճառով, որպեսզի այն արտահանման հզորություն չունենա, և այնպես արվեց, որ այդ գազամուղի կառուցումը և օգտագործումը՝ որպես իրանական գազը դեպի Արևմուտք հասցնելու համար, չեղյալ հայտարարվի:
Այո, Ռուսաստանը հասավ իր ցանկությանը, բայց այստեղ խնդիրը հետևյալն է. այդ գազամուղն անցնելով Հայաստանի տարածքով՝ թույլ կտար Ռուսաստանին վերահսկողություն սահմանել Հայաստանի միջոցով Իրանից դեպքի Արևմուտք տարվող գազի նկատմամբ: Եվ հիմա Իրանը փնտրում է այլ ճանապարհներ: Իրանը և Արևմուտքն ավելի հեշտ իրար հետ լեզու կգտնեն, որպեսզի այդ ծրագիրն իրագործեն: Իրանի համար դա շատ կարևոր է՝ գումար վաստակելու առումով, Արևմուտքի համար էլ շատ կարևոր է, որպեսզի դիվերսիֆիկացվի էներգակիրների ներկրումը դեպի Եվրոպա և դրանով չեզոքացնի Ռուսաստանի մոնոպոլիան եվրոպական գազի շուկայում»: