Բաժիններ՝

«Երեխու կենդանության օրոք իրենք ոչ մի բան չեն արել,  հիմա բժիշկների կամ դատաբժիշկների պրոֆեսիոնալիզմը դնում են կասկածի տակ». մահացածի հայր

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանն այսօր մերժեց Արաբկիր բժշկական կենտրոնում մահացած  Լիա Միսակյանի գործով ամբաստանյալ Զարինե Այվազյանի պաշտպան Երեմ Սարգսյանի միջնորդությունը` դատարան հրավիրել և հարցաքննել առաջին հանձնաժողովային փորձաքննություն իրականացրած Արգամ Հովսեփյանին:

Դատարանում Երեմ Սարգսյանն ասաց, որ երկու հանձնաժողովային փորձաքննություն է անցկացվել, երկուսն էլ նշանակվել են գործի նյութերով, փորձագետներին տրամադրվել են քրեական գործի նյութերը: Ըստ փաստաբանի` Փորձաքննությունների ազգային բյուրոյի կողմից իրականացված փորձաքննության շրջանակներում հղում է կատարվել նաև քրեական գործի նյութերին: Երեմ Սարգսյանն ասաց, որ մյուս փորձաքննությունը, որն իրականացվել է Գագիկ Հարությունյանի նախագահությամբ, կրկին նշվել է գործի նյութերով, սակայն գործի նյութերին բացարձակապես հղում չի կատարվել, ավելին, նշվել է, որ 2013թ. հունվարի 1-ի դրությամբ բացարձակապես որևէ գործողություն չի կատարվել` չնայած, ըստ փաստաբանի՝ գործի նյութերում հակառակը հաստատող բազմաթիվ ապացույցներ կային:

Երեմ Սարգսյանի խոսքով` երբ դատարանում այդ կապակցությամբ Գագիկ Հարությունյանին հարցրել են, թե ինչու գործի նյութերի վրա չեն հիմնվել, նա նաև նշել է, որ նման կարգ չկա, դա սխալ է: Փաստաբանի խոսքով` հանձնաժողովի նախագահին պետք է հրավիրել դատարան` պարզաբանելու համար, թե ինչ իրավական ակտերի հիման վրա են նրանք ղեկավարվել գործի նյութերով` նաև կոնկրետ փաստական հանգամանքներ հաստատելու համար: Գործով դատախազ Դավիթ Կարապետյանն ասաց, որ միջնորդությունը ենթակա է մերժման: Նրա խոսքով` առաջնային փորձաքննություն իրականացրած գրեթե բոլոր փորձագետները հարցաքննվել են, պաշտպանական կողմը հնարավորություն է ունեցել նրանց հարցեր տալու: Դատախազն ասաց նաև, որ երկրորդ հանձնաժողովային փորձաքննության եզրակացությունից ակնհայտ է, որ բազմաթիվ նշումներ կան քրեական գործի նյութերից:

Նա նշեց նաև, որ իր համար հասկանալի չէ, թե՝ եթե Արգամ Հովսեփյանը դատարան գա և ասի, որ եզրակացությունում արձանագրել է քրեական գործի տարբեր նյութեր, ապա ինչպե՞ս է դրանով երկրորդ հանձնաժողովային փորձաքննությունը դառնալու ոչ արժանահավատ: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Սաքունցը ևս առարկեց միջնորդության դեմ` նշելով, որ մի հանձնաժողովի անդամների միջոցով մյուս հանձնաժողովի եզրակացությունը կասկածի տակ դնելու տակտիկան ոչ հիմնավոր է համարում: Մերժելով միջնորդությունը` դատարանը նշեց, որ այն անհիմն է, այդ հանձնաժողովի անդամները հրավիրվել և հարցաքննվել են, դատարանում հետազոտվել են մյուս եզրակացությունները, նման պայմաններում հանձնաժողովի նախագահին հրավիրելու և հարցաքննելու անհրաժեշտությունը բացակայում է, և ձեռք բերված տվյալները բավարար են համապատասխան եզրակացության հանգելու համար: Երեմ Սարգսյանն էլ հայտարարեց, որ դատարանի կողմից հերթական անգամ խախտվեց ամբաստանյալների արդար դատաքննության իրավունքը, մրցակցության, հավասարության սկզբունքը: Դատական նիստի ընթացքում Երեմ Սարգսյանը նշեց, որ հարցում է կատարել «Արաբկիր» բկ, որտեղից հայտնել են, որ նրա պաշտպանյալ Զարինե Այվազյանը 2013թ. հունվարի 1-ից հետո շարունակում է աշխատել բժշկական կենտրոնում  մեկ ամբողջ հաստիքով, նրա հսկողության տակ են գտնվում բրոնխիալ ասթմայով բազմաթիվ հիվանդներ:

Կարդացեք նաև

«Արաբկիր» բկ-ից հայտնել էին, որ Զ. Այվազյանը բժշկական օգնություն ցուցաբերելով բազմաթիվ հիվանդների` իր աշխատանքը կատարում է պարտաճանաչ, հիվանդների ծնողների կողմից ոչ մի անգամ չեն արձանագրվել դժգոհություններ, եղել են նրանց կողմից շնորհակալագրեր, մասնակցում է նաև գիտական աշխատանքների, կոնֆերանսների, սեմինարների, վայելում է գործընկերների հարգանքը:

Դատական նիստի ընթացքում Երեմ Սարգսյանը բացարկ ներկայացրեց դիակի դատաբժշկական փորձաքնությունն իրականացրած փորձագետին, ինչպես նաև միջնորդեց հաստատել փորձաքննության` որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը հաստատելու մասին: Փաստաբանը նշեց, որ մեղադրական եզրակացության հիմքում դրված է նաև փորձագետի կողմից կատարված դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացությունը, որը հիմք է ընդունվել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն իրականացնող փորձագետների կողմից: Փաստաբանի խոսքով` եզրակացությունը որպես ապացույց՝ անթույլատրելի նյութ է, ինչպես նաև՝ փորձագետը չի տիրապետում համապատասխան բնագավառի հատուկ մասնագիտական գիտելիքների: Նրա խոսքով` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն` մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց չեն կարող օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման էական կարգի խախտմամբ:

Փաստաբանն ասաց, որ ՀՀ առողջապահության նախարարի հրամանի համաձայն` սահմանված են դատաբժշկական փորձաքննությունների կազմակերպման չափորոշիչները, սակայն փորձաքննություն կատարելիս՝ դրանց մի մասը չի պահպանվել: Մասնավորապես, ըստ նրա, փորձագետի եզրակացությունում բացակայում են հիմնավորումները. «Հենց փորձաքննության կատարման կարգի ակնհայտ և էական բազմաթիվ խախտումներից և դրա կատարման ընթացքում թույլ տրված թերություններից առավել, քան ակնհայտ է, որ փորձագետի կողմից նշված հետևությունները հեռու են հիմնավորված լինելուց, ինչն առավել հաստատվեց հենց դատարանում փորձագետի հարցաքննության ընթացքում, ով ուղղակիորեն հաստատեց, որ տեղյակ չէ փորձաքննության կատարման կարգը սահմանող վերոնշյալ չափանիշից, հետևաբար՝ չի ղեկավարվել դրանով, ինչպես նաև՝ հաստատեց, որ փորձաքննության կատարման ընթացքում չեն կատարվել այդ չափորոշիչով սահմանված մի շարք պարտադիր հետազոտություններ»:

Փաստաբանի խոսքով` ըստ եզրակացության` վերցվել և հետազոտվել է 2 կտոր թոք, այնինչ, չափորոշիչների համաձայն` թոքերից պետք է վերցնել 5 կտոր, առողջ և փոփոխված կտորներից` մեկական կտոր: Բացի դա, ըստ փաստաբանի` երբ դատարանում ինքը նշել է չափորոշիչով սահմանված հետազոտությունների մասին, փորձագետը նշել է, որ դրանց մասին առաջին անգամ է լսում: Փաստաբանը մատնանշեց նաև, իր կարծիքով՝ այլ թերություններ: Ամբաստանյալ Լիլիթ Վարդանյանի պաշտպան Գիվի Հովհաննիսյանը միացավ միջնորդությանը, իսկ մեղադրողն ու տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչներն առարկեցին միջնորդության դեմ: Մահացած Լիա Միսակյանի հայրն էլ ասաց. «2 թե 5 կտոր, ինձ թվում է, այդքան էլ էական չէ: Հասկանանք, որ մեր «բժիշկները», երբ հարցնում են` ինչի՞ համար չեք արել անալիզ, իրենք ասում են` մենք կարծում ենք՝ պետք չէ: Երեխու կենդանության օրոք իրենք ոչ մի բան չեն արել, իսկ արդեն մահացած ժամանակ 2 թե 5 կտոր են վերցրել, հիմա բժիշկների կամ դատաբժիշկների պրոֆեսիոնալիզմը դնում են կասկածի տակ: Պետք է այն ժամանակ անեիք»:

Դատարանն այժմ խորհրդակցական սենյակում է` միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս