«Եթե իշխանություններն ազատ չարձակեն ՀԽ անդամներին, հայ ժողովրդին ուրիշ բան չի մնալու, քան՝ դիմել Քիմ Քարդաշյանին». Գառնիկ Իսագուլյան
«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը կարծում է՝ այն, ինչ տեղի ունեցավ «100-ամյակը՝ առանց ռեժիմի» շարժման անդամների նկատմամբ, «հոգեվարքի մեջ գտնվող» իշխանության գործելաոճ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով շարժման անդամների վերջին ձերբակալությունների մասին՝ Գ. Իսագուլյանը կարծիք հայտնեց, որ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկելու ժամանակ համապատասխան մարմինները նախևառաջ՝ պետք է ունենան 100%-անոց հավաստի փաստեր, որ նախապատրաստվում է ինչ-որ գործողություն, որը կարող է ունենալ քրեական ծանր հետևանքներ կամ հասարակական բավականին մեծ խառնաշփոթ կարող է առաջացնել:
«Կոնկրետ միջադեպերի հետ կապված՝ մենք տեսնում ենք, որ կանխարգելիչ գործողությունների արդյունքում, երբ խուզարկվեցին «Նախախորհրդարանի» անդամների տները, ըստ էության, այնտեղ քրեական հետապնդելի որևէ բան չհայտնաբերվեց, և այդ մարդիկ որևէ գործողության չէին պատրաստվում»,- ասաց Գ. Իսագուլյանը՝ նկատելով, որ այդ կոչերը չէին կարող հիմք հանդիսանալ, որպեսզի այդ մարդկանց նկատմամբ սկսվեին քրեական հետապնդումները:
Գ. Իսագուլյանը կարծում է՝ իշխանություններն իրենք խախտեցին հանդուրժողականության, համընդհանուր միասնականության, միմյանց նկատմամբ սիրով լցվելու թեզերը. «Ընդհուպ՝ մինչև տեղի ունեցան տարբեր կարգի խոսակցություններ, այն էլ, ոչ ավել, ոչ պակաս, Հանրապետական կուսակցության ԱԺ-ի պատգամավորական խմբակցության քարտուղարի մակարդակով, որ այս անձինք ֆինանսավորվում են թուրքերից ու ադրբեջանցիներից և նրանց փողերով փորձում էին ապրիլի 24-ը խանգարել: Սա արդեն բոլոր չափերի անցում է նշանակում, որովհետև գոնե Ժիրայր Սէֆիլյանը և Պավլիկ Մանուկյանը պատերազմի ժամանակ մասնակցել են բավականին ծանր մարտերի և պատրաստ են եղել իրենց կյանքը տալ հանուն հայրենիքի: Հիմա այդ մարդկանց մեղադրել այդ կարգի մեղքերի մեջ, կարծում եմ, սա որևէ հայի վայել չէ»:
Ըստ Գ. Իսագուլյանի՝ կանխարգելիչ գործողություններն այս պարագայում պետք է լինեին զրույցների մակարդակով, իշխանությունները փորձեին անմիջական զրույցներ ունենալ, եթե չստացվեր՝ ուրիշների միջոցով դա անեին:
«Սա ուղղակի հոգեվարքի մեջ գտնվող իշխանության գործելաոճ է: Ես կոչ եմ անում Հանրապետական կուսակցությանը, ՀՀ նախագահին, իրավապահ մարմիններին՝ ազատ արձակել այդ տղաներին՝ հաշվի առնելով հենց ապրիլի 24-ը: Հուսով եմ, իշխանությունները կանսան այդ խնդրանքին, այլապես կարծում եմ՝ հայ ժողովրդին ուրիշ բան չի մնալու, քան՝ դիմել Քիմ Քարդաշյանին և ասել, որ ինքը համապատասխան միջնորդությամբ դիմի ՀՀ նախագահին, վարչապետին, ԱԺ-ին: Գուցե այդ դեպքում կանսան նրա առաջարկին և կգնան այդ քայլերին»,- ասաց Գ. Իսագուլյանը:
168.am-ի հարցին՝ ըստ Ձեզ՝ իշխանություններն այդ քայլին դիմեցին, որպեսզի զե՞րծ մնան Ցեղասպանության տարելիցի օրը որևէ անկարգությունից, թե՞ իրենց իշխանությունը կորցնելու վտանգ զգացին, Գ.Իսագուլյանն այսպես պատասխանեց.
«Բոլորս հասկանում ենք՝ ինչ ասել է՝ ապրիլի 24: Որևէ ՀՀ քաղաքացի, որ գնում է զոհերի հիշատակը հարգելու, միտված չէ որևէ մեկի կոչին անսալու և գնալու ինչ-որ գործողությունների: Սա մարդիկ կա՛մ գիտակցում են, կա՛մ ոչ: Նորմալ պաշտոնյան կհասկանար, որ նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում՝ այն մարդը, որ գնում է Եղեռնի հիշատակը հարգելու, երբեք այլ գործողության չի գնա: Հետո էլ՝ կազմակերպիչները շատ լավ հասկանում էին, որ եթե այդ օրն ինչ-որ գործողություն անեն, որը դուրս է համընդհանուր արարողությունից, ապա իրենք իսկ կունենան ժողովրդի դատաստանը: Բայց մեր իշխանությունները երևույթների ու գործընթացների նկատմամբ այնքան ոչ ադեկվատ ընկալում ունեն, որ իրենց համար ցանկացած բան որպես իրենց իշխանությանը սպառնացող վտանգ են դիտարկում»:
Մեր հարցին՝ այսինքն՝ իշխանությունները «Հիմնադիր խորհրդարանին» որպես իրական վտանգ ներկայացնող ընդդիմադիր ո՞ւժ են դիտարկում, Գ.Իսագուլյանը պատասխանեց, որ իշխանությունները նման վտանգ տեսնում են ցանկացածի դեպքում, որն արտահայտում է ոչ այն միտքը, որ իրենց պետք է: