ԵՊԿ, ԵՊԼՀ և Երևանի «Հայբուսակ» համալսարանի հավատարմագրման մասին որոշում կկայացվի
Վաղը` ապրիլի 11-ին տեղի կունենա Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոնի (ՈԱԱԿ) Հավատարմագրման հանձնաժողովի նիստ, որտեղ որոշում կկայացվի Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի, Երևանի Վ. Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի և Երևանի «Հայբուսակ» համալսարանի ինստիտուցիոնալ հավատարմագրման վերաբերյալ:
Նիստին կմասնակցեն նաև ԿԳՆ և նշված ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները, տվյալ բուհերում հավատարմագրման գործընթացն իրականացրած փորձագիտական խմբերի ղեկավարները:
Յուրաքանչյուր բուհի դեպքում կքննարկվեն փորձաքննության արդյունքները, բուհի ուժեղ և թույլ կողմերը, փորձագիտական խմբի մատուցած խորհրդատվությունները և բուհի կողմից փորձագիտական զեկույցում նշված թերությունների վերացման գործողությունների ծրագրին տրված փորձագիտական խմբի գնահատականը: Այնուհետև դռնփակ նիստում Հավատարմագրման հանձնաժողովը որոշում կկայացնի:
Հավատարմագրման նպատակն է որոշել, թե որքանով են կրթական ծառայությունները կամ կրթության արդյունքները համապատասխանում սահմանված նպատակներին և որքանով են դրանք համարժեք հասարակության պահանջներին, ՀՀ կառավարության կողմից հաստատված չափանիշներին և գերակա ուղղություններին: