Բաժիններ՝

Կայացել է «Փոքր և միջին ձեռնարկություններում բնապահպանական գործունեության խրախուսում» թեմայով 4-րդ աշխատաժողովը

Ապրիլի 9-ին` «Բեսթ Վեսթերն Կոնգրես» հյուրանոցում տեղի է ունեցել «Փոքր և միջին ձեռնարկություններում բնապահպանական գործունեության խրախուսում» թեմայով 4-րդ` ամփոփիչ աշխատաժողովը, որին մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարության, ՓՄՁ ԶԱԿ, ՀՀ շահագրգիռ նախարարությունների, բիզնես ասոցիացիաների, մասնավոր հատվածի, բանկային համակարգի և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարչության պետ Արամ Օհանյանը միջոցառման մասնակիցներին ներկայացրել է «Փոքր և միջին ձեռնարկությունների բնապահպանական գործունեության խրախուսումը Հայաստանում» ծրագրի վերջնական հաշվետվությունը: Այն հաջորդել է շուրջ 2 տարվա լայնածավալ աշխատանքներին, որոնց ներգրավված են եղել փորձագետներ, տարբեր ոլորտի մասնագետներ և պաշտոնյաներ, պետական, հասարակական և մասնավոր հատվածի կառույցներ ու կազմակերպություններ:

Ծրագիրն իրականացվել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ/OECD) կողմից` ՄԱԿ-ի բնապահպանական ծրագրի (UNEP), ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման ծրագրի (UNIDO) և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի (UNECE) հետ համագործակցությամբ, սկսած 2013 թվականի դեկտեմբերից` որպես փորձնական ծրագիը, Եվրահանձնաժողովի «Կանաչ տնտեսություն արևելյան հարևանության երկրներում» (EaP GREEN) նախաձեռնության մասն է կազմում և որի նպատակն է ՀՀ-ում ուժեղացնել պետական քաղաքականությունը՝ նպաստելով փոքր և միջին ձեռնարկությունների բարելավված բնապահպանական գործունեության իրականացմանը (կամավոր բնապահպանական գործունեության իրականացում և կանաչ բիզնեսի պրակտիկա) և խրախուսել կառավարություն-գործարար համայնք և գործարար համայնք-գործարար համայնք երկխոսությունը «կանաչ» գործելակերպի առավելությունների վերաբերյալ, ուժեղացնել բիզնես ասոցիացիաների դերը փոքր և միջին ձեռնարկությունների «կանաչ» գործելակերպի խրախուսման հարցում:

ՏՀԶԿ բնապահպանական տնօրինության ներկայացուցիչ, ՓՄՁ-ների «կանաչ» գործունեության խրախուսման տարածաշրջանային գործիքակազմի և Հայաստանում ՓՄՁ-ների «կանաչ» գործունեության խրախուսմանն ուղղված պիլոտային ծրագրի ղեկավար Յուջին Մազուրը ներկայացրել է ծրագրի հիմնական առաջարկութունները և խոսել ՓՄՁ-ներում պարզեցված բնապահպանական կառավարման համակարգերի կիրառման խթանման անհրաժեշտության մասին:

Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրենի տեղակալ Կարեն Գևորգյանը տեղեկացրել է միջոցառման մասնակիցներին ՏՀԶԿ առաջարկությունների իրականացման հաջորդ քայլերի մասին:

Աշխատաժողովի ավարտին, հաշվի առնելով իրականացված քննարկումները, որոշվել է ևս մեկ անգամ ստանալ շահագրգիռ կողմերի կարծիքներն ու դիրքորոշումը` ծրագրի հաշվետվության մեջ դրանք ըստ հնարավորության ներառելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս