
Կործանված Airbus A320 օդանավի երկրորդ օդաչուն միզամուղ է լցրել հրամանատարի սուրճի մեջ. Express

Գերմանական Express պարբերականի փոխանցմամբ` քննիչները պարզել են, որ մարտի 24-ին Ֆրանսիայի հարավում կործանված Germanwings ավիաընկերության Airbus A320 օդանավի երկրորդ օդաչու Անդրեաս Լուբիցը թռիչքի նախօրեին համացանցում տեղեկատվություն է փնտրել միզամուղի էֆեկտ ունեցող դեղորայքի մասին:
Այս տեղեկատվությունը պարբերականին հայտնել է հետաքննության հետ կապված անձը, որի անունը չի հրապարակվում: Դյուսելդորֆի դատախազությունը հրաժարվել է մեկնաբանել այս տեղեկատվությունը:
Միևնույն ժամանակ պարբերականն ընդգծել է, որ նման դեղորայքի օգտագործումը կարող է վկայել այն մասին, թե Անդրեաս Լյուբիցը որքան մանրակրկիտ է պատրաստվել այդ ավիաաղետին:
Նա միզամուղը լցրել է օդանավի հրամանատարի սուրճի մեջ և սպասել է այնքան, մինչև որ նա լքի օդաչուների սենյակը` արտաքնոց գնալու համար: Այդ ժամանակ Լյուբիցը ներսից փակել է օդաչուների սենյակի դուռը և օդանավն ուղղել է դեպի վար, ինչի հետևանքով այն բախվել է ժայռին:
Ավիաաղետի հետևանքով զոհվել է 150 մարդ, որոնցից 144-ն ուղևորներ էին, իսկ 6-ը` օդանավի անձնակազմի անդամներ: