Ի՞նչ ուղերձով հանդես կգա Էրդողանն ապրիլի 23-ին
«Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի քաղաքականությունից անակնկալներ պետք չէ սպասել»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» թերթի հայկական բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը` անդրադառնալով Ցեղասպանության 100-րդ տարելիցի գլխավոր միջոցառմանն ընդառաջ՝ Թուրքիայի նոր ուղերձի հնարավորության մասին՝ Էրդողանի դիտարկումներին:
Նա նշեց, որ թեև տեղյակ չէ` այս անգամ ինչ խոստումներով է հանդես եկել Թուրքիայի նախագահը, ապրիլի 23-ին նրա հնարավոր ուղերձից բեկումնային սպասելիքներ չունի կամ հայկական պահանջատիրությունը բավարարող հայտարարություններ չի ակնկալում` հաշվի առնելով Էրդողանի հայատյաց քաղաքականությունը: Էստուկյանը հիշեցրեց Էրդողանի անցյալ տարվա ապրիլքսանչորսյան հայտարարություն-ցավակցություն-ուղերձը՝ մասնավորեցնելով, որ Էրդողանն իր ցավակցությունն ուղղել էր Առաջին աշխարհամարտի բոլոր զոհերի հարազատներին, և ոչ՝ Հայոց ցեղասպանության զոհերի հարազատներին: «Այս տարի, բնականաբար, ես ավելիի սպասումներ չունեմ, բացարձակապես ոչինչ չեմ ակնկալում, հատկապես՝ այն բանից հետո, երբ նա որոշեց Առաջին աշխարհամարտի ընթացքում տեղի ունեցած Գալիպոլիի պատերազմի հաղթանակն ապրիլի 24-ին տոնել՝ աշխարհի տարբեր երկրների առաջնորդներին հրավիրելով մասնակցել միջոցառմանը»,- ասաց Էստուկյանը` Էրդողանի այդ նախաձեռնությունը որակելով՝ «խայտառակ»:
Նրա համոզմամբ` Էրդողանի խայտառակ խաղերից հետո ոչինչ չի կարելի սպասել: Թեև, Էստուկյանի խոսքով, ի տարբերություն իշխանությունների քաղաքականության, հասարակությունը տարեցտարի ավելի ու ավելի հանդուրժող է դառնում հայերի և Հայոց ցեղասպանության հարցի նկատմամբ` միանալով ժխտողականության դեմ միջոցառումներին և հայկական պահանջատիրությանը Թաքսիմի հրապարակում:
Խոսելով Թուրքիայում Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին անցկացվելիք միջոցառումների մասին` նա վստահեցրեց, որ այս տարի ավելի փառահեղ միջոցառումներ են կազմակերպվելու, ավելի մեծ մասնակցությամբ, ավելի զանգվածային:
«Թուրքիայի 28 տարբեր քաղաքներում հիշատակման միջոցառումներ են կազմակերպվելու, այդ քաղաքներից երկուսում` Ստամբուլում և Դիարբեքիրում, երթ է կազմակերպվելու, և, բացի երթերից, Ստամբուլի Թաքսիմ հրապարակում կայանալու է ավանդական հանրահավաքը, որն այս տարի ավելի մասշտաբային է լինելու: Գեղարվեստական մշակութային այլ նախաձեռնություններ ևս կան, Ցեղասպանությանը նվիրված համերգներ են անցկացվելու, որոնք սկսվելու են ապրիլի 20-ական օրերից՝ շարունակվելով մինչև ամսվա վերջ: Բայց այդ ամենի գագաթնակետն է լինելու ապրիլի 24-ի երեկոյան 19:15-ը՝ Թաքսիմի հրապարակում, ժամն էլ ընտրված է հատկանշականորեն»,- ասաց Էստուկյանը:
Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահն Իրանից Թուրքիա վերադարձի ժամանակ խոսել է Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ՝ Թուրքիայի նոր ուղերձի հնարավորության, Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի միջոցառումների, «ԱՍԱԼԱ-ի սպառնալիքների» մասին: Նա չի բացառել նոր ուղերձի հնարավորությունը:
«1915 թվականի դեպքերի 100-րդ տարելիցի կապակցությամբ՝ հայերը միջազգային մակարդակում շատ լավ են պատրաստվել, սակայն անցյալ տարի մեր հղած ցավակցական ուղերձը (Էրդողանի ապրիլքսանչորսյան ուղերձը.-Ա. Մ.) շատ հարցեր լուծեց: Այս տարի Թուրքիան ինչպիսի՞ մարտավարություն է կիրառելու» հարցին Էրդողանը պատասխանել է.
«Այս տարվա ուղերձը, տա Աստված, ապրիլի 23-ին Ստամբուլում խաղաղության ժողովի ժամանակ ենք հղելու: Առաջին օրը Ստամբուլում խաղաղության ժողովն է լինելու, հաջորդ օրն էլ մեկնելու ենք Դարդանել: Երրորդ օրն էլ, Ավստրալիայի և Նոր Զելանդիայի ղեկավարների հետ միասին, արարողություն ենք անցկացնելու»: