Իրանական գազի տարանցումն Արևմուտք՝ Հայաստանի հետ կապ չի ունենալու. Կոնստանտին Սիմոնով

«Ի՞նչ իմաստ կա իրանական գազը տարանցել Եվրոպա Հայաստանով և Վրաստանով»,- 168.am-ի հետ զրույցում նման զարմանք հայտնեց Ռուսաստանի «Ազգային էներգետիկ անվտանգության հիմնադրամի» հիմնադիր և գլխավոր տնօրեն, տնտեսական և քաղաքական վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը` անդրադառնալով Իրանի էներգետիկ դերի բարձրացմանն աշխարհում, նավթի գների հնարավոր փոփոխություններին և հայ-իրանական հարաբերությունների խորացմանը՝ Լոզանում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործումից հետո:

«Նայեք քարտեզին, ինչի՞ համար պետք է Իրանից գազ արտահանվի Հայաստանի և Վրաստանի միջոցով: Ի՞նչ իմաստ կա: Իհարկե, եթե նման պրոյեկտներ իրագործվեն, ապա Իրանը կնախընտրի Թուրքիայով միանգամից Եվրոպական միություն դուրս գալ: Ծիծաղելի է, ինչո՞ւ Հայաստանը, եթե Իրանն  ուղիղ սահման ունի Թուրքիայի հետ, քարտեզին պետք է նայել: Իրանական գազ չի կարող Արևմուտք արտահանվել Հայաստանի միջոցով: Վրաստանի միջոցով արտահանվում է միայն ադրբեջանական գազ, քանի որ Ադրբեջանը Թուրքիայի հետ ուղիղ սահման չունի, այստեղ գաղտնիքը պարզ է, ուստի իրանական գազի տարանցումը Հայաստանի հետ կապ չի ունենալու»,- ասաց Սիմոնովը` շարունակելով, որ նման ծրագրերի իրագործման համար  նույնիսկ պետք է 15-20 տարի ապրել, քանի որ տարանցումը  բարդ գործընթաց է:

«Վախենամ, որ պետք է հիասթափեցնեմ նրանց, ովքեր մտածում են իրանական գազ Արևմուտք արտահանելու մասին, առավել ևս՝ Հայաստանի միջոցով: Եթե Դուք Հայաստանով, Վրաստանով գազամուղ կառուցեք, այն դեպի ո՞ւր պետք է գնա, Սև ծովով պետք է գնա Բուլղարիա՞, կամ ինչպե՞ս: Ես նման պրոյեկտների իրագործելիության մասին դեռ չեմ լսել»,- ասաց Սիմոնովը: Նրա համոզմամբ` Իրանի «ապաշրջափակումից» հետո Իրանի էներգետիկ նշանակությունն այնքան չի աճելու, որ նավթի գները սկսեն կտրուկ անկում գրանցել: Ըստ նրա` ավելին՝ կա Արաբական թերակղզում ծավալվող զարգացումների հարցը, որոնք կարող են փոխել իրերի դրությունը` համաշխարհային շուկայում բարձրացնելով նավթի գները:

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի վաղվա համարում:

 

Տեսանյութեր

Լրահոս