«Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարբեր առարկաներ»

ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է մի խումբ անձանց կողմից 2015թ. ապրիլի 24-ին Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ կազմակերպելու նախապատրաստության փաստի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը։

Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ քրեական գործի շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, խուզարկություններ են կատարվել Ժիրայր Սեֆիլյանի, Գևորգ Սաֆարյանի, Հովհաննես Ղազարյանի, Արամ Հակոբյանի բնակության վայրերում, «Հիմնադիր խորհրդարան նախաձեռնության» Երևանի, Լոռու և Գյումրու մարզային գրասենյակներում, «Շուշիի առանձնակի գումարտակի ազատամարտիկների միություն» ՀԿ գրասենյակում, ինչպես նաև՝ «Սարդարապատ» ՀԿ գրասենյակի ու դրա կարիքների համար օգտագործվող ավտոմեքենայում։

Կատարված խուզարկությամբ հայտնաբերվել են ռազմամթերք հանդիսացող գործարանային արտադրության «Ֆ1» տեսակի մարտական նռնակ՝ իր պայթուցիչով, մարմնական վնասվածքներ պատճառելու համար գործարանային արտադրության և ինքնաշեն եղանակով հարմարեցված շուրջ չորս տասնյակից ավելի մետաղյա և փայտյա ձողեր, մահակներ, մեկական կռփազենք և նունչագի, հինգ դանակ, երկու սուր, մեկ դաշույն, երկու էլեկտրաշոկ, ինչպես նաև՝ կապի միջոցներ, հակագազ և օդազտիչ դիմակ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Վարուժան Ավետիսյանին և Ժիրայր Սեֆիլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 35-225-րդ հոդվածի 1-ին մասո:

Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Տեսանյութեր

Լրահոս