«Չեմ հասկանում՝ ինչո՞ւ է ՀՀ նախագահը կամ վարչապետը գազի գին քննարկում»
Պատգամավոր Հրանտ Բագրատյանն այսօր ԱԺ նիստում հայտարարեց, որ ՀՀ գազամատակարարման համակարգի գործունեությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողովի եզրակացությունում վերլուծությունը քիչ է, նկարագրական հատվածն է շատ, բայց դա էլ լավ է, քան ոչինչը: Ըստ նրա՝ ամենամեծ խնդիրը ներդրումներն են: Հ.Բագրատյանի խոսքով՝ էլաստիկությունը վաղուց 1-ից ցածր է, այսինքն՝ ցանկացած միավոր գազաֆիկացում բերում է միավորից քիչ սպառման նվազում:
«Երբ մոնոպոլիստին տայինք, ավելի շատ կմտածեր, որ շատ գազ ծախեմ՝ շատ փող ստանամ, քիչ ծախեմ՝ քիչ կստանամ: Ես չեմ հասկանում, թե ինչո՞ւ է ՀՀ նախագահը կամ վարչապետը գազի գին քննարկում: Առաջ ռուսները ծախում էին հայերին, հիմա ռուսները վաճառում են ռուսներին: Ինչի՞ եք էդ արանքը խցկվում, եթե բոլորը ռուսներ են: Դա դուրս է սակագինը հաստատող հանձնաժողովի գործառույթից»,- ասաց Հ.Բագրատյանը:
Նա նշեց, որ ՀՀ-ն սահմանին գազը ստանում է 164 դոլարով (առանց ԱԱՀ), ուկրաինական գազի գինը երկու անգամ իջեցվել է, Ուկրաինայում ապրիլից մտցրել են նոր գներ՝ 240-ով ստանում են սահամնին, սպառողին տալիս 270 դոլարով այն դեպքում, երբ դեռ մաքս են վճարում: Հ.Բագրատյանը նշեց, որ ներդրումները, որ մեզ պետք չեն, 15-20 դրամով թանակցնում են սակագինը, 15 դրամով գազը թանկանում է աշխատավարձի հաշվին: Նա դժգոհեց, որ եթե ընկերությունն ուզում է բարձր աշխատավարձ տալ, թող իր շահույթից տա: Ըստ պատգամավորի՝ գազի կորուստները ՀՀ-ում անհամեմատ բարձր են` 7-8%, երբ որ Ուկրաինայում 3% է. «Էդտեղ ակտկատ կա երևի, հա՞, ինչի՞ եք էդ կորուստները հաստատում»:
«Այս վիճակից դուրս գալու համար վե՛րջ տվեք գազի գնի բանակցությանը, վե՛րջ տվեք գազի գնի հաստատմանը: Մենք որպես ի՞նչ ենք հաստատում: Թողե՛ք մոնոպոլիստը ինչպես ուզում է անի: Հանրապետության տնտեսությունը չի կարող առաջադիմել նման բարձր սակագների պարագայում: Եվ, դժբախտաբար, ես վստահ եմ, ռուսները ավելի խղճով դուրս կգան, քան մեր չինովնիկները, որ ասում են մի բան ավել հաստատեմ, որ ինչ-որ մի բան գա ինձ»,- ասաց Հ.Բագրատյանը: