«Ցնցող համերգ է լինելու»
Երևանի ամեն անկյունից յուրաքանչյուրիս «աչքով անող» գովազդային պաստառներից տեղեկանում ենք, որ մայիս ամսին Հայաստան է այցելելու երգիչ Սոսո Պավլիաշվիլին: Մայիսի 2-ին Մարզահամերգային համալիրում կայանալու է Սոսո Պավլիաշվիլիի, Անչոկի և Նարի Հարությունյանի համատեղ համերգը: Այդ առիթով զրուցեցինք Անչոկի և Նարի Հարությունյանի հետ: Մի քանի հարց ուղղեցինք նաև Սոսոյի քրոջը՝ Մակային: Մեր հարցին, թե ի՞նչ է զգում Մական, երբ երգում է Սոսոն, նա պատասխանեց. «Ես լալիս եմ: Ես ամեն անգամ լալիս եմ ուրախությունից, որ նա իմն է, իմ եղբայրն է: Սիրում եմ նրա բոլոր երգերը, սակայն ամենից հարազատն ինձ համար «Белая фата» և «Помолимся за родителей» երգերն են»: Մեր հարցին, թե՝ ինչպե՞ս եք պատրաստվում մայիսի 2-ին կայանալիք համերգին, Մական պատասխանեց. «Հոգով, սրտով փորձարկում եմ զանազան վրացական ուտեստներ, Սոսոն առանց վրացական խոհանոցի՝ երկար չի դիմանա»:
– Անչոկ, նորություն չէ, որ Մարզահամերգային համալիրն այդքան էլ բարդ չէ «լցնելը»՝ բեմում ռաբիս երգիչներ ապահովելով: Սակայն որքանո՞վ հեշտ կլինի համալիրում համախմբել այդքան մեծ թվաքանակով շանսոն երաժշտություն նախընտրողների:
Անչոկ- Պետք է փոքրիկ, բայց շատ կարևոր ուղղում կատարեմ: Միգուցե շատերին ենթագիտակցաբար թյուրիմացության մեջ է գցել մեր համերգի պաստառը, որը ոճային առումով շատ նման է «Շանսոն» ակումբի բացումն ազդարարող պաստառին: Սակայն մայիսի 2-ին միայն շանսոն երգեր չեն հնչելու՝ երգերը լինելու են բազմաոճ: Այդ համերգին Նարի Հարությունյանը կներկայանա իր հեղինակային երգացանկով, ես՝ իմ երգերով, Սոսոն՝ իր ծրագրով: Լինելու են նաև անակնկալներ, որոնց մասին դեռ չեմ կարող խոսել: Ցնցող համերգ է լինելու: Ես դա ասում եմ ամենայն վստահությամբ՝ հաշվի առնելով, թե ինչ խենթանալու լավ համերգ տեղի ունեցավ մեր եռյակի մասնակցությամբ՝ «Շանսոն» ակումբի բացմանը:
– Անչոկ, մեր նախորդ հարցազրույցի ընթացքում ասացիք, որ անչափ կարոտել եք ջազը: Հնարավո՞ր է, որ այս համերգի ժամանակ կարոտն առնեք՝ նաև ջազ երգելով:
Անչոկ- Այս համերգն ի սկզբանե չի կազմակերպվել՝ որպես բիզնես նախագիծ: Հենց սկզբից այս համերգի մեջ դրվել է սեր և հոգի: Իսկ եթե համերգի մեջ կա հոգի, կլինի նաև հոգու պորթկում:
– Մեր նախորդ հանդիպման ժամանակ ի լուր աշխարհի հայտնեցիք, որ մուտքը Ձեր ակումբ՝ առանց կանանց, արգելվում է: Որքանո՞վ Ձեր հայտարարությունն ազդեց այցելուների թվաքանակի վրա:
– Բացարձակապես չի ազդել: Բանն այն է, որ մենք ունենք մեր հաճախորդները, որոնք տարիներ շարունակ եկել են մեր ակումբ և՛ իրենց կանանց հետ, և՛ առանց կանանց: Այլ կերպ ասած, կան հաճախորդներ, որոնց այդ կանոնը չի վերաբերում:
– Որպես այս երկրի քաղաքացի, մայր, ով որդի է մեծացնում, Ձեզ դո՞ւր է գալիս այն իրականությունը, որտեղ ապրում և ապրելու է Ձեզ զավակը:
Անչոկ- Յուրաքանչյուր երկիր ունենում է իր դժվար և բարդ տարիները, որոնք պետք է հաղթահարվեն: Դա միշտ է եղել մեր երկրում, սակայն հաղթահարվել-գնացել է:
– Իրապես ունե՞նք հաղթահարված խնդիրներ:
– Ցավն այն է, որ ես այսօր վաղվա օրը չեմ տեսնում: Եթե տարիներ առաջ, երբ գիտեի, որ լույսն ու գազը, որոնք չկան, մի օր լինելու են, ապա այսօր ես ոչ մի լավ ակնկալիք չունեմ այս երկրից: Միայն հույս և լավատեսություն: Կուզենայի, որ մեր երկիրը լիներ լավը, որ ես վստահ ասեի, որ իմ բալիկն այստեղ է սովորելու, այստեղ՝ աշխատելու… Վաղվա օրը, որտեղ պետք է իմ բալիկն ապրի, ես, ցավոք, չեմ տեսնում:
Նարի- Իրականում շատ հեշտ է պահել Հայաստանը: Երկիրը շատ փոքր է: Մեկ միլիոն մարդ ենք մնացել: Այն էլ հարց է՝ մնացե՞լ ենք: Վերջերս հոդված էի կարդում, որտեղ գրված էր այն մասին, որ ամենահեշտը փոքր պետություններն են «պահվում»: Գրված էր, որ փոքր պետություններում ժողովուրդը բարեկեցիկ կյանքով է ապրում… Կարդացի և քմծիծաղ տվեցի և շատ ցավեցի, որ մեր երկրին այդ ամենը, ցավոք սրտի, չի վերաբերում:
Ես այդ ցավը երակներով եմ զգում, և սրանք զուտ խոսքեր չեն: Ինձ մոտ տպավորություն է, որ իրականացվում է՝ «Հայաստանը՝ առանց հայերի» ծրագիրը:
– Բանակում առկա խնդիրներից և սահմանին տիրող վերջին լարվածություններից հետո շատ մայրեր բացահայտ ասում են, թեկուզ և խոհանոցային զրույցների շրջանակներում, որ չունեն որդի այս պետության համար: Նրանք վստահ չեն, որ առողջ զավակ բանակ ուղարկելով՝ նա չի վերադառնա այնտեղից ֆիզիկական և հոգեկան զանազան հիվանդություններով: Եթե, իհարկե, վերադառնա: Որպես ապագա զինվորի մայր՝ պատրա՞ստ եք Ձեր տղային բանակ ուղարկել:
Անչոկ- Յուրաքանչյուր տղա պետք է ծառայի իր հայրենիքին: Բանակում ծառայողը չի պաշտպանում ոմն մեկին, նա պաշտպանում է իր հայրենիքի սահմանները: Այն, որ մենք այստեղ հանգիստ զրուցում ենք, սահմանին կանգնած այդ տղաների շնորհիվ է: Սակայն սուտ կասեմ, իհարկե, որ մեծ սիրով կուղարկեի պատերազմի դաշտ: Կուզենայի ուղղակի, որ մեր բանակի վիճակն այնքանով լավը լիներ, որ ոչ մի ծնող չվախենար իր տղային բանակ ուղարկելու մտքից միայն, հատկապես՝ խաղաղ պայմաններում:
– Նարի, հարցազրույցներից մեկում՝ խոսելով անձնական կյանքից, նշել էիք, որ Ձեր ընտանիքը Ձեր ծնողներն են, քույրը, Անչոկն ու իր բալիկը՝ մարդիկ, ում Դուք անչափ սիրում եք: Դուք անկե՞ղծ էիք այդ պահին:
– Ամենայն անկեղծությամբ:
– Եվ դա բավարա՞ր է:
– Երբ դու մանկուց մեծացել ես սիրո և ներդաշնակության մեջ, մնացած այդ փորձություններն ու սիրուց ապրած ցավերը մի տեսակ երկրորդ պլան են մղվում:
– «Մնացած բաներ ասելով»՝ անձնական կյա՞նքը նկատի ունեք:
– Այո, ինձ համար այդպես է:
– Հիմա Դուք Ձե՞զ եք ստում, թե՞ ինձ: Ինչպե՞ս կարող է կնոջ համար անձնական կյանքն ու սեփական ընտանիքը համարվել «մնացած բաներ»:
– Ես երբեք չեմ ստում և ինքնախաբեությամբ էլ չեմ զբաղվում: Դա իմը չէ: Ինձ հաճախ ասում են, որ այնքան եմ անկեղծանում, որ արդեն հասնում եմ «չի կարելիի» սահմանը: Արտիստի՛ համար՝ «չի կարելիի» սահմանը: Սակայն ինձ համար գոյություն չունի ուղղակիորեն «չի կարելի» բառը: Ես ասում եմ միայն այն, ինչ իմ հոգում և սրտում է: Իհարկե, Աստված ոչ արասցե, որ ես այդպես էլ չունենամ իմ ընտանիքը, իմ բալիկին: Ավելի շատ՝ իմ բալիկին: Ես այն մարդկանց դասին եմ պատկանում, որ չեմ կարող ուղղակի ամուսնանալ, քանի որ ընտանիք ստեղծելն ինձ համար շատ լուրջ քայլ է: Չեմ կարող զուտ ամուսնանալու համար ամուսնանալ, գնալ մեղրամիս, գալ և բաժանվել:
– Խոսքն անձնագրում կնիք ունենալու և ամուսնացածի կոչման մասին չէ: Ես սիրո մասին եմ հարցնում: Եվ առհասարակ, որքանո՞վ է Ձեզ անհրաժեշտ այդ կնիքը՝ սիրած տղամարդու հետ համատեղ ապրելու համար:
– Այդ դեպքում՝ ասեմ, որ անձնական կյանք միշտ եմ ունեցել: Ինձ համար այդ օրինական ապացույցները՝ կնիքի տեսքով, երբեք նշանակություն չեն ունեցել: Եթե նայենք մեր շուրջը, ապա կտեսնենք բազում «կնիքավոր» ընտանիքներ, որոնք իրականում վաղուց արդեն մեկը մյուսի համար տան կահույքի մաս են հանդիսանում:
– Կարծում եմ՝ խնդիրն այստեղ կնիքի մեջ չէ, այլ երկու իրար սիրող մարդկանց փոխհարաբերությունների: Մարդիկ կամ անկեղծ են իրենց զգացմունքների իրական ընկալման հարցում, կամ վախենում են խոստովանել, որ վաղուց արդեն չկա սեր, այլ միայն՝ միասին ապրելու սովորություն:
– Այլ կերպ ասած՝ ինքնախաբեություն: Եթե ես չունենայի իմ անձնական կյանքը, չէին լինի նաև իմ երգերը սիրո մասին: Ես երգում եմ այն, ինչ ապրում եմ հոգով, սրտով, երակներով: Ես շնորհակալ եմ իմ անձնական կյանքում տեղ գտած թե՛ լավ, թե՛ վատ օրերի համար: Իմ երգերը ծնվել են և՛ սիրո բերկրանքից, և՛ սիրուց ապրած ցավերից: