
Կրեմլը փորձում է ռուսաստանցիների հիշողությունից ջնջել Բորիս Նեմցովի անունը. The Economist

Բրիտանական The Economist պարբերականի փոխանցմամբ` Կրեմլը փորձում է ռուսաստանցիների հիշողությունից ջնջել ընդդիմադիր գործիչ Բորիս Նեմցովի անունը, ով Մոսկվայում սպանվեց այս տարվա փետրվարի վերջին.
«Դեռևս ԽՍՀՄ-ի ժամանակներում կոմունիստական կուսակցությունն իրականացնում էր «մաքրումներ»` վերացնելով ոչ ձեռնտու անդամների անգամ լուսանկարները, կարծես թե, նրանք ընդհանրապես գոյություն չեն էլ ունեցել: Թվում է, թե Կրեմլն այժմ փորձում է նույն կերպ վարվել Բորիս Նեմցովի հետ:
Նախ Կրեմլի քաղտեխնոլոգները փորձեցին Նեմցովի սպանության վրայից ուշադրությունը շեղել նախագահ Վլադիմիր Պուտինի հանկարծակի անհետացմամբ: 10 օր անց նախագահը հաղթականորեն վերադարձավ ու տոնեց Ղրիմի օկուպացման մեկամյակն այն տեղում, ուր սպանվել էր ընդդիմադիրը:
Իսկ ոգևորված ամբոխն այնպես էր գոռգոռում «Ռուսաստան, Ռուսաստան», որ, կարծես թե, երբեք չէր էլ եղել Ուկրաինայի դեմ պատերազմ սանձազերծելու կապակցությամբ Նեմցովի ու նրա քննադատությունների մասին հիշատակը:
Մարտի 27-ի գիշերը, երբ լրացավ Նեմցովի մահվանը հաջորդած մեկ ամիսը, իշխանությունները կարգադրեցին ծաղիկներից ու լուսանկարներից մաքրել այն կամուրջը, որի վրա տեղի էր ունեցել սպանությունը:
Նեմցովը կարող էր մնալ քաղաքականությունում` չնայած նրան, որ պետական քարոզչությունը նրան անվանում է օտար գործակալ և հինգերորդ շարասյուն: Սակայն մահվանից հետո Նեմցովի պայքարը կարող է դառնալ անգամ ավելի ուժ, քան կյանքի ընթացքում էր:
Բորիս Ելցինը նրան դիտարկում էր որպես Ռուսաստանի հնարավոր լիբերալ նախագահ, մինչդեռ այժմ Նեմցովը կարող է Ռուսաստանում դառնալ չկատարված խոստումների խորհրդանիշ»: