«Ինձանից իշխանությունները պահանջել են, և ես տվել եմ 1922թ. սահմանի նկարագրությունը, որտեղ Տիգրանաշենի ու մյուս անկլավների մասին խոսք չկա». Ամատունի Վիրաբյան

Օգոստոսի 20-ին Նիկոլ Փաշինյանն իր հերթական ճեպազրույցի ժամանակ հստակ հայտարարել էր, որ Տիգրանաշենը չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականության մաս։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենն անվանել էր Քյարքի, իսկ այդ հայտարարությունից օրեր անց, կրկին իր ճեպազրույցում, ասել էր, որ եթե Քյարքի չասի, նշանակում է, որ հայկական կողմը պետք է հրաժարվի Ադրբեջանի կողմից Ջերմուկում օկուպացրած տարածքներից։

«Մենք՝ Հայաստանը և Ադրբեջանը, խաղաղություն ենք հաստատել 1991 թվականի Ալմաթայի հռչակագրի հիման վրա։ Ալմաթայի հռչակագրի ընդունման պահին Հայաստանի և Ադրբեջանի տարածքներն արտահայտող քարտեզներ կան, և հենց այդ քարտեզներով ենք Կիրանցի հատվածում իրականացրել սահմանազատումը։ Ըմբռնումն այն է, որ հենց այդ քարտեզներով էլ պետք է շարունակենք սահմանազատման գործընթացը։ Հիմա, այդ քարտեզների համաձայն՝ Արծվաշենը Հայաստանի տարածք է, իսկ Քյարքին, Բարխուդարլուն և Ասկիպարան Հայաստանի տարածք չեն։ Սա փաստ է, որի հետ մենք պետք է առնչվենք։ Հիմա մեր ընկալումն ինչպիսի՞ն է. արդյոք այս հարցը պետք է լուծվի՞, թե՞ ոչ։

Այո՛, այս հարցը պետք է լուծվի։

Արդյոք կա՞ տարբերակ այս հարցերը ռազմական ճանապարհով լուծելու համար. ոչ, չկա՛ այդպիսի տարբերակ»,- ասել էր Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից հետո բազմաթիվ հասարակական-քաղաքական գործիչներ հրապարակային հայտարարեցին, որ եթե Նիկոլ Փաշինյանը Տիգրանաշենը չի ճանաչում որպես ՀՀ տարածք, կարո՞ղ է որևէ պաշտոնական փաստաթուղթ հրապարակել՝ ապացուցելով, որ Տիգրանաշենը հայկական չէ։ Մինչև այս պահը Նիկոլ Փաշինյանը միայն Ալմա Աթայի հռչակագրին է հղում տալիս։

Հայաստանի ազգային արխիվի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Ամատունի Վիրաբյանի խոսքով՝ Ազգային արխիվում և առհասարակ որևէ փաստաթուղթ չկա այն մասին, որ այդ տարածքը եղել է Ադրբեջանի կազմում։

«1922 թվականին Գլխավոր շտաբին ներկայացվել է, որպեսզի կազմեն Հայաստանի և Ադրբեջանի սահմանը։ Երկու երկրների սահմանի ներկայացման ժամանակ ոչ մի փաստաթուղթ չկա անկլավների մասին։ Հետաքրքիրն այն է, որ Արծվաշենն այդ ժամանակ կոչվում էր Բաշքենդ՝ փոքրիկ միջանցքով կապված էր Հայաստանին։

Նույնիսկ 1926 թվականի մարդահամարի ժամանակ այդ, այսպես կոչված՝ այսօրվա «անկլավներում» մարդահամարն անցկացվել է Հայաստանի այն ժամանակվա կենտրոնական ժողովրդատնտեսական հաշվիչ հանձնաժողովի կողմից։

Դրանք որպես անկլավներ՝ քարտեզի վրա հայտնվել են 1970-ականներին, թե ինչ փաստաթղթերի հիման վրա՝ չեմ կարող ասել, քանի որ դրա վերաբերյալ շատ եմ փորձել Ազգային արխիվում փաստաթղթեր գտնել, բայց չեմ գտել»,- 168.am հետ զրույցում ասաց Ամատունի Վիրաբյանը։

Նրա բնորոշմամբ՝ Տիգրանաշենը Հայաստանի մի հատվածը կապում է մյուսին, հետևաբար՝ այն հանձնելուց հետո Հայաստանն ընդմիշտ կորցնում է այդ ճանապարհը և ոչ միայն այդ ճանապարհը, այլև ապագայում կառուցվելիք այլընտրանքային ճանապարհները։

«Այդ ճանապարհները հայտնվելու են հակառակորդի տեսադաշտում, ես հակառակորդ եմ անվանում, ուրիշները թող բարեկամ անվանեն։

Ինձանից իշխանությունները պահանջել են, և ես տվել եմ 1922 թվականի սահմանի նկարագրությունը՝ Հայաստանի և Ադրբեջանի, որտեղ ոչ միայն Տիգրանաշենի, այլև Իջևանում ու Նոյեմբերյանում գտնվող երկու անկլավների մասին խոսք չկա։ Ես այդ ամենը ներկայացրել եմ այն ժամանակ, երբ դեռ ինձ աշխատանքից չէին ազատել։ Արտաքին գործերի նախարարության մի հանձնաժողով կար, այդ հանձնաժողովում ևս ամեն ինչ ասել եմ»,- հավելեց Ամատունի Վիրաբյանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31